Ադրբեջանը Հայաստանի սահմանին իր գործողությունները համաձայնեցրել է Մոսկվայի հետ. Մեկնաբան


Ադրբեջանը Հայաստանի սահմանին իր գործողությունները համաձայնեցրել է Մոսկվայի հետ. Մեկնաբան

  • 04-09-2015 18:31:20   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի Բաքու կատարած այցը նշանավորվեց հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ռազմական գործողություններով: Լավրովը Բաքու էր գնացել Ադրբեջանին զենք վաճառելու առաջարկությամբ: ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է մտցրել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի դեմ, ինչի հետեւանքով ռուսական զենքի վաճառքը կարող է խիստ սահմանափակվել: Սպառազինության վաճառքը նավթից ու գազից հետո Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրն է, եւ այդ պատժամիջոցները կարող են նոր հարված հասցնել ՌԴ տնտեսությանը:

 

Ադրբեջանը ռուսական զենքի հիմնական սպառողներից է, եւ Լավրովը դրա համար էր շտապել Բաքու, պատժամիջոցների մասին լուրն առնելուն պես: Միջազգային պրակտիկայում հայտնի է, որ երբ նման հարցով զբաղվում է արտաքին գործերի նախարարը, նշանակում է պետք է լինի շատ կոնկրետ պայմանավորվածություն: Առավել եւս, որ Ադրբեջանին զենքի մատակարարումները ոչ թե սովորական կոմերցիա է, ինչպես հայ ժողովրդին փորձում են հրամցնել ռուս պաշտոնյաներն ու փորձագետները եւ հայաստանյան պրո-ռուսական խաժամուժը, այլ քաղաքական, կարելի է ասել անգամ՝ աշխարհքաղաքական խնդիր: Այդ պատճառով էլ, կոնկրետ, «համալիր» պայմանավորվածության համար Բաքու է մեկնել Լավրովը:

 

Ըստ ամենայնի, պայմանավորվածությունը տեղի է ունեցել, կամ տեղի է ունեցել խիստ կոնկրետ պայմանների շուրջ քննարկում: Ադրբեջանն անմիջապես ձեռնամուխ է եղել դրանց «փորձարկմանը», ընդ որում, ինչը հատկանշական է՝ ոչ թե Արցախի, այլ հենց Հայաստանի սահմանին, գնդակոծելով բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը: Սա ագրեսիա է, միջազգային նորմերի խախտում: Սակայն խնդիրն այստեղ միայն միջազգային նորմերը չեն:

 

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ինչպես նաեւ Ռուսաստանը: Ռուսաստանը նաեւ համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Բաքուն Հայաստանի սահմանին կրակելով, նպատակ ունի պարզել՝ արդյոք ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը կատարելու են իրենց պայմանագրային պարտավորությունները: Ալիեւն իհարկե գիտե, որ չեն կատարելու, եւ այդ մասին թե Մոսկվան, թե ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել են: Բացի այդ, Բաքվում հիանալի գիտեն, որ Ռուսաստանն ընդունակ չէ ընդհանրապես ունենալ դաշնակիցներ եւ կատարել որեւէ պարտավորություն:

 

Խնդիրն այս դեպքում այդ փաստն արդեն բոլորին ամբողջական, երկարատեւ ու համոզիչ ցուցադրելն է:

 

Ներկայում պայքար է ընթանում Ադրբեջանի համար, իսկ սովորաբար պայքարում են այն երկրի համար, որը վարում է անկախ քաղաքականություն: Ռուսները փորձում են «պահել» Ադրբեջանը, եւ այլ միջոց չեն գտել, քան հայկական շահերով ու զենքով Ադրբեջանի հետ առեւտուրը: Զուր չէ, որ Լավրովի այցի ժամանակ միջազգային մամուլում տեղեկատվություն հայտնվեց Արցախի տարածքի մի մասը Ադրբեջանին հանձնելու հնարավորության վերաբերյալ:

 

Բնականաբար, այս իրավիճակում թելադրողը լինելու է Բաքուն, որտեղ հասկացել են, որ դրա հարմար ձեւերից մեկն էլ Հայաստանը գնդակոծելն է: Այդպիսով, մի կողմից ցույց տալով Ռուսաստանի ներկայիս վիճակը, որն ընդունակ չէ կատարել իր պարտավորությունները, մյուս կողմից՝ ծանրացնելով սեփական նժարը Մոսկվայի հետ երկխոսությունում:

 

Պետք չէ կասկածել, որ Ադրբեջանը Հայաստանի սահմանին իր գործողությունները համաձայնեցրել է Մոսկվայի հետ: Մոսկվան շատ է ուզում ցույց տալ, որ ինքն է դրության տերը, եւ հանուն դրա պատրաստ է ամեն ինչի: Իսկ իրականում նրա ուժը ներկայում միայն Հայաստանի վրա է պատում: Բաքուն էլ հմտորեն օգտագործում է այս հանգամանքը՝ այդպիսով նվաստացնելով երբեմնի ազդեցիկ տերությանը:

 

Իրավիճակը կարող է հանգուցալուծել հայկական բանակը՝ վճռական հարվածներ հասցնելով, այդ թվում՝ հակառակորդի տարածքում, Հայաստանի սահմանների երկայնքով ստեղծելով «անվտանգության գոտի»: Դա համահունչ է միջազգային նորմերին, որի լուսանցքում են հայտնվել Ադրբեջանն ու Ռուսաստանը:

lragir.am

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play