«Բյուջետային ծախսերն աշխատատեղեր ապահովելու համար չենւ». ԼՂՀ վարչապետ


«Բյուջետային ծախսերն աշխատատեղեր ապահովելու համար չենւ». ԼՂՀ վարչապետ

  • 02-11-2015 20:29:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ` նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը:
 
Գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Փոփոխություններ են առաջարկվել  «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքներում:  «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նախատեսված են տրանսպորտի բնագավառի 4 տեսակի լիցենզիաներ, դրանցից երկուսը՝ երկաթուղային տրանսպորտի գործունեության և ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաները, օրինագծերով առաջարկվում է հանել, քանի որ Արցախի Հանրապետությունում բացակայում է երկաթուղային տրանսպորտը՝ որպես տրանսպորտային միասնական համակարգի բաղկացուցիչ մաս:
 
Փոփոխության այդ առաջարկով  անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ առաջարկել նաև «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում:
 
Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել նաև «Անասնաբուժության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը:    Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության սանիտարական ոլորտի օրենսդրությանն անասնաբուժությունը համապատասխանեցնելու պահանջով: Օրինագծով առաջարկվում է հանրապետությունում ներդնել անասնաբուժության բնագավառի միջազգայնորեն ընդունված և կիրառվող պահանջները, որոնք անմիջականորեն կնպաստեն անասնաբուժական գործունեության կազմակերպմանը և իրականացմանը, նյութատեխնիկական և մասնագիտական կատարելագործմանը, հանրապետությունում կենդանիների առողջության պահպանման և անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմանը:
 
Գործադիրի հավանությանն արժանացած օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած  ճանաչել «Աշխատանքի պետական տեսչության մասին» ԼՂՀ օրենքը, ինչի արդյունքում դադարելու է գործել աշխատանքի պետական տեսչությունը՝ որպես աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմին: Այդ առաջարկով պայմանավորված՝ որոշ փոփոխություններ են առաջարկվել նաև առնչվող այլ օրենքներում:
 
 
Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նախագիծը: Ըստ արդարադատության նախարար Ա. Դանիելյանի՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագիրը կենսագործելու, «ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ԼՂՀ Նախագահի կարգադրության դրույթներն իրականացնելու և Արցախի Հանրապետության սեփական քաղաքացիական օրենսգիրք ունենալու օբյեկտիվ անհրաժեշտությամբ:
 
Կառավարության հավանությամբ՝ փոփոխություններ և լրացումներ են առաջարկվել «Փաստաբանության մասին» ԼՂՀ օրենքում: Օրինագծի ընդունումից հետո՝ 2016 թվականի հունվարի 1-ից հանրային պաշտպանի գրասենյակը կսկսի  անվճար իրավաբանական օգնություն տրամադրել անձանց կոնկրետ շրջանակի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016 թվականի հունվարի 1-ից անհնար կլինի համայնքներում իրականացնել այդ գործառույթները՝ շենքային պայմանների բացակայության, ինչպես նաև փաստաբանների վերապատրաստման անհրաժեշտության պատճառով, նպատակահարմար է այնտեղ հետաձգել դրանց իրականացումը մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:
 
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության   մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կառավարությունն առաջարկել է մտցնել նոր հասկացություններ: Օրինագծով սահմանվում են, մասնավորապես, «աշկերտություն» և «հերթագայությամբ ուսուցում» հասկացությունները: Նույն փաթեթով ներկայացված՝ «Շահութահարկի  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացմամբ՝ արտոնություն է սահմանվում այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք  որպես վարձու աշխատողներ իրենց աշխատանքների մեջ ներգրավում են արհեստագործական ուսումնարաններում սովորող աշկերտներին:
 
Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
 
Կառավարությունը հաստատել է  ԱՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը` զուգահեռաբար ուժը կորցրած ճանաչելով վերոհիշյալ ոլորտը կարգավորող կառավարության նախկին որոշումներից մեկը, որն ընդունվել էր 2015 թվականի հունիսի 30-ին՝ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված:
 
Գործադիր մարմնի  կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել կառավարության նախկին մի շարք որոշումներում: Մասնավորապես՝  հաստատվել է  «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման նոր կարգը, և հաստատվել նույն հոդվածով նախատեսված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովի նոր կազմը:
 
Կառավարությունն ընդունել է «Արցատս» և «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին որոշում` միավորելով դրանց գործառույթները, խնդիրները, կառավարման մարմինները՝ դրանով իսկ տնտեսելով ֆինանսական միջոցներ և բարձրացնելով կառույցի կառավարման արդյունավետությունը: Փոփոխություններ են կատարվել այդ ոլորտներին առնչվող որոշումներում:
 
Գործադիր մարմնի որոշմամբ՝ հաստատվել է 2015 թվականին բերքի տակ կատարվելիք աշնանացանի աշխատանքների իրականացման նպատակով ձեռքբերվելիք դիզելային վառելանյութի արժեքի մասնակի սուբսիդավորման կարգը, որի համաձայն՝ անփոփոխ են մնացել նախորդ տարվա սուբսիդավորման կարգի պայմանները:
 
Նիստում սահմանվել են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները, հաստատվել դրանց տեղափոխման ձևաթուղթը և հաշվետվության ձևը:
 
Բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետության և սոցիալական աջակցության հասցեականության բարձրացման նպատակով՝ գործադիրի որոշմամբ հանրապետությունում ներդրվում է նոր՝ ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգը: Այն հնարավորություն է տալու ընտանիքը, սոցիալական ռիսկերի տեսանկյունից, դիտարկել որպես սոցիալական պաշտպանության օբյեկտ և սոցիալական ու հարակից այլ ոլորտներում քաղաքականության մշակման ու ծրագրերի իրականացման ընթացքում օգտագործել դրա ունեցած արդյունքները: Համակարգի խնդիրներն են ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների հիմնավորվածության ապահովումը և դրանց գնահատման գործոնների ազդեցության չափի որոշումը: Նիստում հաստատվել է նաև ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկվելու կարգը:
 
Վարչապետն, անդրադառնալով նոր համակարգին, մասնավորապես, նշել է. «Գաղափարը ողջունելի է, այն մեզ հնարավորություն է տալու ճշգրտորեն որոշել ընտանիքների կարիքավորության աստիճանը և, համակարգի արդյունքների վրա հենվելով, մշակել ու առավել արդյունավետ իրականացնել  սոցիալական ծրագրերը»:
 
Կառավարության որոշմամբ՝ բարձրացվելու են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին վճարվող պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում առաջարկվում է վճարել 2,000,000 ՀՀ դրամ՝ 910,000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում վճարել 1,000,000 ՀՀ դրամ՝ 455,000 ՀՀ դրամի փոխարեն: Միաժամանակ վերանայվել են 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամ զինծառայողներին վճարվող գումարների չափերը:
 
Գործադիրի որոշմամբ՝ բարձրացվելու են  գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին (գիտության դոկտորին և թեկնածուին) տրվող հավելավճարները` դրանով իսկ  խթանելով  գիտաշխատողների աշխատանքը: Ըստ որոշման՝ ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող աշխատողներին հավելավճար է հատկացվելու միայն մեկ ծրագրից՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձին համապատասխան վարձատրություն ստանալու դեպքում: 
 
Կառավարությունը փոփոխություն է մտցրել գործադիրի՝ 2007 թվականի հոկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 440 որոշման մեջ, որով Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորող լիազոր մարմին է ճանաչվել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
 
ԼՂՀ կառավարության նոր կառուցվածքի հաստատումով պայմանավորված՝ մի շարք ենթաօրենսդրական ակտերում կատարվել են համապատասխան փոփոխություններ և անվանափոխումներ:
 
Ջրային համակարգերի շահագործման, անվտանգ և անխափան օգտագործման ու պահպանման վերահսկողության իրականացման, ջրային համակարգերի արդյունավետ կառավարման նպատակահարմարությամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ՝ «Մարտակերտի ջրային տնտեսություն» ընկերությունը միացվել է  «Ջրային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը:
 
Գործադիր մարմինը հաստատել է պետական  մարմինների ծառայողական ավտոմեքենաների առավելագույն սահմանաքանակները: Այդ որոշմամբ հանձնարարվել է պետական մարմիններին ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և գրանցման փոփոխության հետ կապված  գործողությունները կատարել բացառապես որոշմամբ հաստատված սահմանաքանակներին համապատասխան:
 
Վարչապետ Հարությունյանն իր անդրադարձում նշել է, որ արդեն շուրջ 30 ծառայողական ավտոմեքենա է կրճատվել, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է ևս 80-ը կրճատել: Կառավարության ղեկավարը, խոսելով այս օրերին մշակվող՝ 2016 թ. բյուջեի նախագծի հիմնական սկզբունքների մասին, մասնավորապես, ասել է.
 
«Պետբյուջեի ծախսային մասը 2016 թվականին լինելու է շուրջ 87 միլիարդ ՀՀ դրամի սահմաններում, ինչը նշանակում է, որ ծախսերի ավելացում չենք նախատեսում: Նվազագույն աշխատավարձի և թոշակների բարձրացում ևս չի նախատեսվում: Ինչ վերաբերում է հաստիքների կրճատումներին, ապա պետք է հասկանալ, որ բյուջետային ծախսերն աշխատատեղեր ապահովելու համար չեն, այլ՝ պետության առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Բյուջեի գլխավոր ուղղվածությունը տնտեսության զարգացումը խթանելն է լինելու: Դրա միջոցով նոր աշխատատեղեր են ստեղծվելու հանրապետությունում, և հնարավոր է լինելու կրճատված պետաշխատողներին աշխատանքով ապահովել»:
 
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն