Երեւանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է համագործակցության հնարավոր ոլորտները<br />


Երեւանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է համագործակցության հնարավոր ոլորտները

  • 14-01-2011 18:56:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը համոզված է, որ այսուհետ Երեւանի քաղաքապետարանի եւ ԱՄՆ-ի դեսպանատան համատեղ աշխատանքները նոր թափ կստանան: Այս մասին նա հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հունվարի 14-ի հանդիպմանը: Ընդգծելով միջազգային համագործակցության կարեւորությունը, քաղաքապետը դեսպանին ներկայացրել է համագործակցության հնարավոր ոլորտները` քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում, կրթության, խորհրդատվական ծառայության եւ ներդրումային դաշտի զարգացում: «Մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորինս շատ ներդրումային միջոցների ներգրավումը Երեւանի քաղաքապետարանի գերակա ուղղություններից մեկը պետք է դառնա: Երեւանում պետք է ստեղծվի դյուրին, մատչելի բիզնես միջավայր` չեզոքացնելով բոլոր կոռուպցիոն ռիսկերը»,- ընդգծել է Կ.Կարապետյանը: Քաղաքապետը դեսպանին տեղեկացրել է քաղաքապետարանում բիզնես ծրագրերի աջակցման եւ զարգացման նպատակով նոր կառույցի ստեղծման մասին: Ներդրումային դաշտի վերափոխումը համարելով ուղղակի անհրաժեշտություն, Մ.Յովանովիչը նշել է, որ ամերիկյան գործարարների համար շատ կարեւոր է Երեւանում հարմարավետ գործարար միջավայրի ստեղծումը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, խոսելով Երեւանում երթերի եւ հանրահավաքների անցկացման հարցերի շուրջ, Մ.Յովանովիչը դրական է գնահատել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ ներկայիս օրենքը` կարեւորելով օրենքի պահանջների պահպանումը: Երեւանի քաղաքապետը վստահեցրել է, որ զանգավածային միջոցառումների իրազեկման քննարկումները եւ որոշումների կայացումը լինելու է սահմանված ընթացակարգով, բաց եւ թափանցիկ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play