Հունվարի 23-25-ը Վանաձորի՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը առողջական խնդիրների պատճառով ներկա չգտնվեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ով, ի դեպ, այսօր դուսր է գրվել հիվանդանոցից և կազդուրման փուլում է: Հայաստանի առաջնությունում Ջուլֆալակյանին փոխարինեց հավաքականում նրա օգնական Սամվել Գևորգյանը, որին էլ խնդրեցինք տարվա հանրապետական ամենակարևոր ստուգատեսի մասին հայտնել իր կարծիքը:
-Հայաստանի առաջնությունն անցավ շատ բարձր մակարդակով, ամեն ինչ լավ էր կազմակերպված: Ըմբիշները ցուցադրեցին իրենց առավելագույն կարողությունները, իսկ մրցավարներն էլ՝ գլխավոր մրցավար Գևորգ Ալեքսանյանի, ինչպես նաև ժյուրիի անդամներ Հրանտ Ենոքյանի, Գևորգ Հարությունյանի, Սամվել Հարությունյանի գլխավորությամբ շատ բարձր մակարդակով կազմակերպեցին մրցումները,-մեզ հետ զրույցում ասաց Սամվել Գևորգյանը:
-Ցանկանում եմ խոսենք մարզիկների ընդհանուր մակարդակի մասին:
-Գրեթե ամեն ինչ կանխատեսելի էր: Ովքեր որ պետք է դառնային մրցանակակիր, նրանք էլ դարձան: Մի քանի մեդալակիր ունեցանք երիտասարդականից մեծահասակներ տեղափոխվածներից, սակայն նրանցից ոչ բոլորը առանձնակի տպավորություն թողեցին մարզիչների վրա:
-66 կգ քաշային կարգում շատ էր սպասվում 2014 թվականի Հայաստանի չեմպիոն Միհրան Հարությունյանի և արդեն գործող չեմպիոն Արամ Ջուլֆալակյանի մրցամարտը: Սակայն առողջականի կտրուկ վատթարացման պատճառով Միհրանը չկարողացավ մասնակցել: Ձեր մեկնաբանությունը:
-Անհավանական բան ստացվեց: Միհրանը կշռման արարողությունից առաջ կտրուկ վատացավ, գունատ տեսք ուներ և տեղափոխվեց Վանաձորի հիվանդանոց: Իսկապես ցանկալի կլիներ տեսնել նրանց միջև գոտեմարտը: Ի դեպ՝ 66 կգ քաշային կարգը Հայաստանի ամենամրցակցային քաշն է: Նույնիսկ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Վարդերեսյանը չկարողացավ ընդգրկվել մրցանակակիրների քառյակում:
-Եվ ի՞նչ, հավաքականի դռները փակվեցի՞ն Միհրանի համար:
-Չեմ կարծում: Թեպետ կանոնադրությամբ չեմպիոնն ու մրցանակակիրներն են ընդգրկվում հավաքականում, սակայն Միհրանի դեպքը այլ է: Կարծում եմ՝ հավաքականի գլխավոր մարզիչն ու ֆեդերացիայի ղեկավարությունը խելամիտ որոշում կկայացնեն այս վիճահարույց հարցի շուրջ:
-Խոսվում էր, որ առաջնությանը պետք է մասնակցեր նաև Ձեր մյուս սանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը:
-Կարենը թեպետ լիովին պատրաստ էր պայքարելու ամենաբարձր տեղերի համար, սակայն և ես, և մեր մարզչական խորհուրդը գտանք, որ նրան պետք չէ վաղաժամ ներգրավել մեծահասակների պայքարին: Կարենը ևս մեկ տարի իրեն կփորձի լավագույն կողմերով դրսևորել երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, նոր կտեղափոխվի մեծահասակների մրցագորգ:
-Հավանաբար մինչ այդ փորձի հաջողությամբ հաղթահարել 66 կգ քաշային կարգի (Ասլանյանն այսուհետ մասնակցելու է իր համար նոր՝ 66 կգ քաշային կարգում) երիտասարդների Հայաստանի առաջնության արգելքը:
-Իհարկե, սակայն եթե լուրջ խնդիրներ չլինեն, բնականաբար մարտին կայանալիք առաջնությունում նա հերթական անգամ կհռչակվի երիտասարդների Հայաստանի չեմպիոն:
-Երեք շաբաթից Թեհրանում կայանալու է աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Մեր հավաքականը վերջին տարիներին մասնակցում է երկրորդ-երրորդ համարներով: Այս տարի՞ էլ կպահպանվի նման մոտեցումը:
-Վերջնական որոշումը հավաքականի գլխավոր մարզչին է, բայց կարծում եմ այս տարի էլ հանդես կգանք ոչ ամենաուժեղ կազմով:
-Լևոն Ջուլֆալակյանը հավանաբար Թեհրան չի մեկնի, սակայն նրան հազարավոր մարզասերների անունից մաղթում ենք շուտափույթ ապաքինում և առնվազն 2014 թվականի հաջողությունների կրկնում նախաօլիմպիական տարում:
-Շնորհակալություն:
Հարցազրույցը՝ Արման Գևորգյանի