Մրցանակները հանձնել են Վեհափառն ու նախարարը


Մրցանակները հանձնել են Վեհափառն ու նախարարը

  • 16-12-2014 17:07:53   | Արմավիրի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը մասնակցել են "Ավետարանական առակները հայ դպրոցում" հանրապետական մրցույթի ամփոփմանը: Վեհափառն ու նախարարը մրցույթի հաղթողներին հանձնել են մրցանակներ, ունկնդրել երեխաների կատարմամբ առակների բեմականացումը:
Կարևորելով  ՀՀ ԿԳՆ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի "Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի" համատեղ նախաձեռնությունը` Վեհափառ Հայրապետը նշել է, որ յուրաքանչյուր տարի Մայր Աթոռը ջանում է դպրոցահասակ երեխաներին մասնակից դարձնել այնպիսի իրադարձության, որպեսզի նրանք  հարաբերվեն պատմական ազգային կյանքին առնչվող երևույթների հետ: "Ընտրում ենք նաև հոգևոր կյանքին առնչվող թեմաներ` մատաղ սերնդին Աստվածաշնչյան իմաստությանը հաղորդ դարձնելու նպատակով: Այս տարի ընտրված են առակները, որոնք նաև իմաստություն և արժեքներ են սերմանում: Մենք ուրախ ենք, որ դպրոցներում ավանդույթ են դարձել այս կարգի միջոցառումները և  նկատելի է, որ տարեցտարի ավելի շատ թվով դպրոցներ մասնակցություն են բերում  կրթության նախարարության հետ համատեղ կազմակերպած մրցույթներին: Նպատակը մեր զավակներին խրախուսելն է, որպեսզի նրանք մեծանան`  որպես արժանավոր զավակներ և   իրենց օգտակարությունը բերեն  մեր հայրենիքին և մեր ժողովրդին",- իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր խոսքում ընդգծել է. "Պատահական չէ, որ ՀՀ ԿԳ նախարարությունը ավանադաբար արդյունավետ  համագործակցում է Մայր եկեղեցու հետ: Կրթության գործի կազմակերպման առումով փաստացի նախարարությունը Մայր Աթոռի կրթական առաքելության իրավահաջորդն է, քանի որ դարեր շարունակ կրթության և գիտելիքի լույսը  սփռվել է եկեղեցու համակարգում գործող դպրոցների  շնորհիվ: Չմոռանանք, որ հայոց գրերի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշոտցը նույնպես հոգևորական է եղել, ում հայ եկեղեցին սուրբ է ճանաչել: Այնքան խորն է կրթության և հոգևոր կյանքի կապը, որ անիմաստ է այսօր մեզ մեղադրել, որ  չենք կարողանում հրաժարվել եկեցեղու հետ հոգևոր մեծ կապից":  Ա. Աշոտյանը նաև  հավելել է, որ քրիստոնեական առակները իմաստության անսպառ պաշար են, որոնք շատ կարևոր են երեխաների դաստիարակության համար՝  բարեպաշտ և արժանավոր սերունդ կրթելու տեսանկյունից:  
"Ավետարանական առակները հայ դպրոցում" հանրապետական մրցույթը, համաձայն ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի, անցկացվել է ՀՀ հանրակրթական դպորցներում: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացել են մրցույթի տարածաշրջանային ընտրական և մարզային փուլերը, որոնց   մասնակցել են ավելի քան 800 դպրոցներ: Դեկտեմբերի 8-10-ը Մայր Աթոռում կայացած հանրապետական փուլին մասնակցել են հանրապետության 15 լավագույն դպրոցները: Մրցանակներն հանձնվել են "Լավագույն կատարում", "Լավագույն բեմադրություն", "Լավագույն սցենար", "Հայրապետական մրցանակ" անվանակարգերում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play