Վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է հանրապետությունում խաղողի մթերման գործընթացով


Վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է հանրապետությունում խաղողի մթերման գործընթացով

  • 25-09-2015 13:49:09   | Հայաստան  |  Տնտեսություն

 








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 
Նիստում վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է հանրապետությունում խաղողի մթերման գործընթացով: Նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից: «Հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Հիմնականում աշխատանքները չեն սկսվել Վայոց ձորի մարզում, որտեղ շաքարայնությունը դեռևս ցածր է. մթերման աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 1-ից հետո: Երեկ ես եղել եմ Տավուշի մարզում, որտեղ նույնպես մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. 5 մթերող կազմակերպություններից 3-ը սկսել են մթերման աշխատանքները, 2-ն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կսկսեն: Իհարկե, խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ: Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Պետք է ասել նաև, որ որոշ կազմակերպություններում տարաները լիքն են, սակայն բոլորի կողմից կա այն մոտեցումը, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, և դաշտում խաղող չի մնալու: Այսօրվա դրությամբ մթերվել է 80 հազար տոննա խաղող, անցյալ տարվանից մոտավորապես 20 հազար տոննա պակաս: Մթերողների թիվն ավելանում է և ես համոզված եմ՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ մենք մթերումները նորմալ անցկացնելու ենք: Պետք է ասեմ, որ այս տարի խաղողի ծավալն անցյալ տարվա համեմատ բավականին ավելի է, նույնիսկ կարելի է ասել 30 տոկոսով: Մենք 15-20 տոկոսի կանխատեսումներ ունեինք, սակայն փաստորեն արտադրական ծավալներն ավելի են: Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 281 հազար տոննա խաղող, այս տարի սպասվում է 300 հազար տոննայի կարգի խաղող: Անցյալ տարի մթերվել է 181 հազար տոննա, այս տարի կանխատեսվում է ավելի շատ մթերել: Առաջարկն ավելի է քան պահանջարկը, սակայն այդ խոչընդոտները մենք կհաղթահարենք Ձեր օգնությամբ և կկարողանանք հարցերին լուծում տալ»,-ասել է գյուղատնտեսություն նախարարը: 
«Խնդրում եմ իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք և եթե հարց լինի՝ մենք պատրաստ ենք աջակցել»,- նշել է կառավարության ղեկավարը:

Խաղողի մթերման գործընթացը վերահսկվում է նաև ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից:


Պետությունը կաջակցի անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին՝ բարձրագույն կրթություն ստանալու հարցում

ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողների ըստ սահմանված չափերի համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում պետության կողմից կտրամադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Նշենք, որ գործող կարգով անապահով ընտանիքների ուսանողների վարձավճարը փոխհատուցվում էր միայն երկրորդ կուրսից սկսած, իսկ այժմ այն կտրվի առաջին կուրսից: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, իրականում, շատ կարևոր որոշում ենք ընդունում: Որոշում, որի շնորհիվ տարեկան մոտ 350 առաջին կուրսի ուսանող հնարավորություն կունենա իր բարձրագույն կրթությունը ստանալ պետության աջակցությամբ: Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս որոշումը մեր ընդհանուր քաղաքականության մասն է, որի վերջնանպատակը մեր լավ ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության ապահովումն է: Այս նպատակին հասնելու ճանապարհին մենք օրենքով ամրագրել ենք ուսման զեղչերի համակարգ սոցիալապես ամենախոցելի ընտանիքների ուսանողների համար: Օրենքով սահմանվել է նաև բուհերի զեղչային ֆոնդի նվազագույն ծավալը, որի միջոցները ուղղվում են ուսանողներին աջակցություն ցուցաբերելուն: Գործում է նաև արտոնյալ ուսանողական վարկերի համակարգը: Մենք ներդրել ենք «Փարոս» համակարգում ընդգրկված և լավ սովորող ուսանողների համար պետական աջակցության ծրագիր երկրորդ կուրսից: Այս որոշման շնորհիվ պետական աջակցությունը հասանելի կդառնա մեր երիտասարդների համար առաջին կուրսից, ինչը շատ կարևոր հարց է և շուրջ 350 ուսանող կօգտվի այս արտոնությունից»: 
Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գիտական և գիտատեխնիկական փորձաքննության բնագավառում սահմանվել է որպես լիազոր մարմին՝ քաղաքականության իրականացման, իրավական ակտերի նախագծերի մշակման, փորձաքննության կազմակերպման ու գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում գիտական ծրագրերի և թեմաների ընտրության մրցակցային պայմանների ներդրման նպատակով: Որոշումը կնպաստի գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխան գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի գիտական ծրագրերի և թեմաների ընտրությանը, ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:
Գիտության ոլորտին առնչվող մեկ այլ որոշմամբ գործադիրը նախատեսում է կանոնակարգել ծրագրերում գիտական աստիճան ունեցող կատարողների ներգրավման գործընթացները: Համապատասխան որոշումը կնպաստի գիտական գործունեության համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին հավելավճար հատկացնել մեկ ծրագրից՝ դրանից առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձին համապատասխան վարձատրություն ստանալու դեպքում:

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն