Հայաստանի 2011թ.-ի պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտները կազմում են շուրջ 852 մլրդ դրամ, ծախսերը` 1,001 տրիլիոն դրամ


Հայաստանի 2011թ.-ի պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտները կազմում են շուրջ 852 մլրդ դրամ, ծախսերը` 1,001 տրիլիոն դրամ

  • 08-12-2010 20:04:43   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովը վերսկսեց ՀՀ 2011թ.-ի պետական բյուջեի նախագծի նախորդ քառօրյայում ընդհատված քննարկումը: Կառավարության կողմից ներկայացված վերջնական տարբերակը ծախսերի գծով կազմում է 1 տրիլիոն 1 մլրդ դրամ, եկամուտների գծով` 852 մլն դրամ, դեֆիցիտը` 148,6 մլրդ դրամ: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, այս նախագիծը համապատասխանում է մակրոտնտեսական իրողություններին եւ իր բովանդակությամբ, ձեւաչափով ու ֆինանսական կառուցվածքով բավականին հավասարակշռված եւ իրատեսական փաստաթուղթ է: Գալիք տարվա պետբյուջեի նախնական տարբերակի համեմատ շուրջ 2,4 մլրդ դրամով ավելացել են ընդհանուր եկամուտներն ու ծախսերը, իսկ դեֆիցիտը մնացել է անփոփոխ եւ կազմում է ՀՆԱ-ի 3,9 տոկոսը: Եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է դրամաշնորհների ծավալի մեծացմամբ, ինչը կապված է փոխարժեքի ճշգրտման հետ: 2011թ.-ի եկամուտների ընդհանուր գումարը 110 մլրդ դրամով գերազանցում է 2010 թ.-ի համար հաստատված ցուցանիշը: Այդ թվում զուտ հարկային եկամուտները կկազմեն 650 մրդ դրամ կամ ՀՆԱ-ի 17,3 %-ը, ինչը շուրջ 80 մլրդ դրամով ավելի է 2010թ.-ի համար հաստատված ցուցանիշից: Ծախսային մասը 2010թ.-ի համար հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 66 մլրդ դրամով, դեֆիցիտը կրճատվել է 44,8 մլրդ դրամով: Ըստ նախարարի, նախագծի նախնական քննարկումների արդյունքում ստացվել են 616 առաջարկներ եւ դիտողություններ` 26,1 մլրդ դրամի ընդհանուր արժեքով: Դրանք հիմնականում վերաբերում են լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացմանը, ինչպես նաեւ մի շարք ծախսային ծրագրերի վերաբաշխմանը: Առաջարկների հիմնական մասը վերաբերում է սոցիալ-մշակութային ծրագրերին` 19,4 մլրդ դրամ: 616 առաջարկներից ընդհանուր առմամբ ընդունվել եւ բյուջեի վերջնական տարբերակում ներառվել են 216-ը: Եվս 184 առաջարկների կապակցությամբ կառավարությունը ներկայացրել է լուրջ հինավորումներ: Համարվել է, որ դրանք կամ մասամբ կարող են ընդունվել, կամ կարող են հաշվի առնվել առաջիկա տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում: Առաջարկների մնացած հատվածը չի ընդունվել տարբեր հիմնավորումներով: Ինչպես նշեց Տ.Դավթյանը, մերժման հիմնական դրդապատճառները ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելն է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play