Իսկ Պուտինը գիտե՞, թե ինչ է եղել օդանավի հետ. Մեկնաբան


Իսկ Պուտինը գիտե՞, թե ինչ է եղել օդանավի հետ. Մեկնաբան

  • 02-11-2015 19:55:16   | Հայաստան  |  Վերլուծություն
 
ՌԴ նախագահ Պուտինը ռուսական օդանավի աղետից հետո առաջին անգամ անձամբ անդրադարձել է տեղի ունեցածին: Տրանսպորտի նախարար Սոկոլովի հետ հանդիպմանը նա ցավակցություն է հայտնել աղետի զոհերի հարազատներին, միաժամանակ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ծանր պահին թիկունք են կանգնել վշտի մեջ հայտնվածներին: Պուտինն ասել է, որ այդպիսի պահերին շատ կարեւոր է զգալ մարդկանց աջակցությունն ու ամբողջ երկրի զորակցությունը: «Մենք եւ հոգով, եւ սրտով ձեզ հետ ենք», ասել է Պուտինը:

 

Նա հայտնվել է իսկապես բարդ վիճակում, ինչը այդօրինակ աղետների դեպքում բնորոշ է ցանկացած պետության ղեկավարի համար: Առավել եւս, երբ աղետն ունի բավական ցցուն աշխարհքաղաքական համատեքստ:

 

Ի՞նչ է պատահել ռուսական օդանավին, որի աղետի զոհ է գնացել 224 անմեղ մարդ, այդ թվում 29 երեխա: Օդանավը ոչնչացվել է՝ ահաբեկության թիրա՞խ է դարձել, թե աղետը տեխնոգեն է եւ կապված է եղել որեւէ տեխնիկական անսարքության հետ: Արդյոք ամեն ինչ կպարզվի սեւ արկղերի վերծանումից, թե՞ կպահանջվի տեւական քննություն:

 

Ներկայում հնչող տեսակետները տարբեր են, տեղեկատվությունը եւս: Կարծես թե բավական գերիշխող է այն գնահատականը, այդ թվում նաեւ պաշտոնական աղբյուրից, որ օդանավը մասերի է բաժանվել ոչ թե գետնին հարվածից, այլ դեռեւս օդում: Միաժամանակ նույն կերպ նշվում է, որ արտաքին ազդեցություն չի եղել: Դա նշանակում է, որ եղել է ներքին պայթյուն՝ եթե օդանավը մասերի է բաժանվել օդում: Ինչի՞ հետեւանք է հնարավոր պայթյունը՝ տեխնիկական խնդիրներից բռնկված հրդեհի՞, թե՞ տեղադրված ռումբի, իսկ գուցե նաեւ դիտավորյալ կազմակերպված տեխնիկական անսարքությա՞ն:

 

Վերջին տարիներին ռուսական օդանավերը բավական հաճախակի են ենթարկվել աղետի, տարբեր պատճառներով, առավելապես տեխնիկական կամ մարդկային գործոնի՝ սխալի, կանոնների խախտման, նույնիսկ օդաչուների հարբածության հետեւանքով: Միանգամայն հավանական է, որ այդ պատճառներից որեւէ մեկի հետեւանքով էլ աղետի է ենթարկվել Եգիպտոսից թռչող ռուսական օդանավը:

 

Մյուս կողմից, ներկայիս աշխարհքաղաքական վիճակը, հատկապես տվյալ տարածաշրջանում իրավիճակը, դրանում ՌԴ մասնակցությունը, այդ մասնակցության շուրջ ծավալվող մթնոլորտը աներկբա բերելու էին շատ շատերի մոտ այն մտայնության, որ ռուսական օդանավը դարձել է թիրախ: Շատերի համար դա աներկբա է լինելու, անգամ եթե քննությունը ներկայացնի հանգամանալից բացատրություն այն մասին, որ աղետի պատճառը եղել է տեխնիկական:

 

Ահա այդ իրավիճակում Պուտինի դրությունն իսկապես բարդ է: Իսկ նա գիտե՞ ավելի շատ բան տեղի ունեցածի մասին, քան հայտնի է դառնում մամուլին: Հնարավոր է գիտե, բայց բոլորովին անհնար չէ այն, որ կարող է եւ ավելին չիմանալ, գոնե այս պահին:

 

Եվ այդ դեպքում իհարկե շատ դժվար է ասել որեւէ բան: Ի՞նչ կարող է ասել Պուտինը, ցավակցությունից բացի, եթե ասված ամեն մի ավելորդ խոսք կարող է վնասել հենց իրեն:

 

Շատերը փորձում են դիտարկել, թե աղետից հետո ինչ վարկածի հարցում կարող է ավելի շահագրգռված լինել պաշտոնական Մոսկվան՝ վերագրել տեղի ունեցածն ահաբեկությա՞ն, թե՞ անել ամեն ինչ, որպեսզի հանկարծ չլինի այդօրինակ հաստատում, քանի որ դա կարող է ռուսաստանյան հանրության մոտ առաջացնել բացասական տրամադրություն Սիրիայում ՌԴ գործողությունների հանդեպ:

 

Այդ գործողությունը Պուտինի վարկանիշը բարձրացրել է ռեկորդային 90 տոկոսի, բայց ի՞նչ տեղի կունենա դրա հետ, եթե ռուսաստանյան հանրությունը տեղեկանա, որ Ռուսաստանը Սիրիայում միջամտության հետեւանքով դառնում է ահաբեկության թիրախ:

 

Այդտեղ իրավիճակն իսկապես միարժեք չէ: Վերջին հաշվով, կա նախադեպ, երբ ահաբեկությունից հետո ռուսական հասարակությունը Պուտինին տվել է ուժային գործողության քարտ-բլանշ: Ռուսական հասարակությունը այդ դիրքորոշմանն էր անգամ Դուբրովկայում ահաբեկությունից հետո, երբ ռուսական հատուկ ծառայություններն ակնհայտորեն ձախողեցին ազատագրման օպերացիան եւ ավելի քան 100 պատանդներ մահացան ահաբեկիչների հետ միասին: Անգամ դրանից հետո հասարակությունը ոչ թե իշխանությանը հարցեր ներկայացրեց, այլ այսպես ասած համախմբվեց դրա շուրջ:

 

Հետեւաբար միարժեք չէ, որ ահաբեկության վարկածի դեպքում ռուսական հանրությունը Պուտինից կպահանջի դուրս գալ Սիրիայից: Պակաս հավանական չէ, իսկ նախադեպերը վկայում են նաեւ, որ ավելի հավանական է հակառակը՝ Պուտինի շուրջ կհամախմբվեն ավելի, եւ վարկանիշը կհասնի 95 կամ 100 տոկոսի, տալով օդանավի զոհերի վրեժը լուծելու նոր «քարտ բլանշ»:

 

Դրա հետ մեկտեղ, ահաբեկչական վարկածը Ռուսաստանին փաստացի հնարավորություն կտա ներկայանալ որպես զոհ, այն աշխարհքաղաքական միջավայրի պայմաններում, երբ Մոսկվայի քաղաքականությունն ամբողջ աշխարհում նրան ներկայացնում է որպես ագրեսոր, որի զոհ են դառնում ինքնուրույն ապրել ցանկացող պետություններն ու ժողովուրդները:

 

Միեւնույն ժամանակ, բավական դժվար է անգամ քարոզչական մակարդակում առաջ մղել ահաբեկության վարկածը, քանի որ աղետը տեղի է ունեցել Եգիպտոսում, եւ այդ վարկածն առաջ մղելու դեպքում պետք են ապացույցներ, այլապես կստացվի, որ տեղի ունեցածի համար որոշակի պատասխանատվություն է դրվում եգիպտական կողմի վրա, ինչը կբերի միջպետական խնդիրների: Եվ այդ իմաստով, ի տարբերություն այսպես ասած ներռուսաստանյան «ահաբեկությունների», այս դեպքում շատ դժվար է առաջ մղել ցանկալի վարկածներն անգամ քարոզչական մակարդակում, եթե չկան բավարար ապացույցներ:

 

Դրան զուգահեռ, այդօրինակ աշխարհքաղաքական համատեքստում տեղի ունեցող մասշտաբային աղետների հետաքննությունների հանդեպ հանրային շատ շրջանակներում կա ապրիորի անվստահություն, այն նկատառումով, որ եթե կա այդօրինակ խոշոր համատեքստ, ուրեմն հաստատ երբեք չի բացահայտվի իրական ճշմարտությունը՝  մոտավորապես «քենեդու սպանության» սինդրոմով: Այդօրինակ իրադարձությունների հետեւանքները միշտ լինում են պատճառներից ավելի ծանրակշիռ:

 

Բայց ոչ մի պատճառ ու հետեւանք չունի գեթե մեկ անմեղ կյանքի կշիռ, որ զոհ է գնում այդօրինակ աղետներին եւ ճնշում ամեն ինչ անասելի ծանրությամբ:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play