ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Վայոց ձորի մարզ


ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Վայոց ձորի մարզ

  • 02-10-2015 18:39:49   | Վայոց ձորի մարզ  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր` խաղողի մթերման մեկնարկին ընդառաջ տեղում խնդիրները քննարկելու նպատակով: 
 
Նախարարի այցի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և «Սպայկա» ընկերության ներկայացուցչի  ուղեկցությամբ նախարարը  նախ դիտարկել է համայնքի խաղողի այգիները, զրուցել խաղողագործների հետ: 
Աղավնաձորցիները հայտնել են, որ գոհ են  այս տարվա բերքից` միաժամանակ որոշակի մտահոգություն հայտնելով իրացման խնդիրների շուրջ: Նախարարը տեղեկացրել է, որ արդեն մարզ է ժամանել «Արմենիա Վայն» ընկերության ներկայացուցիչը, ով նախատեսում է գյուղացիների հետ պայմանագրեր կնքել: 
«Այս տարի Վայոց ձորի մարզում առկա է խաղողի առատ բերք, և վերամշակող ընկերությունները հոկտեմբերի 5-ից կսկսեն մթերման գործընթացը: Ընդհանուր առմամբ, Վայոց ձորի մարզից պատրաստ են խաղողի մթերումներ իրականացնել  ընդհանուր թվով 17 ընկերություն, որից 10-ը գործում են մարզում», -  նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` մարզում անցյալ տարի արտադրվել է շուրջ 5100 տոննա խաղող, այս տարի բերքն ավելի առատ կլինի, որից մոտ 3000 տոննան կկազմի «Արենի» սորտը: 
Նախարար Կարապետյանը հավաստիացրել է, որ ամբողջ բերքը  մթերվելու է, և այս առումով մտահոգություններ չկան, սակայն խաղողագործները և մթերող ընկերությունները  որոշակի անհամաձայնություններ ունեն մթերման գնի շուրջ: «Արմենիա Վայն» ընկերությունը ներկայումս «Արենի» սորտի դեպքում պայմանագրեր են կնքում 200-210 դրամով: Նկատի ունենալով բերքի առատությունը` նախարարը հորդորել է գյուղացիներին ըմբռնումով մոտենալ խնդրին: 
Նախարարը ևս մեկ անգամ հորդորել է ավելորդ շտապողականություն չցուցաբերել, նշելով, որ  այն  խաղողագործները, ովքեր չունեն պայմանագրեր ևս մտահոգվելու առիթ չունեն․ նրանց արտադրած ամբողջ բերքը ևս մթերվելու է։
Նախարար Սերգո Կարապետյանի տեղեկացմամբ` ներկայումս մթերման հետ կապված հերթեր են գոյացել Արարատի և Արմավիրի մարզերում, սակայն միջոցներ են ձեռնարկվում այս հարցի լուծման ուղղությամբ: Աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու համար այժմ մի շարք փոքր ընկերությունների վարկեր են տրամադրվում: Ընդ որում  որոշ ընկերություններ  արդեն ստացել են այդ վարկերը, իսկ  մյուս մասը՝  քննարկման փուլում է:
Նախարարը նաև շեշտել է, որ այս խնդիրը գտնվում է ՀՀ վարչապետի և իր մշտական ուշադրության կենտրոնում:      
 «Սպայկա» ընկերության ներկայացուցիչ Համլետ Թադևոսյանն իր հերթին նշել է, որ նախորդ տարի ընկերությունը Վայոց ձորի մարզում մթերել է 230 տոննա խաղող, այս տարի նախատեսում են  ավելացնել մթերման ծավալները` հասցնելով մինչև 300 տոննայի: Բացի այդ գյուղացիների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել մթերել նաև մոտ 100 տոննա  սպիտակ սորտի խաղողը: Նա նաև ընդգծել է, որ ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումները կկատարվեն ժամանակին: Անդրադառնալով արտահանմանը վերաբերող հարցերին` Համլետ Թադևոսյանը նշել է, որ այս տարի այն անցնում է սահուն կերպով, իսկ ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները:   
Այնուհետև նախարարն ուղևորվել է Եղեգնաձորի «Գետնատուն» ընկերություն, որտեղ մթերման մեկնարկի նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվում,  եղել է Գետափի գինու գործարանում: Այստեղ նախարարին տեղեկացրել են ֆինանսական որոշակի խնդիրների առկայության մասին, որոնց լուծման դեպքում անմիջապես կանցնեն մթերման աշխատանքներին: 
Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև «Հին Արենի» գինու գործարան: Տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով` այստեղ մթերումները սկսվել են սեպտեմբերի 22-ից, այդ ընթացքում մթերվել է թե' գործարանի և թե' գյուղացիների մոտ 110 տոննա բերքը, վճարումներն իրականացվել են անմիջապես: 
ՀՀ գյուղնախարարությունից հտայտնում են՝ նախարարի վերջին կանգառն Արենի գինու գործարանում էր, որտեղ մթերումները կսկսվեն երկու օրից:          
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն