Եթե Հայաստանում ներկայիս ներկրողների թիվը չավելանա, ապա «Քարֆուրի» մուտքով Հայաստան ոչինչ չի փոխվի. Արամ Սարգսյան


Եթե Հայաստանում ներկայիս ներկրողների թիվը չավելանա, ապա «Քարֆուրի» մուտքով Հայաստան ոչինչ չի փոխվի. Արամ Սարգսյան

  • 12-03-2015 20:12:44   | Հայաստան  |  Տնտեսություն

«Ներկայիս իշխանությունները դարձյալ խրախուսում են մենաշնորը և պաշտպանում այն», -մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր և առաջին քարտուղար Արամ Սարգսյանը, նշելով, որ սա ոչ միայն Երեւանում բացված «Քարֆուր» հիպերմարկետի հարցում է, «այլ ընդհանրապես այդպես է»:
Ըստ նրա` «Քարֆուրի»  դերը Հայաստանում ավելի կարևոր կլիներ և ոլորտում մրցակցություն կառաջանար, եթե հիպերմարկետում վաճառվող տեղական և ներմուծվող ապրանքների քանակի հարաբերակցությունը լիներ ոչ թե 95-5 տոկոս, այլ թուլյատրվեր ընկերությանը ներմուծել ապրանքների 45 տոկոսը:
Ա. Սարգսյանի կարծիքով` 95 տոկոս հայրենական արտադրության մեջ մտնում է նաև Եվրասիական տնտեսական միության շուկայից ներմուծվող ապրանքները, հետևաբար եթե ներկայիս հայտնի ներկրողների թիվը չավելանա, ապա մրցակցության դաշտը նեղ կմնա, իսկ գնային քաղաքականությունն էլ չի փոխվի:
«Տեղի իշխանությունների կողմից վերջերս մեծ աղմուկով հայտարարված օլիգոպոլիայի դեմ պայքարը սահմանափակվեց մեկ մարդու ճնշմամբ, քանի որ եթե այս պայքարը զարգանար, ապա այս ոլորտում ևս պետք է կիրառվեր նույն մոտեցումը»,- նշեց Ա. Սարգսյանը` հավելելով, որ ներմուծվող ապրանքների համար սահմանված 5 տոկոսը երկարատև բանակցությունների արդյունք է ներկրողների և կազմակերպության ղեկավարների միջև:  
Գնահատելով աշխարհի խոշորագույն առևտրային ցանցերից մեկի` «Քարֆուրի»  մուտքը Հայաստան` սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ նորաբաց հիպերմարկետի առաջին դրական ազդեցությունը կլինի  այն, որ Երևանում կձևավորվի առևտրային նոր մշակույթ, և մյուս սուպերմարկետները  «Քարֆուրից»  կսովորեն ապահովել գրագետ սպասարկման ձևաչափ:
««Քարֆուրի» մուտքը  Հայաստան կարելի է դիտարկել որպես գովազդ այդ ընկերության համար, քանի որ այստեղ բացված մեկ հիպերմարկետը չի բերի բավարար եկամուտ առևտրային այդ խոշոր ցանցի համար»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Վերջինիս կարծիքով «Քարֆուրը» Երևանում կառաջնորդվի «Շատ վաճառքի միավոր քիչ եկամուտով» սկզբունքով: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Տնտեսություն