60-ից ավելի իրանցի գոծարարներ ծանոթացան Հայաստանի ներդրումային դաշտի առավելություններին


60-ից ավելի իրանցի գոծարարներ ծանոթացան Հայաստանի ներդրումային դաշտի առավելություններին

  • 09-10-2015 17:32:39   | Հայաստան  |  Տնտեսություն

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ վերջին յոթ ամիսների ընթացքում Իրանից Հայաստան է ներմուծվել 152 մլն դոլարի չափով ապրանք, իսկ Հայաստանից Իրան արտահանվել` 42 մլն դոլարի չափով: 
 
Ինչպես հոկտեմբերի 9-ին լրագորղների հետ զրույցում ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդ Հմայակ Ավետիսյանը,  Հայաստանից արտահանվող արտադրատեսակները շատ սահմանափակ են Իրանի 80 միլիոնանոց  շուկայի համար, սակայն մեծ պոտենցիալ կա հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:  
Նրա փոխանցմամբ`  հայ-իրանական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստան  ժամանած  60-ից ավելի իրանցի գործարարի հետ քննարկելու են ինչպես առևտրաշրջանառության ծավալների մեծացման հետ կապված խնդիրները, այլև ուսումնասիրելու են այն բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան Հայաստանում ստեղծել համատեղ ձեռնարկություններ և դուրս գալ երրորդ երկիր:  
Տեղեկացվեց, որ իրանցի գործարարների խմբում ընդգրկված են բանջարեղենի, երշիկի և նրբերշիկի, ձկան, թռչնակերի, չրի, կաթնամթերքի, պոմպերի, խողովակների,  ավտոպահեստամասերի, հագուստի և այլ ապրանքների արտադրությամբ, ինչպես նաև ջերմոցային տնտեսությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններ: 
Հ. Ավետիսյանի խոսքերով` Իրանի նկատմամբ դեռևս կիրառվող սանկցիաների պատճառով երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է դժվարություններով, մասնավորապես, դժվարություններ են առաջանում բանկային փոխանցումների սահմանափակումների հետևանքով. «Գործարարներն առևտուր անելիս գումարը փոխանցելու խնդրի հետ են բախվում, ինչը դժվարացնում է գործը»,- ասաց նա: 
ԻԻՀ դեսպանատան առևտրային կցորդի տեղեկացմամբ` Իրանում գործարարներն աստիճանաբար սկսել են արտադրել և արտահանել այնպիսի արտադրատեսակներ, որոնք նախկինում չէին թույլատրվում, իսկ սա ենթադրում է, որ Իրանում բացվել են նոր հնարավորություններ երկկողմ արդյունավետ փոխգործակցության համար:
Ըստ Հ. Ավետիսյանի`  Հայաստանից Իրան ամենաշատն արտահանվող արտադրատեսակներից են ոչխարի միսը, երբեմն կարտոֆիլը, որոշ մետաղներ, դեղորայք և բժշկական սարքավորումներ:  
Հայկական զարգացման հիմնադրամի առաջատար մասնագետ Պարույր Ջանգուլյանը հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում իրանցի գործարարներին ծանոթացրեց Հայաստանի ներդրումային դաշտի առավելությունների հետ: 
Ըստ նրա` Հայաստանում կա բավական որակյալ աշխատուժ,  ազատական օրենսդրություն,  ազատ առևտրի գոտիներ, օտարերկրյա ներդրումները պաշտպանող օրենսդրություն, ինչը բարենպաստ միջավայր է ստեղծում ներդրումների համար: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Տնտեսություն