Եվրոպայի արվեստասերներին է ներկայացվել Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ» կտավը (Տեսանյութեր)


Եվրոպայի արվեստասերներին է ներկայացվել Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ» կտավը (Տեսանյութեր)

  • 20-07-2015 14:58:56   | Գերմանիա  |  Մշակույթ



Հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի  ծննդյան 86րդ տարեդարձի կապակցությամբ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը  Ռուսական  արվեստի թանգարանի (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու) հետ համագործակցությամբ հուլիսի 19-ին արվեստասեր հանդիսատեսին ներկայացրեց «Մենք այստեղ  ապրել ենք. Ջաջուռ» (1968թ.) Մինաս Ավետիսյանի կտավը, որը սովորաբար գտնվում է թանգարանի պահոցում:
 
 «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը, համագործակցելով Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանի  հետ, ներկայացրեց «Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» խորագիրը կրող ինքնատիպ ցուցահանդեսը: Այն կայացավ Գերմանիայի Հալլե քաղաքում՝ գործելով 2014թ. փետրվարի 21-ից մայիսի 4ը: Այս ցուցահանդեսի շնորհիվ Գերմանիայում առաջին անգամ երկու սերունդների նկարիչների աշխատանքները հանդես եկան համատեղ: Մինասի 19 (նաև Ռուսական արվեստի թանգարանի հավաքածույում գտնվող Մինաս Ավետիսյանի միակ «Մենք այստեղ  ապրել ենք. Ջաջուռ» կտավը) և որդու՝ Նարեկի 9 ստեղծագործությունները ներկայացված էին յուրօրինակ հակադրության մեջ, որը ցուցահանդեսի կոնցեպցիայի առանցքն էր կազմում: Հակադրություն, որը նոր ուղի բացեց դեպի 20րդ դարի անվանի հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի աշխարհ և օգնեց ընկալել մեր արդի արվեստի վառ ներկայացուցիչներից մեկի՝ Նարեկ Ավետիսյանի ստեղծագործությունները:
2015թ.-ի հուլիսի 19-ին Նարեկ Ավետիսյանը, Մինաս Ավետիսյանի կրտսեր որդին խոսեց վերոնշյալ համատեղ լայնածավալ ցուցահանդեսի մասին, ինչպես նաև «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը ներկայացրեց Հալլեում կայացած ցուցահանդեսի շրջանակներում լույս ընծայված եռալեզու (գերմաներեն, հայերեն, անգլերեն) պատկերագրքը, ուր տեղ են գտել Մինասի կյանքն ու ստեղծագործական ուղին լուսաբանող տարբեր նյութեր ու բացառիկ լուսանկարներ: Պատկերագրքում ընդգրկված է նաև նկարչին նվիրված էսսե, որտեղ արվեստի պատմության գերմանացի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր Վիլհեմ Շլինկը բարձր է գնահատում Մինասի արվեստը՝ այն դիտարկելով միջմշակութային համատեքստում:
Գերմանացի արվեստաբան տիկին Մարի-Քրիստին Ֆրիտչը Նարեկ Ավետիսյանի հետ իր հարցազրույցում փորձել է բացահայտել հոր և որդու միջև գոյություն ունեցող կապը: Նա մեզ ուղեկցում է Նարեկ Ավետիսյանի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերով՝ կարևորելով նրա դերը ժամանակակից արվեստում: Մարի-Քրիստին Ֆրիտչն անդրադարձել է նկարչի «Ինտերֆրակտալ շարքին», որտեղ ի հայտ է գալիս արվեստագետի մաթեմատիկական մոտեցումը թեմային: Նա փորձում է մեկնաբանել այս յուրօրինակ միջդիսցիպլինար նախագծի ստեղծումը:
2009թ. Մինաս Ավետիսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը լույս ընծայեց մեծանուն նկարչին նվիրված «Մինաս» պատկերագիրքը, որտեղ ընդգրկված են բացառապես մասնավոր հավաքածուներում գտնվող նրա ստեղծագործությունները: 
Ներկա եռալեզու պատկերագիրքը, որը հրատարակվել է 2014թ-ին Գերմանիայի Հալլե քաղաքում «Մինաս և Նարեկ Ավետիսյան.Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսին կապակցությամբ, շեշտադրում է Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ուղին, ըստ արժանավույնի նշանավորելով նկարչի 85-ամյա հոբելյանը:
Եվ քանի որ պատկերագիրքն անդրադառնում է նաև նկարչի ուշ ստեղծագործական շրջանի զարգացմանը, գիտակցաբար կերպով համալրում է այդպիսով նախորդ 2009թ.-ին հրատարակված պատկերագիրքը: Արվեստասեր հանդիսատեսը հնարավորություն կունենա հուլիսի 20ից 26ը Ռուսական արվեստի թանգարանում տեսնել Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող «Մենք այստեղ  ապրել ենք. Ջաջուռ» կտավը և ձեռք բերել «Մինաս և Նարեկ Ավետիսյան.Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» եռալեզու պատկերագիրքը:
Միևնույն ժամանակ հայ  հանդիսատեսը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու) հնարավորություն ունցավ դիտել «Մինաս և Նարեկ Ավետիսյան.Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսի բացման և փակման արարողությունը պատկերող  տեսանյութը: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play