Հայաստանի և Վրաստանի գյուղնախարարներն առանձնազրույց են ունեցել


Հայաստանի և Վրաստանի գյուղնախարարներն առանձնազրույց են ունեցել

  • 19-08-2015 14:33:40   | Վրաստան  |  Տնտեսություն

Վրաստան կատարած այցի երկրորդ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որտեղ կայացել է երկու երկրների գյուղնախարարների առանձնազրույցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնման և նոր ուղղություններով փոխգործակցության զարգացման շուրջ: Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է երկուստեք ջանքեր ներդնել հատկապես ապրանքաշրջանառության ծավալների մեծացման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` ընդգծելով առկա ներուժի առավելագույնս արդյունավետ իրացման կարևորությունը: Երկու հարևան երկրների ագրարարին ոլորտի պատասխանատուներն առանձնացրել են փորձի փոխանակման հնարավորությունները մասնավորապես ձկնաբուծության ոլորտում և «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակում, որն ուղղված է գյուղատնտեսության եւ գյուղականհամայնքների կայուն եւ համապարփակ զարգացմանը: Հանդիպման ավարտից հետո Սերգո Կարապետյանը և Օթար Դանելիան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Հայաստանի գյուղնախարարը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով համագործակցության ընդլայնման հեռանկարներին, իր խոսքում հատկապես կարևորել է գյուղացիական կոոպերատիվների խթանման, ապահովագրական համակարգի ներդրման ուղղություններով գործակցության զարգացման անհրաժեշտությունը: Նախարարը հավելել է, որ Վրաստանի համար կարող է օգտակար լինել խաղողի սեղանի սորտերի աճեցման տեխնոլոգիաների, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման հայկական փորձը: Առանձնահատուկ կարևորվել է փոխայցելությունների ակտիվացումը երկու հարևան երկրների միջև ինչպես պաշտոնական մակարդակում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում: Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են ձեռներեցության խթանման կարևորությունը համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` մատնանշելով հայ և վրացի գործարարների համատեղ ներդրումներով ստեղծված «Իխտիոսի» ձկնաբուծարանի հաջողված օրինակը: Նախարար Կարապետյանն այցելել է նաև Վրաստանի սննդամթերքի անվտանգության գործակալություն և գիտական կենտրոն, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Այնուհետև Սերգո Կարապետյանն իր վրացի պաշտոնակցի ուղեկցությամբ ուղևորվել է Կախեթի, որտեղ այցելել է «Կինձմարաուլիս մարանի» գինեգործական ընկերություն, «Մեխանիզատոր» ծառայությունների կենտրոն: 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play