Պետական երիտասարդական քաղաքականության ծանրության կենտրոնն անհրաժեշտ է տեղափոխել մարզեր<br />


Պետական երիտասարդական քաղաքականության ծանրության կենտրոնն անհրաժեշտ է տեղափոխել մարզեր

  • 10-12-2010 16:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների տարեկան ամփոփիչ հանդիպումը, որտեղ ներկայացվեցին մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների 2010թ.-ի գործունեության արդյունքները, ինչպես նաեւ հետագա աշխատանքների ռազմավարական պլանները: Փոխնախարար Արսեն Քարամյանը կարեւորեց նման հանդիպումները` նշելով. «Մենք խնդիր ունենք լսելու մարզային երիտասարդությանը` պարզելու, թե 2011-2012թթ.-ին ինչ ծրագրեր են անհրաժեշտ մարզային մակարդակում, որոնք պետք է կյանքի կոչվեն լիազոր մարմնի` ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Այս հանդիպումն առաջին հերթին իրական կարիքի գնահատման փորձ է, քանի որ ցանկացած ծրագիր պետք է բխի կարիքից: Նման մոտեցման պարագայում բարձրանում է ծրագրերի առարկայականությունը, եւ թիրախային աշխատանքը շատ ավելի արդյունավետ է ստացվում»: Ա.Քարամյանը նշեց, որ պետական երիտասարդական քաղաքականության ծանրության կենտրոնն անհրաժեշտ է տեղափոխել մարզեր: Մարզային երիտասարդության խնդիրները ավելի մեծ ուշադրության կենտրոնում պետք է պահել: «Սա նաեւ բխում է ՀՀ կառավարության հաստատած մի շարք փաստաթղթերի ոգուց (տարածքային համաչափ զարգացում, ժողովրդագրական անվտանգություն): Ըստ էության, պետական երիտասարդական քաղաքականությունը պետք է նաեւ այս մասով իր նպաստը բերի: 2011թ.-ին երիտասարդական ոլորտին հատկացված բյուջեի տրամաբանությունը նույնպես ենթադրում է, որ ծրագրերի մեծ մասն ուղղվելու են դեպի մարզեր»,- ասաց Ա.Քարամյանը: Ըստ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի հաղորդագրության, 2010թ.-ի ընթացքում մեծ աշխատանքներ են տարվել մարզային երիտասարդական կենտրոնների կարողությունների հզորացման ուղղությամբ: Այս համատեքստում երիտասարդական միջոցառումների կազմակերպման մարզային կենտրոններին աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դորիս Վոգլը, խոսելով մարզային երիտասարդական կենտրոնների հետ համագործակցության մասին, նշեց, որ իրենց նպատակն է զարգացնել մարզային երիտասարդական կենտրոնների աշխատակազմերի կարողությունները, հզորացնել մարզային երիտասարդական կենտրոնների կամավորներին եւ աջակցել ժողովրդավարական կառավարման խորհուրդների զարգացմանը երիտասարդական կենտրոններում: «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Մերթարջյանը, անդրադառնալով մարզերի երիտասարդների ակտիվությանը, նշեց, որ այն կախված է երիտասարդության հիմնախնդիրների ճշգրիտ վերլուծությունից, որոնք վեր կհանեն այն պրոբլեմներն ու կարիքները, որոնց լուծմանն ուղղված ծրագրերն էլ կնպաստեն երիտասարդների ակտիվացմանը: Ս.Մերթարջյանը նշեց նաեւ, որ մարզերում պետական երիտասարդական քաղաքականությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով նախատեսվում է մինչեւ 2012թ.-ը բացել երիտասարդական միջոցառումների կազմակերպման եւս 5 համայնքային կենտրոններ:
Նոյյան տապան  -   Հասարակություն