Ոսկու շուկայի աշխատակիցները պատրաստվում են միանալ Բաղրամյան պողոտայի ցուցարարներին


Ոսկու շուկայի աշխատակիցները պատրաստվում են միանալ Բաղրամյան պողոտայի ցուցարարներին

  • 01-07-2015 14:12:23   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւանի հարավ-արևմտյան թաղամասում (ՀԱԹ)  գործող ոսկու շուկայի աշխատակիցները դեռևս սպասում են «Արտոնագրային վճարների մասին» օրենքի կիրառման հետ կապված զարգացումներին և նշում, որ եթե մինչև հուլիսի 15-ը օրենքում փոփոխություն չլինի, ստիպված կլինեն փակել տաղավարները և բոլոր աշխատողներով միանալ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին:
 
Այս մասին հուլիսի 1-ին «Նոյյան Տապանի»  թղթակցին տեղեկացրեց «Հայաստանում ոսկերչությամբ զբաղվողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արմեն Բաբայանը:
Ըստ նրա` ոսկու շուկայի աշխատակիցները դեռևս հույսը չեն կորցնում և հավատով սպասում են, որ շրջանառության հարկն արտոնագրային վճարով փոխարինելու որոշումը կայացրած մարդկանց մեջ կգտնվեն հանրության շահերը պաշտպանողներ, ովքեր կնպաստեն ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած վերոնշյալ օրենքի փոփոխությանը: 
Տեղեկացվեց, որ դեռեւս հունիսի 15-ին ոսկու շուկայի աշխատակիցները նամակով դիմել էին ՀՀ կառավարություն` ներկայացնելով  իրենց դժգոհությունները և առաջարկությունները: Ա. Բաբայանի տեղեկացմամբ` իրենց  նամակին երեկ պատասխանել է ՀՀ էկոնոմիակայի նախարարությունը, նշելով, որ ոսկու շուկայի աշխատակիցների կողմից բարձրացված հարցը քննարկվել է ՀՀ Ազգային Ժողովում և կառավարությունում: Ըստ Ա. Բաբայանի` իրենց պահանջները չեն բավարարվել և միակ դրական արձագանքն այն է եղել, որ ոսկու շուկայի աշխատակիցներին առաջարկվել է արտոնագրային վճարը կիրառել ըստ ցանկության. «Այսինքն, ովքեր մինչև հուլիսի 15-ը կընտրեն արտոնագրային վճարները՝ պետք է դիմում գրեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ  հունիսի 15-ին ՀԱԹ-ում  գործող ոսկու շուկայի աշխատակիցները հայտարարել էին, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի կիրառման դեպքում հանձնելու են իրենց տաղավարները և հեռանալու են երկրից:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play