2015 թվականի ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայկական համայնքները, ինչպես նաև Վրաստանի հայությունը, իր խոնարհումը բերեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների 100-րդ տարելիցին:
Մարդկանց հոսքը դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի սկսվեց դեռևս վաղ առավոտյան՝ մասնակցելու հինավուրց եկեղեցում մատուցվող Հիշատակի Սուրբ Պատարագին:
Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը՝ տիկնոջ հետ, դեսպանության դիվանագետներն իրենց տիկնանց հետ, Վրաստանում Ավետարանական-լյութերանական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու հոգևոր հայր Տեր Մալխազ եպիսկոպոս Գափրինդաշվիլին, հայ հասարակական գործիչներ, մտավորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսաբնակ և շրջաններից ժամանած հայեր: Բազմություն, որ զբաղեցրել էր եկեղեցին և նրա մերձակա ողջ տարածքը:
Հավարտ Սբ. Պատարագի՝ պատարագիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը օրվա խորհրդի մասին քարոզի խոսքում հիշատակեց նախորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասված մեկուկես միլիոն նահատակների հիշատակը, սուրբեր, որ դարձան հայ ժողովրդի պահապանները երկնքում: Հոգևոր Հայրը երախտիքի խոսքեր ուղղեց այն երկրներին, ովքեր ապաստանել են փրկվածներին, օժանդակելով հայ ժողովրդի վերածննդին, շնորհակալություն հայտնեց այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել ու դատապարել են հայոց ցեղասպանությունը: Տեր Հայրը շնորհակություն հայտնեց քույր եկեղեցիներ՝ Հռոմեական-Կաթոլիկ, Ավետարանական-Լյութերանական և Ավետարանական-Մկրտական Սուրբ Եկեղեցիներին, որոնք կիսելով հայոց վիշտը այս օրերին իրենց աղոթքով, գուժկան զանգերով և Հիշատակի Պատարագին իրենց ներկայությամբ ոգեկոչեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը բարձր գնահատեց վիրահայության խոնարհումը իր ազգի նահատակների հիշատակի առջև, ում ոչ անձրևն ու քամին, ոչ էլ լրատվամիջոցների ահազանգերը չվախեցրեցին և նրանք այսօր այստեղ են, աղոթում են իրենց նախնիների հիշատակի համար:
Սուրբ Պատարագից հետո, ներկաները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին Եկեղեցու բակում կանգնեցված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին, հոգևոր դասը շարականներ երգեց, իսկ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը կատարեց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հրաշակերտ բազմություն» շարականը:
Այնուհետև ժողովուրդը բողոքի պաստառներով, ՀՀ և Վրաստանի պետական և համայնքային դրոշներով շարժվեց դեպի Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանություն, որտեղ կազմակերպվեց բողոքի խաղաղ հանրահավաք: Բազմամարդ էր հանրահավաքը, որին մասնակցեցին Թբիլիսիի հայկական կազմակերպություններ, այլ համայնքների ներկայացուցիչներ, Վրաստանի հայաբնակ շրջաններից հատուկ ժամանած հայեր: Բողոքի ակցիային իրենց մասնակցությունն էին բերել վրաց քաղաքական գործիչներ, ովքեր դատապարտելով Հայոց Ցեղասպանությունը, վրաց իշխանություններին կոչ արեցին միանալ հայերին,, հարգել Վրաստանի հայ համայնքի դիմումը, Ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը նման ոճրագործությունները կանխելու նպատակով: Հանրահավաքը, որ ընթանում էր տարբեր լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն, թուրքերեն ու եզիդերեն, դարձավ պահանջատիրոջ իրավունքով դատապարտման, ճանաչման և հատուցման ոգեկոչում: Ժողովուրդը հանդես եկավ բողոքի բանաստեղծությունների, նաև հայրենասիրական երգերի կատարումներով:
Հավելենք, որ ապրիլի 24-ին հիշատակի Պատարագներ, բողոքի ակցիաներ և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Վրաստանի բոլոր հայաբնակ քաղաքներում, շրջաններում և գյուղերում:
Խաղաղ հանրահավաքը լուսաբանվեց Վրաստանի զանգվածային լրատվության բոլոր միջոցներով: Վիրահայոց թեմը իր շնորհակալությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարությանը ապրիլի 23-ին և 24-ին անցկացված միջոցառումների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:
|