WiFi ցանց` գրադարաններում


WiFi ցանց` գրադարաններում

  • 05-02-2015 18:04:28   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով է ապահովել մայրաքաղաքում ծանրաբեռնված սպասարկում իրականացնող գրադարանները: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi-Fi անկյուններ: Տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 13 հատ 3G երթուղիչ: 
 
Պետության և մասնավոր հատվածի այս համագործակցության հիմքում ընթերցասեր հասարակությանն ընդառաջելու ցանկությունն է: Ծրագիրը թիրախային խմբին` երիտասարդ սերնդին, հասանելի է դարձնում նորարարական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը: Համացանցի տեղեկատվական հզոր բազայից օգտվողների թիվը տարեցտարի ավելանում է: Վիճակագրական տվյալներով, միայն անցյալ  տարվա ընթացքում, շուրջ 13 հազարով ավելացել է նշված գրադարաններ այցելությունների և առկա հնարավորություններից օգտվողների թիվը: Ծրագրի տարեկան արժեքը կազմում է ավելի քան 2,4 մլն դրամ: Այս գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն դրամ:
 
Հաշվի առնելով  արդյունավետությունը` համագործակցող կողմերը որոշել են ընդլայնել ծրագիրը: Ընթացիկ տարում նախատեսվում է ինտերնետ հասանելության սարքերով ապահովել մշակութային ևս 4 օջախ. Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ