Հայկական չիչխանից պատրաստվող արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային շուկայում


Հայկական չիչխանից պատրաստվող արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային շուկայում

  • 08-09-2015 14:29:45   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանում չիչխանի վերամշակմամբ զբաղվող միակ ընկերությունը` «Սամէլոն»-ը,  ավելացրել է իր արտադրատեսակները: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 2006 թվականից գործող գործարանն այս տարի «Ոսկե Հասկ » փառատոնի շրջանակներում տարածաշրջանի բնակչությանը և հյուրերին ներկայացրեց ոչ միայն չիչխանից պատրաստվող լիկյորը, գինին, օղին, բնական հյութերը, յուղը,  այլև քացախը և օշարակը:
 
 «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում «Սամէլոն» ընկերության տնօրեն Սամվել Մադոյանը նշեց, որ  ընկերության արտադրատեսակները բացառիկ են ինչպես հայաստանյան շուկայում, այնպես էլ ամբողջ աշխարհում. «Չիչխանի վերամշակման գործընթացի կարևոր և հիմնական բաղադրիչներից է մեղրը. այն համադրելով չիչխանի մեջ պարունակվող շատ լայն վիտամինային պաշարի հետ ստանում ենք եզակի և բուժիչ հատկություններով օժտված սննդամթերք»:
Ս. Մադոյանի տեղեկացմամբ` գործարանն ամեն տարի ավելացնում է ինչպես արտադրատեսակները, այնպես էլ  չիչխանի մթերման ծավալները: Եթե նախորդ տարիներին չիչխանի մթերման քանակը սկսվել է 300 կիլոգրամից և հասել մինչև 50-60 տոննայի, ապա այս տարի գործարանի հիմնադիրը մտադիր է  այդ քանակը հասցնել շուրջ 120-ի:
«Գործարանի հիմնական աշխատողները յոթն են, իսկ բերքահավաքի շրջանում ավելանում է սեզոնային աշխատողների թիվը մինչև 300 հոգի»,- նշեց Ս. Մադոյանը:
Վերջինս հավելեց նաև, որ շրջակա գյուղերի բնակիչները ևս ունենում են հնարավորություն մթերելու չիչխան` մեկ կիլոգրամի դիմաց ստանալով 500-700 դրամ:
Հարցին, թե որքանով է մատչելի գործարանի արտադրանքը տեղական շուկայում, Ս. Մադոյանը նշեց. «Ի տարբերություն այլ հումքերից պատրաստվող ապրանքատեսակների`  չիչխանի վերամշակումը բավականին դժվար և ժամանակատար գործընթաց է, հետևաբար հնարավոր է ավելի թանկ լինի, քան խաղողից պատրաստվող գինին, օղին կամ լիկյորը: 
«Արտադրության զարգացման համար պետք է կարողանանք մեծ քանակությամբ հումք մթերել, իսկ դա կապված է ֆինանսական լուրջ ծախսերի հետ, որոնք դեռևս չունենք: Ներկայումս մեծաքանակ պատվեր կա Ռուսաստանից, որը չենք սկսել երկու պատճառով` նախ չի մեկնարկել բերքահավաքի շրջանը և չկա համապատասխան պետական ֆինանսավորում»,- ընդգծեց Ս. Մադոյանը:
Վերջինիս փոխանցմամբ` չնայած փոքր ծավալներով, այնուամենայնիվ, ընկերության արտադրատեսակները հաջողվում է տարածել թե տեղի, թե արտասահմանյան շուկայում` ԱՄՆ, Եվրոպական գրեթե բոլոր երկրներ,  Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա և Վրաստան:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն