Հարցազրոյց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան նախագահուհի Անետ Այւազեանի հետ


Հարցազրոյց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան նախագահուհի Անետ Այւազեանի հետ

  • 06-01-2011 15:26:02   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Թեհրանահայ համայնքում երկար ու ձիգ տարիներ է, ինչ մարդասիրական ու բարեգործական աշխատանք է ծաւալում Հայ կանանց բարեգործական ընկերութիւնը: Աշխատանք, որը չի սահմանափակւում լոկ Ամանորի կամ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօների ընթացքում նպաստներ տրամադրելով, այլ ձգւում ողջ տարւայ կտրւածքով եւ տարբեր բնագաւառներում: Յիշեալ ընկերութեան աշխատանքները արտացոլելու նպատակով՝ հարցազրոյց ենք նախաձեռնել վարչութեան նախագահ Անետ Այւազեանի հետ: Զրոյցը վարեցինք Ս. Աստւածածին եկեղեցու տարածքում գտնւող նոյն միութեան կենտրոնատեղիում, ուր նախաձեռնել էին ամանորեայ բազար, որից գոյացած հասոյթը եւս ամբողջապէս յատկացւում է կարիքաւորներին: Հ.- Տկն. Այւազեան, ընկերութիւնը ներկայում քանի՞ անդամներ ունի եւ ի՞նչ աշխատանքներ էք ծաւալում: Պ.- Ներկայի դրութեամբ՝ ունենք 70 անդամներ, եւ միութիւնը վերահասութիւն է տալիս երկու ծերանոցների, մէկը Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում գտնւող ծերանոցը, որը այս տարի բոլորեց իր 60-ամեակը եւ միւսը՝ «Սօսէ Մայրիկ» ծերանոցը, որը նշեց իր 32-ամեակը: Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում գտնւող ծերանոցում այժմ բնակւում են 18 տարեցներ եւ նրանցից որեւէ գումար չի գանձւում, բոլորը ապահովւած են բժշկական սպասարկութիւններով եւ ունեն բժշկական ապահովագրութեան տետր: Նրանց ամիսը մէկ անգամ այցելում է բժիշկ, ունեն ֆիզիոթերապիստ, «Բեհզիսթի»-ի կողմից քննիչներ են այցելում եւ նմանօրինակ անվճար ծերանոցների շարանում Ս. Գէորգին դասել են առաջին տեղում՝ մաքրութեան եւ կարգուկանոնի առումով: Եթէ տարեցները կարիք են ունենում շուրջօրեայ բժիշկի վերահսկողութեան, կամ հիւանդանոց, եւ կամ այլ ծերանոց ենք փոխադրում եւ ընկերութիւնն է նրա ծախսը հոգում: Նշեմ, որ Ս. Գէորգ ծերանոցի բոլոր ծախսերը ապահովւում են ժողովրդի նւիրատւութիւններով, թէ՛ նիւթական, եւ թէ՛ ապրանքի ու սննդամթերքի առումով: Մենք ամէն ինչ պահում ենք պահեստում եւ պաշտօնապէս գրանցւում է ամէն կարգի նւիրատւութիւն: Յունւարի 3-ին եւ 4-ին Մարդասիրական յանձնախմբի կողմից միութեան կենտրոնատեղիում սկսում ենք սննդամթերք եւ հագուստ տրամադրել 120 նպաստընկալ գրանցւած ընտանիքների, նաեւ՝ այլ դիմողների: Ունենք 15 ուսանող սաներ, որոնցից իւրաքանչիւրին ամէն մի կիսամեակ վճարում ենք կատարում: Ունենք 25 հիւանդներ, որոնցից իւրաքանչիւրին, ըստ իր հիւանդութեան, ամսական վճարում ենք ըստ իր կարիքի: Նրանց մէջ կան M.S.-ով տառապող, դիալիզի, քիմիոթերապիայի կարիք ունեցողներ եւ այլն: Ունենք դպրոցներում եւս սաներ: Գալով «Սօսէ Մայրիկ» ծերանոցին՝ ասեմ, որ դա վճարովի է, բայց դարձեալ աւելի քիչ ենք ստանում «Բեհզիսթի»-ի նշանակած գումարներից, որպէսզի թէ՛ տարեցները, եւ թէ՛ նրանց ընտանիքները չծանրաբեռնւեն: Պէտք է նշեմ, որ սնունդի առումով երկու ծերանոցներն էլ լաւ վիճակում են: Ս. Գէորգում հերթապահները ճաշ են պատրաստում: Բոլոր աշխատող պաշտօնեաները ապահովագրւած են եւ ռոճիկ են ստանում: Նշեմ, որ Նոր տարւայ վաճառք-բազարի հասոյթը եւս ամբողջութեամբ յատկացւում է կարիքաւորներին: Մենք Իրանի առողջապահական տարբեր կենտրոնների հետ լաւ յարաբերութիւն ունենք եւ տարբեր հիւանդութիւններով տառապողների ներկայացնում ենք այդ կենտրոնները: Գործող երկու ծերանոցներն ունեն արտօնութիւն. Ս. Գէորգի արտօնատէրն է Հերմինէ Բաբայեանը, իսկ «Սօսէ Մայրիկ»-ինը՝ Քլարա Մկրտչեանը: Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութիւնը պաշտօնապէս գրանցւել է 1946 թւականին: Հարկ է շնորհակալութիւն յայտնել մեր սիրելի ժողովրդին, ազգային իշխանութեանը եւ մարմիններին, ի մասնաւորի «Բեհզիսթի»-ին, որը մեծապէս նպաստում է մեր երկու ծերանոցներին: Հ.- Արդեօք Ամանորին միայն նպաստընկալնե՞րն են նպաստ ստանում թէ կան այլ նպաստ ստացողներ: Պ.- Ինչպէս ասացի, մենք ունենք 120 գրանցւած նպաստընկալներ, բայց տօն օրերում երբ նպաստ է տրամադրւում, չեն մերժւում նաեւ նրանք, ովքեր դիմում են: Նպաստընկալները ունեն իւրայատուկ քարտ եւ իւրաքանչիւր երկու ամիսը մէկ անգամ ստանում են իրենց յատկացւած գումարը: Նշեմ, որ նրանց տրամադրւում է ոչ միայն ուտելիք, այլեւ ժողովրդի կողմից նւիրւած հագուստ եւ կահոյք: Պէտք է նշեմ նաեւ, որ երկու ծերանոցները վերջերս օժտւել են նոր մահճակալներով եւ երկու ծերանոցներն էլ նոյնանման ուշադրութեան են արժանանում, քանզի պէտք է հային վայել կերպով վերահասութիւն տանք մեր տարեցներին: Հ.- Եթէ վերջում ունէք աւելացնելիք, խնդրեմ: Պ.- Պէտք է գնահատանքի խօսք ասել բոլոր անդամուհիներին, որոնցից իւրաքանչիւրը ամանորեայ բազարի համար պատրաստում է կարկանդակ, թթուներ կամ ձեռքի աշխատանք եւ դրանք վաճառելով՝ գումարը կատարելապէս յատկացւում է կարիքաւորներին: Իրապէս մեծ ուրախութիւն է մեզ համար ժողովրդի վստահութիւնը, որը աւելի է գօտեպնդում անդամներին իրենց սիրայօժար, ազգանւէր եւ աստւածահաճոյ աշխատանքների համար: ԶՐՈՒՑԱՎԱՐ՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ ԱԼԻՔ
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ