Հարավկովկասյան երկաթուղում անցնում է գծի աշնանային հանձնաժողովային զննումը


Հարավկովկասյան երկաթուղում անցնում է գծի աշնանային հանձնաժողովային զննումը

  • 22-10-2015 15:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն

 
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում անցնում է գծի, էներգամատակարարման և կապի համակարգերի աշնանային զննումը, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին: Միջոցառումների նպատակն է երկաթուղու կայուն աշխատանքի և գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը:
 
Զննման ընթացքում ստուգող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն մասնավորապես երկաթուղային գծանցների, արհեստական կառույցների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացմումը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը:
 
Ներկա դրությամբ իրականացվում է ենթակառուցվածքի, էներգամատակարարման, ավտոմատիկայի և կապի ձեռնարկությունների օբյեկտների բազմակողմանի զննումը:
 
Ուսումնասիրություններն ավարտված են Սևանի ուղեմասում, որտեղ փոխված է 3,8 հազ. փայտե և 5,3 հազ. երկաթբետոնե կոճ:
 
Հանքաքարով բեռնված գնացքներ սպասարկող Վարդենիս-Զոդ հատվածում կապիտալ վերանորոգվել է 1 կմ գիծ: «Շորժա» ենթակայանն անցել է տեխնոլոգիական վերանորոգում: Նշված ենթակայանի հզորության կեսն օգտագործվում է երկաթուղու կարիքների համար, իսկ մյուս կեսն ուղղվում է հարևանությամբ գտնվող երեք գյուղերի էնեգամատակարարմանը: Դիլիջան-Ֆիոլետովո երկաթուղային հատվածում տեղադրվել է 2,5 հազ. կոճ:
 
Անհրաժեշտ է նշել, որ երկաթբետոնե կոճերը տեղադրվում են հատուկ գծային տեխնիկայի կիառմամբ, ինչը թույլ է տալիս ոչ միայն հեշտացնել գործընթացը, այլև էապես բարձրացնել կատարված աշխատանքի որակն ու հուսալիությունը:
 
2008 թվականից Սևանի ուղեմասի զարգացմանը ՀԿԵ-ն ուղղել է 9,5 մլրդ. դրամից ավել: Այս տարիների ընթացքում կապիտալ վերանորոգվել է 3 կամուրջ, ընթացիկ վերանորոգում անցել է 4 կամուրջ, ինչպես նաև վերանորոգվել է 118,8 կմ գիծ, 15 քարշային ենթակայան և կոնտակտային ցանցի կետ, Հրազդան և Վարդենիս կայարաններում ստեղծվել են լոկոմոտիվային բրիգադների հանգստի տներ:
 
Իսկ 2015 թվականի աշնանային զննման ընթացքում Սևանի ուղեմասում բացահայտված բացթողումների վերաբերյալ կկազմվի դրանց վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որը կկատարվի մինչև դեկտեմբեր:
 
Նման հանձնաժողովային զննումներն երկաթուղում անցնում են ամեն տարի՝ գարնանն ու աշնանը, և ուղղված են գծի, ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի
 
ուսումնասիրմանը, բացահայտված բացթողումների վերացմանը, գնացքների անվտանգ երթևեկության և երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանը:
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն