ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ուրուգվայի «Նիրեա» ընկերության պատվիրակությանը


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ուրուգվայի «Նիրեա» ընկերության պատվիրակությանը

  • 16-02-2015 15:03:35   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ուրուգվայի «Նիրեա» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Գաստոն Սկայոլան:
 
Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում կարելի է հասնել զգալի հաջողությունների: Միաժամանակ նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը հիմք կհանդիսանա առկա բացը լրացնելու և հայաստանյան ընկերությունների հետ նոր կապեր հաստատելու համար:     
 
«Ուրուգվայը գյուղատնտեսության ոլորտում ունի հարուստ փորձ, որը կարող է փոխանցել հայկական կողմին, ուստի մենք շահագրգռված ենք զարգացնել տնտեսական հարաբերություններ ձեր երկրի հետ», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
 
Որպես համագործակցության հնարավոր տարբերակ` նախարարն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում համատեղ արտադրության կազմակերպման և տեղական ընկերություններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերը:
 
Ընկերության փոխնախագահ Գաստոն Սկայոլան իր հերթին տեղեկացրել է, որ 1962 թվականին հիմնադրված «Նիրեա» ընկերությունն այսօր Ուրուգվայում մսամթերքի արտադրության և արտահանման խոշորագույն ընկերությունների շարքում է, իսկ ոչխարի մսի արտադրության ծավալներով այն երկրի առաջատարն է: Նա նաև ընդգծել է, որ ընկերությունում բուծվող կենդանիները գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող կերային մշակաբույսերով չեն կերակրվում:
 
Կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների արտադրողները կկարողանան փոխգործակցության շահավետ եզրեր գտնել` նպաստելով  Հայաստանի և Ուրուգվայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության աշխուժացմանը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այնուհետև պատվիրակության անդամները հանդիպել են տեղական մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ` համագործակցության կոնկրետ հնարավորությունները քննարկելու նպատակով:  Պատվիրակության անդամներն այնուհետև կայցելեն «Նաթֆուդ» և «Բեկոն» ընկերություններ:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն