Երևանում կառուցվելու է նոր բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր


Երևանում կառուցվելու է նոր բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր

  • 01-10-2015 16:53:06   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարության որոշմամբ «Կարուսել Իսթաբլիշմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Վազգեն Սարգսյան 1 հասցեում (ք.Երևան), գտնվող անշարժ գույքը փոխանակել ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սարգսյան 3 հասցեում (ք.Երևան) գտնվող անշարժ գույքի հետ: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը ընդգծել է, որ հողը տարիներ շարունակ եղել է մեր հայրենակից Վաչե Մանուկյանի սեփականությունը, և այնտեղ որևէ կառուցման աշխատանք չի իրականացվել: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Վաչե Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ 60 մլն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ: Արդյունքում՝ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր, որի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի: Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային այս ծրագիրը, հատկապես, տնտեսական ակտիվության առումով: 
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով պետական սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով կներդրվի հեռուստաընկերության կանոնադրական կապիտալում:
 
 
Օրենսդրական նախաձեռնություններ
 
 
Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների գանձման գործառույթները: Ներկայումս օրենսդրական հակասությունների հետևանքով հարկային մարմինը հնարավորություն չունի արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելանքի կիրառման և հարկադիր գանձման գործառույթները: 
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կկանոնակարգվի քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգն ու պայմանները:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունման արդյունքում կկարգավորվեն 2016 և 2017 թվականներին ՀՀ պետբյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկումները: 
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
 
 
Այլ հարցեր
 
 
Գործադիրն իր համաձայնությունն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության, ինչպես նաև Տոգոյի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը 2009թ.-ից ստանձնել է տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է ստեղծել տեսչական նոր համակարգ: Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին որոշում: Տեսչական մարմինների որակի ապահովման գործունեությունն ուղղված է տեսչական մարմինների գործունեության շարունակական կատարելագործումն ապահովելուն:
Ելնելով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից` վերանայվել է ՀՀ-ում գործող մասնագիտությունների ցանկը: Ըստ այդմ, կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի արդյունքում կներդրվի այդ մասնագիտությունների նոր ցանկը՝ Կրթության դասակարգման միջազգային ստանդարտներին համապատասխան: 
Գործադիրի որոշմամբ Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ճանապարհի հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 20 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև Արմավիր համայնքի խորքային հորերից ոռոգման պոմպերով օգտագործված էլեկրտաէներգիայի արժեքը փոխատուցելու նպատակով: 
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Ուսուցչի օրվա կապակցությամբ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու, հանրապետության լավագույն ուսուցիչների համար առավել լիարժեք տոնական մթնոլորտ ապահովելու, հասարակության մեջ նրանց դերակատարության գնահատման և արժևորման նպատակով:
 
 
Հայաստանը մրցունակության համաշխարհային զեկույցով բարելավել է իր դիրքը
 
 
Նիստի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել հայտարարությամբ և ներկայացրել Գլոբալ մրցունակության համաշխարհային զեկույցի 2015-2016 թթ. արդյունքները: Ըստ այդմ, Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղն` առաջընթաց գրանցելով 3 կետով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցվել 7 հենասյուների գծով, մասնավորապես, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրաստման, ապրանքների, աշխատուժի շուկայի արդյունավետության, ֆինանսական շուկաների զարգացման գծով: Որոշակի փոփոխություններ են եղել ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության և գործարարության կատարելագործվածության աստիճանով: Ըստ այդմ, Հայաստանը բարելավել է իր դիրքերը, ինչը հետագայում նաև որոշակի ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա: 
Նախարարի խոսքով՝ HSBC-ի խմբի կողմից պատրաստված հոդվածը ցույց է տվել, որ չնայած ընդհանուր տնտեսական միջազգային զարգացումներին և, մասնավորապես, ասիական շուկաների տատանումների ֆոնին, Հայաստանն ընդգրկվել է այն երկրների մեջ, որոնք ունեն 3 տոկոսից ավելի տնտեսական աճ և միևնույն ժամանակ հենց այդ անբարենպաստ ֆոնին ունեցել են ինֆլյացիոն առավելապես մեղմ դաշտ, որը նույնպես դրական է բնորոշում: Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է նաև, որ բացի այդ հրապարակվել է Գլոբալ ինովացիոն զեկույցը, որտեղ Հայաստանը 140 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 4 տեղով բարելավելով իր դիրքերը: Ըստ նախարարի՝ սա բավականին լուրջ գնահատական է և լուրջ վերլուծությունների արդյունք: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն