Ինչ է պատմելու Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում, կամ ում է հետաքրքրելու նրա պատմածը...


Ինչ է պատմելու Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում, կամ ում է հետաքրքրելու նրա պատմածը...

  • 10-09-2015 17:46:32   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Մոսկվայում Պուտինի ու Սերժ Սարգսյանի հանդիպումից մեկ օր անց հայտնի է դարձել, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարելու՝ Տ 90 տանկեր, ծանր հրանետներ, զրահամեքենաներ եւ այլ տեխնիկա: Հանդիպմանը Սերժ Սարգսյանը Պուտինին պատմել էր Հայաստանի սահմանի իրավիճակի մասին եւ ասել, որ ավելի մանրամասն կխոսի ՀԱՊԿ վեհաժողովի ժամանակ:

 

Թե ինչ է պատմելու Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում, կամ ում է հետաքրքրելու նրա պատմածը, մնում է անորոշ: ՀԱՊԿ-ը մի կառույց է, որի անդամները սերտ հարաբերություններ ունեն ոչ թե դրա մեկ այլ անդամ Հայաստանի, այլ ոչ անդամ Ադրբեջանի հետ: ՀԱՊԿ երկրները միջազգային ասպարեզում էլ հանդես են գալիս Ադրբեջանի շահերի օգտին, զենք են մատակարարում նրան, եւ այլն:

 

Այս ամենն արդեն ծիծաղելի է դառնում, եթե իհարկե այդքան ողբերգական չլիներ: Հայաստանը գնալով ավելի է խրվում ՀԱՊԿ-ում, վերջերս էլ ստորագրելով միասնական հակաօդային տարածքին միանալու պայմանագիրը: Ընթացքի մեջ են եւ նախապատրաստվում են այլ պայմանագրեր եւս, որոնք փաստացի «լուծարելու» են հայկական բանակը եւ նրան զրկելու են ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքից: Ավելին, չի բացառվում, որ Հայաստանի սահմանին լարվածություն հրահրելով, Ռուսաստանը հասնի այդտեղ ՀԱՊԿ ստորաբաժանում մտցնելուն: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կորցնելու է իր պաշտպանական հնարավորությունները ու մանեւրը, քանի որ ՀԱՊԿ-ը Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է: Ինչպես եւ Ռուսաստանը: Այսինքն, ՀԱՊԿ-ը կաշկանդելու է հայկական բանակի գործողությունները:

 

Գալով Ռուսաստանին, պետք է նշել, որ ռուսական պաշտոնական շրջանակները արդեն չեն էլ թաքցնում, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ, եւ նրա համար ավելի կարեւոր են Ադրբեջանի հետ հարաբերությունները: Նրանք ասում են, որ Ադրբեջանին տալիս են հարձակողական զենք՝ ավիացիա, տանկեր, հեռահար համակարգեր, իսկ Հայաստանին՝ պաշտպանողական՝ հակատանկային, հակաօդային միջոցներ: Ահա այսպես Մոսկվան պահում է «հավասարակշռությունը»:

 

Ռուսաստանը մտադիր է Հայաստանն օգտագործել երկու նպատակով՝ Ադրբեջանին իր քաղաքականության ուղեծրում պահելու եւ գյուղատնտեսական «փորատակ» դարձնելու համար: Այսպիսով, Ռուսաստանը հույս ունի պահել իր ազդեցությունը Հարավային Կովկասում:

 

Հայաստանում դեռ շարունակում են արդարացնել Ռուսաստանի այս քաղաքականությունը: Իհարկե, Մոսկվան կարող է անել ինչ ցանկանում է, դա իր գործն է, սակայն ամեն ինչ պետք է լինի համաչափ: Այսինքն, Հայաստանը պետք է իր քաղաքականությունը կառուցի՝ ելնելով այս իրավիճակից: Ողջ խնդիրը այստեղ է՝ նման քաղաքականություն չկա, ինչը Մոսկվային կստիպեր կամ լիովին բացել խաղաքարտերն ու վերջնական պատռել իր առասպելը հայ հանրության համար, կամ նստել առարկայական բանակցության:

 

Հայաստանը ներկայում գտնվում է իր համար հակաբնական մի միջավայրում, որտեղ բոլորն ունեն համատեղ շահեր, որոնք հակասում են Հայաստանի շահերին: Սա լուրջ խնդիր է եւ երբեւէ «պայթելու» է, քանի որ հակաբնական հարաբերությունները չեն կարող երկար շարունակվել:

 

Առայժմ հաջողվում է հայերին համոզել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից: Իրականում, Ռուսաստանն ավելի շատ է կախված Հայաստանից, քանի որ աշխարհում նրան ներկայում միայն Հայաստանում են լուրջ ընդունում: Սակայն սա ժամանակի հարց է, եւ այդ դեպքում Ռուսաստանը պարզապես դուրս է մղվելու Հարավային Կովկասից:

 

Ի տարբերություն Հայաստանի, Մոսկվայում սա շատ լավ են հասկացել: Ցանկացած միակողմանի քաղաքականություն ստեղծում է յուրահատուկ վակուում, որի մեջ հայտնվում է այդ քաղաքականությունն իրականացնողը: Մոսկվայի համար ամենասարսափելին երեւի դա է, որ իրենք հայտնվել են Հայաստանից կախման մեջ, եւ դրան դժվար է համակերպվել: Այստեղից էլ ռուսական քարոզչության հիստերիկ հարձակումները, սպառնալիքներն ու վիրավորանքները Հայաստանի ու հայերի հասցեին:

 

Եթե Հայաստանում սա գիտակցեն, իրավիճակը կտրուկ կփոխվի: Այդ գիտակցումը գալու է, որովհետեւ հակաբնական համակարգերն ու հարաբերությունները ժամանակի ու ամրության ռեսուրս չունեն:  

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play