Թուրքիան վիշապ է. Վրաց-թուրքական «եղբայրության» հերթական օրինակը


Թուրքիան վիշապ է. Վրաց-թուրքական «եղբայրության» հերթական օրինակը

  • 02-12-2014 18:39:45   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
 
«Շատ հազարամյակների ընթացքում Քուռը համարվել է Վրաստանի գլխավոր գետը: Եվ այդ անցած դարերի ընթացքում վրաց ազգը պատկերացնել անգամ չէր կարող, որ կգա օրը, երբ նա կկորցնի իր գլխավոր գետը… Նույնիսկ մեր օրերում, երբ անհնարին բան գոյություն չունի, այն միտքը, որ Վրաստանը կարող է կորցնել Քուռը, ավելի շատ նման է ինչ-որ մեկի չար կատակի… Մինչդեռ, դա բոլորովին էլ կատակ չէ, և դա արդեն կատարվում է:
Ահա արդեն երկու շաբաթ է, ինչ Ասպինձայում` թուրք-վրացական սահմանից ոչ հեռու, Քուռը կորել է:  Առաջինը խուճապ են բարձրացրել տեղի բնակիչները: Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ վաղ առավոտյան արթնանալով նրանք նկատել են, որ Քռի ջուրն այլևս չկա…», -այսպես է սկսվում «Քուռը կանհետանա՞» վերնագրով հոդվածը` հրապարակված վրացալեզու «Կվիրիս պալիտրա» թերթի դեկտեմբերի մեկյան համարում:
«Սամցխե-Ջավախքի բնակչությունը ծայրահեղ անհանգստացած է, որ Քուռը սկսել է ցամաքել: Ինչպես հայտնում են տեղի բնակիչները, գետի ջրի մակարդակն իջնում է օրեցօր: Ասպինձայի մունիցիպալիետետի բնակչությունը հստակ չգիտի Քռի ցամաքելու պատճառը, մինչդեռ նրանք ենթադրում են, որ գետի անհետացումը կապված է ինչ-որ շինարարության հետ, որը տարվում է Թուրքիայի տարածքում… «Վրաստանի Կառավարությունն ժամանակին պետք է փորձեր լուծել խնդիրը և պետք է բանակցություններ վարերԹուրքիայի հետ»:
«Եթե Քռի ջրի մակարդակը շարունակի իջնել, ապա երկիրը կկանգնի էկոլոգիական ողբերգության առաջ: Ձուկը գետում կմահանա… Ավելին, Քուռի ջրով մենք ոռոգում ենք մեր հողերը: Եթե Քուռը անհետանա, մենք չգիտենք, թե մեզ հետ ինչ կլինի…», -«Akhaltskha.net» տեղեկատվական կենտրոնի հետ զրույցում պատմել է Ասպինձայի մունիցիպալիտետի, Սամցխե-Ջավախք շրջանի Փիա գյուղի բնակիչը:
Ուրեմն, ի՞նչ է կատարվում…
2011թ. Թուրքիայի կառավարությունը հայտնել է, որ Արդահանի նահանգում ծրագրում է կառուցել խոշոր «Բեշիկայա ՀԷԿ» Քուռ գետի վրա: Ինչպես հայտնի է, Քուռ գետը, որի ակունքները գտնվում են Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված Հայկական լեռնաշխարհում, հոսում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքով և միանում է Կասպից ծովին: Մինչդեռ «Բեշիկայա» ՀԷԿ-ի շինարարության նախագծի պայմանների համաձայն` Քուռի ընթացքը կփոփոխվի և նա կմիանա ոչ թե Կասպից ծովին, այլ Սև ծովին:
Թուրքական կողմից Քռի ընթացքը փոխելու մասին գաղափարը հնչեցվելուց անմիջապես հետո տվյալ թեման ակտիվորեն սկսեց քննարկվել վրաց հասարակության բոլոր շերտերում: Եվ դա հասկանալի է, չէ՞ որ բացի պատմամշակութային նշանակությունից Քուռը երկրի արևելյան շրջանների համար մեծ տնտեսական նշանակություն ունեցող հիմնական ջրային զարկերակն է… Վրաստանի Կառավարությունը սկսել է ելքեր փնտրել վտանգավոր դրությունից, որը ստեղծել է իր «ռազմավարական դաշնակիցն ու եղբայրը»` Թուրքիան:
Իր հերթին անհրաժեշտ է հիշեցնել, որ թուրքերը արդեն շատ վաղուց և «լավ» յուրացրել են ջրային ռեսուրսների հետ կապված սպառնալիքի և նենգաշորթության մեթոդը… Բավական է հիշել «Աթաթուրք» ՀԷԿ-ի շինարարությունը Եփրատ գետի վրա: Կառուցելով այդ «պատնեշ» -ՀԷԿ-ը` Թուրքիան զրկեց գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքը (Սիրիա, Իրաք, Հորդանան, Իսրայել) կենսականորեն կարևոր ռեսուրսից` ջրից: «Վիշապի» քաղաքականությունը, որը նվաճում էր աղբյուրները և թույլ չէր տալիս որևէ մեկին մոտենալ, դարձել է թուրքերի` հարևան երկրների հետ «ընկերության և համագործակցության» քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:
Օգտագործելով ջրային ռեսուրսները` բռնագրավված Հայկական Լեռնաշխարհի հարստությունը, թուրքերը լուծում են ոչ միայն ներտնտեսական բնույթի հարցեր, այլև ճնշում են գործադրում հարևան երկրների վրա: Ստիպում են նրանց մեծ փոխզիջումների գնալ… Բայց վերադառնանք Քռին:
Այն տարիներին (2011-12թթ.) տարածված տեղեկությունների համաձայն` Վրաստանի Կառավարությունն առաջարկել է Թուրքիային այլընտրանքային տարբերակ: Մասամբ, Թուրքիայի էներգոհամակարգի սղությունը լրացնելու համար և Վրաստանում Քուռ գետի անհետացումը կանխելու համար Վրաստանի Կառավարությունը առաջարկել է Թուրքիային ՀԷԿ կառուցել Վրաստանի տարածքում, իսկ ստացված էլեկտրոէներգիան ամբողջությամբ տալ Թուրքիային: Եթե ուղիղ ասենք, ապա Վրաստանի Կառավարությունը թուրքերին ասել է «մի´ զրկեք մեզ Քռից, իսկ փոխարենը մենք թույլ կտանք ձեզ անսահմանափակորեն օգտվել մեր բնական ռեսուրսներից: Շատ նման է «փոխում ենք մերը մեր սեփականով» գործարքին…»
Դե´ ի՞նչ, գուցե այնքան էլ արդար չէ, բայց կարևորը, որ Վրաստանի և Թուրքիայի միջև «ռազմավարական համգործակցության և եղբայրությանը» հատուկ ոգով է:
Դատելով ամեն ինչից` գործարքը հաջողվել է, քանի որ Թուրքիան հայտարարել է, որ ինքը կշարունակի «Բեշիկայա-ՀԷԿ»-ի շինարարությունը, բայց չի վերցնի Քռի ամբողջ ջուրը և կսահմանափակվի ընդամնեը գետի ջրային ռեսուրսների մեկ երրորդ մասով: Այդ նույն ժամանակահատվածում Վրաստանի տարածքում ակտիավացել է «Փարվանա ՀԷԿ»-ի շինարարությունը, որն ավարտվել է 2014թ. հոկտեմբերին:
«Ամբողջ պատմության ընթացքում «Փարվանա ՀԷԿ»-ի շինարարությունը դարձել է առաջին ներդրումը, որի շնորհիվ Թուրքիայի էներգոհամակարգը կլրացվի հարևան երկրների բնական ռեսուրսների հաշվին», -ասված է թուրքական «Անադոլու Գրուպ» ընկերության հայտարարությունում, որը Սամցխե-Ջավախքի տարածքում իրականցնում էր «Փարվանա ՀԷԿ-ի» շինարարական աշխատանքները:
Վերադառնալով վերջին օրերին Քուռ գետի «անհետացման» թեմային` հավելենք, որ այդ հարցի շուրջ մեկնաբանություն է արել Վրաստանի Բնապահպանության և Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը, որի տեքստն առանց փոփոխությունների առաջարկում ենք հարգելի ընթերցողին.
«Թուրքական կողմի հետ շփման արդունքում հայտնի է դարձել, որ ձմռան մոտեցման կապակցությամբ թուրքական կողմը լրացնում է իր ջրամբարները: Համապատասխանաբար, Քուռ գետի ջրի մակարդակի անկումը կապված է հենց դրա հետ և ոչ թե Թուրքիայի տարածքում ՀԷԿ-ի կառուցմամբ: Այստեղ ևեթ ցանկանում ենք նշել, որ Թուրքիայի հետ համագործակցության արդյունքում նախապարաստվում է ստորագրել մեմորանդում, որի պայմանների համաձայն` հետագայում արգելված կլինի միակողմանի կարգով որոշում ընդունել տվյալ հարցի շուրջ: Ոչ պաշտոնական ալիքներով տարածված տեղեկությունների վերստուգման նպատակով Վրաստանի Բնապահպանության նախարարությունը Վրաստանի Արտաքին Գործերի նախարարության միջամտությամբ արդեն ուղարկել է համապատասխան նամակ թուրք գործընկերներին: Մի քանի օրվա ընթացքում մենք սպասում ենք մեր նամակի պատասխանին: Վրաստանի տարածքում Քուռ գետը լցվում է շատ ավելի մեծ ջրային ծավալով, քան մտնում է Թուրքիայից, և համապատասխանաբար այս օրերին հաստատված ջրի մակարդակի ժամանակավոր անկումը մեզ համար լուրջ վտանգ չի սպառնում», -ասված է Վրաստանի Բնապահպանության նախարարության հայտարարությունում:
 
http://armenian-community.ge/News/942?lang=arm
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play