Ու՞մ է հարվածել Թուրքիան օդային սահմանին.Մեկնաբան


Ու՞մ է հարվածել Թուրքիան օդային սահմանին.Մեկնաբան

  • 16-10-2015 17:44:27   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Ռոյթերզը հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին խփել են չճանաչված օդանավ, երեք նախազգուշացումից հետո: Դեռեւս ավելի մանրամասն տեղեկություն չկա, թե ինչ օդանավի մասին է խոսքը, սակայն տեղի ունեցածն ինքնին մեծ ուշադրության է արժանի մի քանի հանգամանքի պատճառով:

 

Առաջին հերթին, ուշադրության կենտրոնում է հայտնվում Թուրքիայի օդային սահմանը խախտած ռուսական օդանավերի պատմությունը: Նախօրեին կրկին տեղեկություն էր տարածվել, թե Թուրքիան Ռուսաստանից դեռեւս բացատրություն է պահանջում օդային սահմանի խախտման այդ միջադեպերի կապակցությամբ:

 

Այդ միջադեպերից հետո Թուրքիան ռազմական ուղղաթիռներով խախտեց Հայաստանի օդային սահմանը: Փորձագիտական հանրությունը գրեթե միաբերան արձանագրեց, որ դրանով Անկարան փորձում էր պատասխանել ռուսական օդուժի խախտման դեպքերին ու հասկացնել Ռուսաստանին, որ զերծ չի մնա պատասխանից: Իսկ այն, որ Թուրքիայի պատասխանի միակ թիրախ այդ առումով Հայաստանը կարող է լինել, կասկածից վեր է, քանի որ Թուրքիան ՌԴ հետ անմիջական սահման չունի, իսկ Հայաստանն էլ Ռուսաստանի ոչ միայն դաշնակիցն է եւ քաղաքական ենթական, այլ նաեւ այստեղ տեղակայված են ռուսական ռազմակայան եւ սահմանապահ զորք: Դժբախտաբար, դա է Թուրքիայի ամենամոտ ռուսական թիրախը, այսպես ասած պատասխանի դեպքում: Ու դա չափազանց մեծ ռիսկ է Հայաստանի համար:

 

Հատկանշական է, որ պաշտոնական Երեւանը մեծ հաշվով որեւէ կերպ չարձագանքեց թուրքական ուղղաթիռների երկու օր կրկնված միջադեպին: Դրան որեւէ կերպ չարձագանքեց նաեւ ՀԱՊԿ-ը, որի պատասխանատվության գոտի է նաեւ Հայաստանը: Ի տարբերություն, ի դեպ, ՆԱՏՕ-ի, որը բավական հստակ արձագանքեց իր պատասխանատվության գոտում գտնվող Թուրքիայի օդային սահմանի ռուսական օդանավերի պատմությանը:

 

Երեւանի եւ ՀԱՔԿ լռությունը տագնապալի կերպով վկայեց, որ տեղի է ունեցել որեւէ «լռելյայն գործարք», իսկ թե հատկապես ինչ բովանդակությամբ, գուցե ինչ որ կերպ պարզ կդառնա ժամանակի ընթացքում:

 

Եվ ահա, թուրք-սիրիական սահմանում չճանաչված օդանավին հասցված հարվածը, որի պարագայում մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ հարվածը հաջորդում է Օբամա-Էրդողան հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում ռուսական զինուժի գործողությունների խնդիրը: Թե ինչ են քննարկել Օբաման ու Էրդողանը, բնականաբար մանրամասներով հայտնի չէ, իսկ հրապարակված տեղեկությունն իհարկե քիչ բան է ասում: Սակայն հատկանշական է, որ այդ քննարկումից հետո տեղի է ունենում այս միջադեպը:

 

Ինչ խոսք, կարող են էական նոր հանգամանքներ ի հայտ գալ, երբ պարզվի, թե ինչ օդանավ է եղել խփվածը: Պարզ է միայն, որ այն եղել է անօդաչու: Իսկ թե ում է պատկանել, դեռեւս հայտնի չէ:

 

Ի դեպ, հետաքրքիր է, որ ներկայում ՆԱՏՕ անդամ երկրները Թուրքիայի եւ Սիրիայի սահմանից դուրս են բերում Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք տեղակայվել էին սիրիական հակամարտության թեժացմանը զուգահեռ, օժանդակելու համար Թուրքիային:

 

Ինչո՞վ է պայմանավորված այդ քայլը: Թուրքիայի եւ Սիրիայի սահմանը այլեւս անվտա՞նգ էին համարում, թե՞ հակառակը՝ Թուրքիային թողնում էին վտանգի դեմ միայնակ, դրանով իսկ փորձելով Անկարայի հետ լուծել քաղաքական հարցեր:

 

Եվ արդյոք այդ գործընթացին զուգահեռ Անկարայի հարվածն անօդաչու սարքին պատասխան չէ, որ հանելով հակահրթիռային համակարգերը, ՆԱՏՕ դաշնակիցները չեն կարող քաղաքական շանտաժի ենթարկել Թուրքիային ու ներկայացնել քաղաքական պահանջներ, եւ Անկարան ի զորու է ինքնուրույն պաշտպանել իր օդային տարածքը:

 

Ներկայում Անկարայի հետ բավական բուռն բանակցության մեջ է նաեւ Եվրամիությունը, որտեղ առանցքային խնդիր է դիտվում միգրանտների հոսքի դադարեցման հարցը: Եվրամիությունը փորձում է կոշտացնել խնդրի հանդեպ վերաբերմունքը, ինչը նշանակում է, որ կարիք է լինելու վերաբերմունքը կոշտացնել նաեւ միգրանտների տարանցիկ ուղի հանդիսացող Թուրքիայի հանդեպ:

 

Միաժամանակ պարզ է, որ Թուրքիան ներկայում ունի ներքին լրջագույն խնդիր՝ խորհրդարանի ընտրությունը նոյեմբերի 1-ին եւ ընթացող ներքին հակամարտությունը քրդերի հետ: Թե ԱՄՆ, Թե Եվրոպան բնականաբար կփորձեն այդ հարցերն օգտագործել Անկարային եվրատլանտյան քաղաքական ուղեծրում պահելու համար, հնարավորինս խոչընդոտելով ռուս-թուրքական որեւէ պայմանավորվածություն Սիրիայի հարցում:

 

Իհարկե, խնդիրն ամենայն հավանականությամբ առավել լայն է եւ այստեղ միայն լոկալ հարցեր չէ, որ գտնվում են թուրք-ամերիկյան եւ թուրք-եվրոպական բանակցությունների սեղանին:

 

Արեւմուտքը ներկայում չունի Թուրքիայի հետ բացառապես մահակի դիրքերից խոսելու հնարավորություն: Ավելի շուտ ռեսուրսային հնարավորություն կա, չկա անհրաժեշտ միջավայրը, որի պարագայում նպատակը կարդարացնի այդ միջոցը: Թուրքիայի հանդեպ կիրառվում է մտրակի ու բլիթի քաղաքականություն: Ի դեպ, այդ տեսանկյունից ուշագրավ կարելի է համարել նաեւ նախօրեին Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշումը, որը մեծ հաշվով Թուրքիային կարող է ազատել ոչ միայն Շվեյրացիայի, այլ ընդհանրապես Եվրոպայի մասշտաբով մի կարեւոր խնդրից՝ հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումից:

 

Հայաստանն այսպես, թե այնպես, Թուրքիայի շուրջ թե եվրատլանտյան, թե ռուսական քաղաքականության ծավալման պարագայում անխուսափելիորեն լինելու է իրադարձությունների զարգացման ճանապարհին եւ շատ դժվար է կանխատեսել, թե դրանք երբ ու ինչ տեսքով կարող են առնչություն ունենալ Հայաստանին: Համենայն դեպս, արդեն իսկ այդ ընթացքում եղել է երկու տագնապալի ազդակ՝ ուղղաթիռների միջադեպն ու ՄԻԵԴ որոշումը:

 

Ակնհայտ է, որ Հայաստանի անվտանգությունը ստեղծված իրավիճակում ուղղակի կախված է ինքնուրույնությունից, ինքնիշխան քաղաքականության իրականացումից: Սակայն ակնհայտ է նաեւ, որ ինքնիշխանությունը տվյալ դեպքում միջոց է ձեւակերպված նպատակների իրականացման համար: Մինչդեռ Հայաստանը կարծես թե ունի նաեւ ձեւակերպված նպատակների խնդիր, այդ թվում Թուրքիայի հետ հարաբերության մասով:

lragir.am

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play