Լոռու մարզի Դեբետ գյուղում կայացել է Սմարթ կենտրոնի հիմնարկեքը


Լոռու մարզի Դեբետ գյուղում կայացել է Սմարթ կենտրոնի հիմնարկեքը

  • 09-07-2015 11:47:09   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Լոռու մարզի Դեբետ գյուղում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից կառուցվող Սմարթ կենտրոնի հիմնարկեքի արարողությունը:
 
Սմարթ Կենտրոնը նորարար կրթական հանգույց է, որտեղ համադրվում են ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, նոր տեխնոլոգիաները, արհեստներն ու արվեստները, սպորտը և հասարակական նախաձեռնությունները:
 
«Սմարթ կենտրոնի հայեցակարգը սկսել ենք իբրև փորձ, որի հիմնական միտումը պետք է լինի բացառիկ, տարբերվող, նորարար մի կառույց լինելը՝ նույնիսկ շենքի տեսքի իմաստով: Գաղափարն այն է, որ աշխարհում թափ առած նոր մեթոդները պետք է Հայաստան բերենք և մեր զարգացումն էլ փոխանցենք աշխարհին»,- գաղափարը ներկայացրեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և Տնօրենների խորհրդի ատենապետ դոկտոր Կարո Արմենը:
 
Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և Տնօրենների խորհրդի ատենապետ դոկտոր Կարո Արմենը, Խորհրդի անդամներ, բարերարներ ԱՄՆ-ից ու Հայաստանից, հիմնադրամի գործընկեր կազմակերպություններ և շահառու համայնքների ներկայացուցիչներ:
 
«Այսօր պատմական օր է մեր մարզի համար և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այս տարածաշրջանում 1050 տարի առաջ դեռ ստեղծվեց Սանահինի ուսումնադաստիարակչական-գիտական կենտրոնը, և այնուհետև արդեն Հաղպատում՝ համալսարանը: Այս տարածաշրջանը ուսումնական կենտրոններ հազարամյակներ առաջ ունեցել է: Եվ այսօր էլ կառուցվում է մի հրաշք Սմարթ կենտրոն, որը մեզ նորանոր հնարավորություններ կտա մեր երեխաների ուսումնական պրոցեսները էլ ավելի ժամանակակից դարձնելու գործում»,- ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
 
Սմարթ կենտրոնը ծառայելու է տարածաշրջանի համայնքներին՝ ընդգրկելով գյուղերի դպրոցականներին և երիտասարդներին, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտների մասնագետներին: Սա միջավայր է պատանիների երևակայության լիարժեք իրացման և ինքնադրսևորման, ու հարթակ՝ սեփական բնակավայրում երիտասարդ մասնագետների կայացման համար:
 
«Սմարթ Կենտրոնը յուրատեսակ հանդիպում է ապագայի հետ: Իր ռազմավարությանը համահունչ՝ Հիմնադրամը հայկական գյուղերի կյանքի մեծ փոփոխությունները և նորարարություններն իրագործում է կրթության և գիտելիքի հիմքով ու միջոցով: Լոռու մարզի Սմարթ կենտրոնը առաջինն է Հայաստանում, սակայն ծրագիրը ընդլայնման միտում ունի»,- նշում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:
 
Կենտրոնի ճարտարապետական լուծումը «Ուրբան Յունիթ» (Urban Unit) ճարտարապետական ստուդիային է պատկանում, շինարարությունն իրականացնում է «Կանակա» ընկերությունը: Հիմնարկեքի օրհնության կարգը կատարեց Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Սմարթ կենտրոնի բացումը և գործունեության մեկնարկը նախատեսված են 2016 թ. հունիսին:
 
«Այս գրությամբ հաստատում ենք մեր նվիրվածությունը մեր առջև դրված նպատակին՝ բարելավել Լոռու մարզի երեխաների ու երիտասարդների կյանքը կրթության ու նորարարության միջոցով՝ դարձնելով Սմարթ կենտրոնը համայնքային կյանքի եւ զարգացման կենտրոն»: Տողերը հավերժացան շենքի հիմքում դրված պարկուճի մեջ՝ հարյուրամյակներ անց հիշեցնելու, թե ինչ գաղափար է ծառայել ապագային նայող կառույցը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play