Այսօր կհրապարակվի մետրոպոլիտենի երեք աշխատողների վճիռը


Այսօր կհրապարակվի մետրոպոլիտենի երեք աշխատողների վճիռը

  • 16-07-2015 10:28:06   | Հայաստան  |  Իրավունք
Սույն թվականի հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին կհրապարակվի մեկ տարուց ավելի քննվող Երևանի մետրոպոլիտենի 3 աշխատողների գործով վճիռը:  
 
Աշխատողների շահերը դատարանում ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը:
Հիշեցնենք, որ գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` նախագահությամբ դատավոր Սիմիզար Հովսեփյանի: Դատարանի կողմից վճիռը պետք է կայացվեր դեռևս 2014թ. դեկտեմբերի 12-ին: Այնուհետև գործը վերսկսելուց հետո դատական նիստերը անհարկի ձգձգվել են տարբեր պատճառաբանությամբ:
Նշենք, որ հունիսի 26-ին կայացված նիստով քննարկվել է փաստաբանի կողմից ներկայացված դատավոր Սիմիզար Հովսեփյանի ինքնաբացարկի միջնորդությունը, որը հունիսի 30-ի որոշմամբ մերժվել է` անհիմն լինելու պատճառով:  
Նույն հունիսի 30-ի նիստով քննարկվեց մետրոպոլիտենի ղեկավարության կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի լրացումը, որով պահանջվել է հայցը մերժել ամբողջությամբ, քանի որ մետրոպոլիտենի աշխատակիցների զբաղեցրած հաստիքները կրճատվել են և անհնարին է նրանց վերականգնել նախկին աշխատանքում:
Փաստաբանի կողմից վիճարկվեց տվյալ փաստաթղթի դատարանի կողմից ընդունումը, քանի որ գործը վերսկսելուց հետո այն գտնվում է դատական փուլում և ցանկացած ներկայացված փաստաթուղթը/ապացույցը պետք է քննարկվի դատարանի կողմից և հիմնավորվի այդ փաստաթղթերի ընդունումը: ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն դատաքննությունը սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Մետրոպոլիտենը 2014թվականի փետրվարի 2-ին աշխատողներին աշխատանքից ազատելուց ինը օր առաջ սահմանել է 24 հոգու հաստիքացուցակ, ներառյալ երեք հայցվորներին, իսկ 2014թ. օգոստոսի 1-ին հաստատել է կրճատված 20 աշխատողի հաստիքացուցակ, որով այս պահին պահանջում է մերժել ներկայացված հայցը հաստիքների կրճատման և դրանց բացակայության հիմքով: Տվյալ պարագայում նման միջնորդությունը և ներկայացված հաստիքների փոփոխության վերաբերյալ ղեկավարության կողմից 2014թվականին ընդունած երկու որոշումները չէին կարող քննարկման առարկա դառնալ դատարանի կողմից և ընդունվել որպես ապացույց:
Դատարանը ևս ընդունեց փաստաբանի դիրքորոշումը այն մասին, որ տվյալ լրացումը հայցադիմումի պատասխան չի կարող ընդունվել նշված հիմքով:
Իսկ մետրոպոլիտենի ներկայացուցիչները հունիսի 30-ին դատական նիստին չներկայացան և ինչպես դատարանը նշեց, այդպես էլ չներկայացրեցին 2015թվականի հունվար ամսից դատարանի կողմից պահանջած, սակայն գործի քննության հետ կապ չունեցող մատյանները, որոնցով իբր պետք է ապացուցվեր երեք աշխատողների նկատմամբ ղեկավարության կողմից ձևավորված անվստահությունը:
Հիշեցնենք, որ մետրոպոլիտենի երեք աշխատողները աշխատանքից ազատվել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, այն է` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու կապակցությամբ:
Հուսանք, որ դատարանը կկայացնի փաստերի վրա հիմնված արդարացի վճիռ և կվերականգնի մեկ տարուց ավելի գործազուրկ մնացած մետրոյի նախկին աշխատողների իրավունքները, որոնք աշխատանքից են ազատվել և իրենց նկատմամբ նման «պատիժ» է սահմանվել ղեկավարության կողմից` նրանց բացառապես 2014թ. փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ցույցին մասնակցելու և մետրոպոլիտենի 67 աշխատողների հետ կուտակային համակարգի դեմ ղեկավարությանը դիմում ներկայացնելու պատճառով:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play