Հայաստանի Հանրապետության անկախության երկու գլխավոր փաստաթղթերը որպես պետական ուղենիշներ. Նարինե Մկրտչյան


Հայաստանի Հանրապետության անկախության երկու գլխավոր փաստաթղթերը որպես պետական ուղենիշներ. Նարինե Մկրտչյան

  • 25-09-2015 16:48:54   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Համաձայն 1990թ. օգոստոսի 23-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագրի՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները»1:
 
1990թ. օգոստոսի 23-ից մեկ տարի անց`1991թ. սեպտեմբերի 21-ին կայացած Հայաստանի անկախության հանրաքվեի արդյունքները պատմական և նշանակալից էին բոլոր առումներով:
 
Քսանչորս տարի առաջ Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ էր. անկախության հանրաքվեի մոտալուտ օրը՝ 1991թ. սեպտեմբերի 21-ը, դարձել էր համահայաստանյան հասարակական-քաղաքական խանդավառության օր, դեպի որը կողմնորոշված էր Խորհրդային Հայաստանի բնակչությունը: Ըստ Կենտրոնական հանձնաժողովի ներկայացրած արձանագրությունների արդյունքների՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2.163.967 քաղաքացիներից մասնակցել էր 2.056.758 քաղաքացի, որը կազմում էր քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 95,4 տոկոսը:
 
Հանրաքվեի այն հարցադրմանը, թե «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետութուն ԽՍՀՄ կազմից դուրս», «Այո» էին քվեարկել 2.042.262 քաղաքացի, որը կազմում է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 94, 39 տոկոսը: «Ոչ» քվեարկած քաղաքացիների թիվը 10.002 էր, որը կազմում էր քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 0,46 տոկոսը: Անվավեր ճանաչված քվեաթերթիկները թվով 4129 էին՝ 0,19 տոկոսը2: Անվավեր քվեաթերթիկների մեծ մասը պարունակում էր խանդավառ արտահայտություններ, շրթներկի հետքեր:
 
Հանրաքվեին հրավիրվել էին 117 դիտորդ 25 երկրներից: Սեպտեմբերի 21-ի Հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Գերագույն խորհուրդը սեպտեմբերի 23-ի նիստում ընդունեց Հայաստանի անկախության հռչակման մասին հետևյալ պատմական որոշումը3. «Հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների և ազգերի ազատ ինքնորոշման նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ, հիմք ունենալով 1991թ. սեպտեմբերի 21-ի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն»:
 
Հայաստանի Հանրապետության նորագույն շրջանի պատմության ընթացքում այս երկու պատմական փաստաթղթերը՝ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի սեպտեմբերի 23-ի որոշումը, որոնք ընդունվել են հասարակական խանդավառության, միջազգային վստահության, քաղաքական նոր իրողությունների, բարձր ներկայացուցչականության պայմաններում, առանցքային, հիմնարար, ծրագրային, ուղենշային դեր և նշանակություն ունեն Հայաստանի պետականության և հասարակության համար: Այս փաստաթղթերի գործողությունը, իրավունակությունը, քաղաքական դերակատարումն անվիճելի են, դրանք արհամարհելու, ոտնահարելու յուրաքանչյուր քայլ առաջացնում է ոչ միայն բարոյական, քաղաքական, հանրային, այլ, նախևառաջ, իրավական պատասխանատվություն:
 
Պետությունը` ընդհանրապես, անկախ պետականությունը՝ մասնավորապես, անկախ ժողովրդավարական պետությունը` հատկապես, ինքնանպատակ չեն. անկախ ժողովրդավարական պետությունը տվյալ տարածքում հասարակության ինքնակազմակերպման, ազատ ընտրությունների անցկացման, ներկայացուցչական հաստատությունների ձևավորման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման, երկրի անվտանգության, տարածքային անձեռնմխելիության երաշխավորման բարձրագույն ձև է:
 
Հասարակության ինքնակազմակերպման այդ բարձրագույն ձևը՝ պետությունը, ՄԱԿ անդամ դառնալուց և միջազգային սուբյեկտի կարգավիճակ ստանալուց հետո դառնում է միջազգային հանրության լիիրավ անդամ՝ իրավունք ստանալով կառուցել անկախ և միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետություն՝ ներքին և արտաքին, տնտեսական քաղաքականության մեջ որոշումներ կայացնելու ինքնուրույնությամբ, ազատ ընտրությունների անցկացմամբ, հասարակական և պետական անվտանգության ապահովման, երկրի տարածքային ամբողջականությունը և պետական սահմանները պաշտպանելու իրավունակությամբ: Նման նվաճումից և հեռանկարից աշխարհում հազվադեպ ժողովուրդներ են հրաժարվել:
 
1991թ. սեպտեմբերի 23-ի նիստում Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին» ուղղված ուղերձ4, ուր, մասնավորապես, ընդգծվում էր. «Խոհեմաբար յուրացնելով առաջադեմ պետությունների փորձը՝ մենք պետք է կարողանանք պահպանել և հարստացնել մերը: Այո՛, մենք գնում ենք դեպի համայն մարդկության ընտանիք, բայց արդեն մեր դրոշի ներքո, մեր անկախ պետականության և մեր ազգային սեփական դիմագծով: Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ: Դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար»:
 
Այսօր՝ 24 տարի անց, մենք ցավով, ամոթով, ափսոսանքով, դառնությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունն անկախության քննությունը չբռնեց՝ իր պատմության մեջ բազմիցս գերադասելով և ընդունելով օտար երկրի տիրապետությունը:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
 
Ներկայումս հաճախ կարելի է հանդիպել պնդումների, որ, եթե այսօր հանրաքվե անցկացվի Հայաստանը ԽՍՀՄ-ի (այսինքն՝ Ռուսաստանի) կազմ վերադարձնելու մասին, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ, ապա ՀՀ բնակչության մեծամասնությունը «կողմ» կքվեարկի: Այս պնդումները հերքելու կամ հաստատելու գործընթացը կարելի էր վստահել հայ սոցիոլոգներին, եթե, իհարկե, Հայաստանում սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ վստահության թեկուզ փոքր չափաբաժին պահպանված լիներ: Միաժամանակ պարզ է, որ 24 տարի առաջ Հայաստանի անկախությանը «դեմ» քվեարկած 10.002 քաղաքացիների համախոհների թիվն այժմ զգալիորեն ավելացել է:
 
Հայաստանի Հանրապետության անկախացումից 24 տարի անց ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության մարտահրավերները երբևէ այսքան իրական, վտանգավոր, սպառնալից չեն եղել, որքան այսօր: Օրինաչափ հարց է առաջանում՝ ինչու՞ Հայաստանի անկախությանը «կողմ» քվեարկած քաղաքացիներն ի զորու չեղան սատար կանգնել, պաշտպանել երկրի անկախությունը ներքին և արտաքին վտանգներից, Հայաստանի անկախության և ինքնիշխանության ներքին և արտաքին հակառակորդներից:
 
Ինչպես բնության, այնպես էլ քաղաքականության մեջ ոչինչ անհետևանք չի մնում. Հայաստանի ներքին և արտաքին յուրաքանչյուր ձախողում կուտակվելով մեծացնում է վերջինիս ինքնիշխանության մարտահրավերների աստիճանը:
 
Անհնար է պնդել, թե Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները միայն արտաքին քաղաքական պատճառներ և բնույթ ունեն: Հայաստանի ներքին քաղաքականությունը, որպես կանոն, միշտ թելադրել է արտաքին քաղաքականության քայլերն ու ուղեգիծը:
 
ՀՀ ինքնիշխանության մարտահրավերները պայմանավորված են երկու՝ ներքին և արտաքին գործոններով: Մենք գիտակցաբար չենք տարանջատում այդ երկու գործոնները, քանի որ դրանք հաճախ փոխկապակցված են: Վերջիններս ունեն նաև իրենց բաղադրիչները:
 
Պատմական-աշխարհագրական բաղադրիչ: Պատմականորեն Հայաստանը եղել, համարվել և ընկալվել է որպես ռուսական տարանուն կայսրության ազդեցության գոտի: 1813թ. հոկտեմբերի 24-ի Գյուլիստանի պայմանագրով5 Հայաստանը վերածվեց Ռուսաստանի հավերժական միջնաբերդի՝ ֆորպոստի, որի կարգավիճակից չի կարողանում ազատվել արդեն 200 տարի: Հայ հասարակական-քաղաքական միտքը պատմական այս բաղադրիչը մեծապես պայմանավորել, ձևակերպել և պատճառաբանել է Հայաստանի աշխարհագրական դիրքով:
 
Մինչդեռ առավել իրատեսական և նախաձեռնողական արտաքին քաղաքականության պարագայում Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող էր մեծապես նպաստել վերջինիս անկախության ամրապնդմանը, խաչմերուկում լինելու հանգամանքը կարող էր նպաստել Հայաստանում Արևելքի և Արևմուտքի քաղաքական հետաքրքրությունների և շահերի հատմանը՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների հավասարակշռությունը:
 
Հայ հասարակությանը մահմեդական հարևանների գոյությամբ ահաբեկելով` հայ քաղաքական առաջնորդները հայ ժողովրդին զրկել են սեփական ուժերին ապավինելու կարևոր գիտակցումից՝ դրանով իսկ վախ սերմանելով երկրի ինքնիշխանության նկատմամբ: Այսօրինակ արատավոր մոտեցումը և մտածելակերպը հայ ժողովուրդն իր նորագույն պատմության մեջ միայն մեկ անգամ հաղթահարեց՝ ղարաբաղյան շարժման և դրան հաջորդող մի քանի տարիներին (Հայ ժողովուրդն իր պատմության այդ էջը փակել է):
 
Հայաստանի ինքնիշխանության հնարավոր կորստի պատմական բաղադրիչը նաև ընդգծված գաղափարախոսական բնույթ է կրում, որն ամփոփված է «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսում:
 
Պատմականորեն ձևավորված-արմատացած հաջորդ արգելքը, որ կանգնած է ներկայիս Հայաստանի առջև, իր քաղաքական ճակատագիրը Ռուսաստանով պայմանավորելն է, շահերը` վերջինից ածանցելը: Այսօր պաշտոնական Երևանն իր շահերը մշտապես, արդեն ՀՀ Արտաքին գործերի նախարարի մակադակով, ստորադասում է օտար պետության՝ Ռուսաստանի շահերից, որի վկայությունը նախարարի վերջին հարցազրույցն է բրիտանական «BBC» ռադիոկայանին6:
 
Հայաստանի ինքնիշխանության հաջորդ մարտահրավերը քարոզչականն է: Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանի բոլոր դժվարությունները, որոնք հիմնականում պայմանավորված էին ղարաբաղյան պատերազմով և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի փլուզմամբ, նաև՝ մեծացող սոցիալական անարդարությամբ, հասարակությանը մշտապես մատուցվել են որպես անկախության անխուսափելի հետևանքներ:
 
Հետխորհրդային Հայաստանի գոյության 24 տարիների ընթացքում այդ քարոզչությունը շարունակաբար իրականացրել են ԶԼՄ-ները, հասարակական գործիչները, քաղաքական առաջնորդները, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք: ԶԼՄ-ներում, պետական համակարգում, կրթական հաստատություններում, հասարակական վայրերում այն իրականացվել է ինչպես բացահայտ, այնպես էլ քողարկված:
 
Հայաստանում երկրի անկախացումից ի վեր ռուսական ազդեցության գործակալների լայն ցանցը վերջինիս անկախության դեմ հակաքարոզչություն է իրականացնում: Նմանօրինակ լայնածավալ և անկանգ քարոզչության արդյունքում Հայաստանի բոլոր արատավոր երևույթների, ձախողումների, սոցիալական անարդարության, անպատժելիության, ապօրինությունների մեղավոր հռչակվեց անկախությունը` գանահարվելով հասարակական լայն շրջանակների կողմից: Այսօրինակ քարոզչությունը բարոյահոգեբանական ավերներ թողեց Հայաստանի հասարակական գիտակցության մեջ՝ խեղելով հանրային չափորոշիչները և ընկալումները: Անկախությունն աստիճանաբար ընկալվեց որպես չարիք, որից պետք էր ազատվել:
 
Այսօրինակ կենսակերպն ու մտածելակերպը հանդես բերեց երրորդ՝ բարոյահոգեբանական բաղադրիչը: Հայ ժողովրդին մշտապես ներարկելով «Մենք փոքր ենք», «Մեր երկրի չափերը փոքր են», «Մեզնից բան չի կախված», «Մենք ոչինչ չենք կարող որոշել աշխարհում, մեր փոխարեն արդեն որոշել են» մանիպուլյացիոն մտածելակերպը՝ անկախության հակառակորդներին հաջողվեց դրանք վերածել հանրային կարծրատիպերի, թեպետ դրանք ընդամենը մանիպուլյացիոն միֆեր են:
 
Քաղաքական բաղադրիչ: Հաջորդ մարտահրավերը, որը 1995թ.-ից ի վեր դարձել է Հայաստանի ինքնիշխանության դեմ իրական սպառնալիք, պարբերաբար ընտրակեղծիքներով, բռնարարքներով ուղեկցվող ընտրություններն են, որոնց արդյունքները ձևավորել են ոչ լեգիտիմ իշխանություն: Յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմությունն ավելի խոցելի է դարձրել Հայաստանի դիրքերն արտաքին աշխարհում, մեծացրել խզումը հասարակության և պետության միջև՝ դրանով իսկ էապես թուլացնելով հանրային վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ, ստիպելով իշխանություններին զիջման գնալ արտաքին գործընկերների հետ այնպիսի հարցերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար:
 
1995-2013թթ. հայաստանյան կեղծված բոլոր ընտրությունները «դամոկլյան սրի» նման կախված են եղել Հայաստանի ինքնիշխանության գլխին: Ընտրություններին նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածներում պաշտոնական Երևանի ընդունած արտաքին քաղաքական որոշումները, փաստաթղթերը, քաղաքական համաձայնություններն աստիճանաբար իր իսկ համար վերածվել են իրական սպառնալիքի:
 
Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակում` խորհրդարանական ընտրություններին և Սահմանադրության հանրաքվեին «ոչ» կողմնորոշված և ջանքերը միավորող ընդդիմության դիմակայության պայմաններում, ընտրակեղծիքներով և բռնարարքներով ուղեկցվող 1995թ. հուլիսի 5-ի Ազգային ժողովի ընտրություններից և Սահմանադրության հանրաքվեից մի քանի ամիս առաջ՝ 1995թ. մարտի 16-ին, պաշտոնական Երևանը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, կնքեց, ապա խորհրդարանական վավերացման ներկայացրեց «ՀՀ տարածքում ռուսական ռազմական հենակետերի մասին ՌԴ և ՀՀ միջպետական պայմանագիրը»7: Դրանով ՌԴ ռազմական միավորումները Հայաստանի տարածքում ձեռք բերեցին ռազմական հենակետերի կարգավիճակ, և Հայաստանի հարավային սահմանների վերահսկողութունը 25 տարի ժամանակահատվածով անցավ ռուսական կողմին:
 
2008-2009թթ. աղմկահարույց ընտրություններից հետո` 2010թ. օգոստոսի 20-ին, ՀՀ Անկախության հռչակագրի 20-ամյա տարելիցից 3 օր առաջ, ՌԴ նախկին նախագահ Դ. Մեդվեդևի` Երևան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց հայ-ռուսական Մեծ պայմանագրի թիվ 5 Արձանագրությունը8, որով Հայաստանում ռուսական ռազմահենակետերի տեղակայման ժամկետը երկարաձգվեց 49 տարով:
 
2013թ. փետրվարի ՀՀ նախագահի կեղծված ընտրություններից մի քանի ամիս անց՝ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միությանը միանալու Երևանի
 
պատրաստակամության մասին՝ դրանով իսկ մեկեն հրաժարվելով ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի ու Ասոցացման պայմանագրերի նախաստորագրումից, որի շուրջ բանակցություններն ընթանում էին չորս տարի անընդմեջ:
 
Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությանն այսպես արձագանքեց Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը9. «Շրջադարձ 180 աստիճանով: Կարծում եմ` Հայաստանը խզում է Եվրամիության հետ բանակցություններն Ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրի շուրջ, փոխարենն անդամակցում է Ռուսաստանին: Հայաստանը չորս տարի բանակցել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար: Այժմ նախագահը Կրեմլը նախընտրեց Բրյուսելից: Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն այլևս դուրս է գալիս օրակարգից»: 2013թ. նոյեմբերի 28-ին Վիլնյուսում Մոսկվայի դրդմամբ Երևանը հրաժարվեց ԵՄ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի նախաստորագրումից:
 
Երևանի քաղաքական այս ընտրությունն ամրապնդվեց 2014թ. մայիսին Աստանայում ստորագրված Եվրասիական տնտեսական միության կազմավորման փաստաթղթով10: Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց 2014թ. դեկտեմբերի 4-ին՝ «Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ միանալու մասին» որոշման ընդունմամբ:
 
1995թ. կնքված հայ-ռուսական Մեծ պայմանագիրը չփրկեց Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա քաղաքական թիմին: Վստահաբար՝ թիվ 5 Արձանագրությունը և ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը չեն փրկելու նաև Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական թիմին: Սակայն ձևավորվեց Հայաստանի ինքնիշխանութան մյուս վտանգը, որը վերջինիս անկախության դեմ աստիճանաբար վերածվեց իրական սպառնալիքի: Դա ՀՀ ինքնիշխանության արտաքին մարտահրավերների կամ արտաքին գործոնի ռազմաքաղաքական բաղադրիչն է:
 
Հայաստանն այժմ տարածաշրջանի միակ երկիրն է, ուր տեղակայված են ռուսական զինուժը և զինտեխնիկան: Չնայած հայ-ռուսական Մեծ պայմանագրին՝ Ռուսաստանը չի դադարում զենք վաճառել նաև Հայաստանի ռազմաքաղաքական հակառակորդին՝ Ադրբեջանին, նա շարունակում է տարածաշրջանի միլիտարիզացիան, ինչը տարածաշրջանում լրջորեն վտանգում է խաղաղությունը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման փոքր հնարավորությունը: Հայաստանի ինքնիշխանության ռազմաքաղաքական բաղադրիչն ամբողջանում է ղարաբաղյան հիմնախնդրի առկայությամբ և պատերազմի մշտական սպառնալիքներով:
 
ՀՀ ինքնիշխանության գլխին կանգնած հաջորդ մարտահրավերը կամ ներքին գործոնի հաջորդ քաղաքական բաղադրիչը Հայաստանում պառլամենտարիզմի աննախադեպ նահանջն է, դրա փաստացի բացակայությունը: Խորհրդարանը, որպես ներկայացուցչական հակակշիռ, չի
 
իրականացնում իր գործառույթները և պարտականությունները: Այստեղ չկան քաղաքական քննարկումներ երկրի քաղաքական առաջնահերթությունների, մարտահրավերների, աշխարհաքաղաքական իրավիճակի, ռազմաքաղաքական դրության, արտագաղթի, պետբյուջեի պարբերական մսխումների և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
 
ՀՀ Ազգային ժողովը փաստացի վերածվել է գործադիր իշխանության օրենսդրական նախաձեռնությունների դակիչի: Պառլամենտարիզմի բացակայությունը հնարավոր դարձրեց ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին, որին 2014թ. դեկտեմբերի 4-ին «դեմ» քվեարկեց միայն յոթ պատգամավոր: Պառլամենտարիզմի բացակայությունը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս միանձնյա որոշումներ կայացնել Հայաստանի քաղաքական ներկայի և ապագայի վերաբերյալ, որի վկայությունը 2013թ. սեպտեմբերի 3-ին՝ մի գիշերում ընդունված Մաքսային միությանը միանալու մասին որոշումն է:
 
Ինքնիշխանության սպառնալիքի քաղաքական բաղադրիչն ամբողջանում է նաև՝
 
* ՀՀ կուսակցությունների և քաղաքական հոսանքների ռուսական կողմնորոշմամբ, որոշ կուսակցությունների և դրանց ղեկավարների գործունեության՝ ռուսական աղբյուրներից իրականացվող ֆինանսավորմամբ,
 
* Հայաստանում ռուսական ազդեցության գործակալների ցանցի առկայությամբ և ՀՀ պետական կառավարման համակարգում դրանց ներդրմամբ,
 
* ՀՀ անվտանգության մարմինների՝ ժամանակ առ ժամանակ Մոսկվայից ուղղորդվող գործունեությամբ:
 
Հասարակական բաղադրիչ: ՀՀ ինքնիշխանության հասարակական սպառնալիքներից ամենալուրջը Հայաստանից արտագաղթի ծավալների աննախադեպ աճն է: Մասնավորապես, Հայաստանից Ռուսաստան արտագաղթի ծավալների աճը կամուրջ հանդիսացավ դեպի Հայաստան Մոսկվայի լայնածավալ վերադարձի համար:
 
Հասարակական հաջորդ բաղադրիչը Հայաստանում կոռուպցիայի և կաշառակերության բարձր ռիսկային մակարդակն է: Այս շարքից մեկ այլ բաղադրիչ է Հայաստանում պետական լեզվի՝ հայերենի դիրքերի էական թուլացումը:
 
ՀՀ ինքնիշխանության հաջորդ մարտահրավերն արտաքին քաղաքական է. հայ-թուրքական սահմանի փակ լինելու հանգամանքը, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, հայ-թուրքական միջպետական հարաբերությունների բացակայությունը, Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ գրեթե թշնամական դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունն առավել կախվածության մեջ է պահում երրորդ երկրից՝ Ռուսաստանից: Ըստ այդմ, Հայաստանի ապաշրջափակումը, հայ-թուրքական միջպետական հարաբերությունների հաստատումը, Թուրքիայի քաղաքական վերաբերմունքի փոփոխությունը և ժխտողական քաղաքականության վերանայումը Հայոց Ցեղասպանության հարցում կարող են մեծապես նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ապահովմանը:
 
Դրանից բխում է ՀՀ ինքնիշխանության մյուս սպառնալիքը` Հայաստանի անվտանգության ապահովումը երրորդ երկրով, տվյալ դեպքում Ռուսաստանով պայմանավորելու՝ Հայաստանի հասարակության և իշխանության մտայնությունն է: Սեփական ուժերին ապավինելու, հայկական զինված ուժերի բարեփոխման, արատավոր բարքերի և երևույթների վերացման, կանոնադրական հարաբերությունների հաստատման փոխարեն Հայաստանն իր անվտանգությունը պայմանավորում է մի երկրով, ով զենք է վաճառում հակառակորդ Ադրբեջանին:
 
ՀՀ ինքնիշխանության լրջագույն սպառնալիքի է վերածվել արտաքին քաղաքական հաջորդ բաղադրիչը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական տնտեսությանը և քաղաքականությանը Հայաստանի սերտաճումը լրջորեն վտանգել է վերջինիս տնտեսական զարգացման հեռանկարները: Արտաքին աշխարհում Ռուսաստանի դրդմամբ Հայաստանը հանդես է գալիս վերջինիս շահերի պաշտպանությամբ` այն դեպքում, երբ Կրեմլի շահերն այժմ հակադրվում են միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի նորմերին և փաստաթղթերին:
 
Գտնվելով Մոսկվայի շահերի սպասարկման կիզակետում՝ Հայաստանը գիտակցաբար կրում է այն բոլոր հարվածները, որոնք ստանում է Ռուսաստանը՝ միջազգային բարձրագույն ատյաններում պաշտպանելով վերջինիս մերժելի դիրքորոշումները և գործողությունները: Ըստ այդմ, Հայաստանի ինքնիշխանության գլխին կանգնած մյուս սպառնալիքը դառնում է Հայաստանի միջազգային մեկուսացումը: Այսօր պաշտոնական Երևանը լրջորեն վտանգում է հարաբերություններն այնպիսի կարևոր գործընկերների հետ, ինչպիսիք են` Վրաստանը, Ուկրաինան, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ:
 
Հայաստանի ինքնիշխանության մյուս սպառնալիքը բխում է տնտեսական բաղադրիչից, որը դարձյալ պայմանավորված է Ռուսաստանով: 2002թ.` Ռ. Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության 100 մլն դոլար պետական պարտքի դիմաց ՀՀ հինգ ձեռնարկություններ որպես սեփականություն հանձնեց ՌԴ-ին:
 
Մոսկվան Երևանի առաջարկած ձեռնարկությունների ցանկից ընտրել էր չորսը՝ Հրազդանի ՋԷԿ-ը և էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություն` «Մարս» գործարանը, Կառավարման ավտոմատացված համակարգերի և Նյութաբանության գիտահետազոտական ինստիտուտները։ Այս ցուցակը համաձայնեցվել էր 2001թ. դեկտեմբերի 29-ին` Իլյա Կլեբանովի` հայաստանյան այցի ընթացքում: 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում Պուտինի այցի ընթացքում ստորագրվեցին 12 փաստաթղթեր, որոնցից մեկով ՀՀ կառավարությունը
 
«Գազպրոմ»-ին զիջեց «Հայռուսգազարդ»-ում իր բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը11: Տնտեսական մյուս համաձայնագրերով ՀՀ տնտեսության ապագան հանձնվեց ՌԴ-ին:
 
Ռուսաստանի ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային ինտերվենցիան (լատ. Intervention, թարգ.՝ ներխուժում, միջամտություն) Հայաստան ամբողջացավ: Ինտերվենցիան մեկ կամ մի քանի պետությունների բացահայտ կամ քողարկված միջամտությունն է մեկ այլ պետության ներքին գործերին՝ ուղղված նրա տարածքային ամբողջականությանը կամ քաղաքական անկախությանն ու ինքնիշխանությանը: Ներխուժումը կարող է լինել ռազմական, տնտեսական, դիվանագիտական: Այն անհամատեղելի է ՄԱԿ-ի Կանոնադրության հետ: Միջազգային իրավունքն արգելում է ինտերվենցիան բոլոր տեսակներով 12:
 
Ռուսական ներխուժումը Հայաստան ավարտին հասցրեց Սերժ Սարգսյանը: Սա իշխանության բացահայտ զանցառում է, իրավունքների գերազանցում՝ ultra vires, որն առաջացնում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական հետևանքներ:
 
Հայաստանի անկախության և ինքնիշխանության ինքնալուծարման այս աղետալի գործընթացը կարող է անկասելի դառնալ, եթե մենք՝ ՀՀ քաղաքացիներս, չկանգնեցնեք այն: Դա մեր անօտարելի իրավունքն է, նույնքան անօտարելի, որքան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:
 
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED),
 
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
 

Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ

ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play