ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկին

  • 17-09-2015 17:25:10   | Հայաստան  |  Տնտեսություն
 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: 
 
Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:
 
Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը` ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին ստեղծվել են բարենպաստ նախադրյալներ ոլորտի դինամիկ աճի համար:
 
Գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիների կարևոր ձեռքբերումների թվում նախարար Սերգո Կարապետյանը առանձնահատուկ կարևորել է Բելառուսից գյուղտեխնիկայի, մասնավորապես, տրակտորների ներկրման գործընթացը: Նախարարը նաև հավելել է, որ մատչելի պայմաններով առաջարկի դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել լրացուցիչ խմբաքանակի ներկրման հնարավորությունը:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բելառուսական ներդրումներով Հայաստանում տրակտորների հավաքման արտադրամասի հիմնման հարցին: Դեսպանը նաև առաջարկել է բելառուսական արտադրության կոմբայններ ներկրել Հայաստան և իրականացնել ցուցադրական շահագործում` հայ ֆերմերներին տեխնիկայի հնարավորություններին ծանոթացնելու նպատակով:
 
 Կողմերը երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններին` խթանելով ապրանքաշրջանառությունը:
 
ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ քննարկվել են նաև Բելառուսի ագրարային բուհերում հայ մասնագետների վերապատրաստման, գյուղմթերքի արտահանումների և սննդամթերքի անվտանգության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության սերտացման հարցերը:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն