Գյուղնախարարը հանդիպել է մսամթերք արտադրողների հետ


Գյուղնախարարը հանդիպել է մսամթերք արտադրողների հետ

  • 27-11-2015 16:24:52   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  հանդիպել է  հանրապետության մսամթերք արտադրողների   հետ` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը  մասնակցում էին   Հայաստանի մսամթերք արտադրողների   միության նախագահ Արամայիս Բիլյանը, ոլորտում գործող մի շարք  առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:
 
«Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ստեղծվել և գործում է Հայաստանի մսամթերք արտադրողների միությունը, և այսօրվա մեր հանդիպումը նպատակ ունի  համատեղ քննարկել առկա խնդիրները` դրանց արդյունավետ լուծումներ տալու նպատակով », – նշել է իր բացման խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
 
Նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության արդյունքում էականորեն դյուրինացել են հայրենական արտադրանքի արտահանման գործընթացները, սակայն մսամթերքի արտահանման ծավալները դեռևս բավարար չեն և այդ ուղղությամբ պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկել:
Սերգո Կարապետյանը նաև հավելել է, որ ՌԴ-ի կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար։ Բացի այդ, մեր արտադրողներն արդեն կարող են ռուսական շուկա արտահանել նաև բաստուրմա և սուջուխ, ինչը ևս մեկ խթան է մսամթերքի արտահանման ծավալների ավելացման համար:
Իրենց հերթին մի շարք արտադրողներ նշել են, որ արտահանման ծավալներն այս պահին ավելանում են, հայկական մսամթերքը որակյալ է, մրցունակ  և ճիշտ աշխատանքի դեպքում կարող է մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն առանձնահատուկ շեշտել է   տեղական շուկայում մսի իրացման հարցերի կարգավորման անհրաժեշտությունը: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման արդյունքում` հեռագնա լեռնային արոտավայրերի ջրարբիացման շնորհիվ հանրապետությունում զգալիորեն ավելացել է անասնագլխաքանակը և հորդորել է մսամթերք արտադրողներին  հատկապես նախատոնական առևտրի շրջանում, երբ գյուղատնտեսական կենդանիների մորթն ավելանում է,  աջակցել գյուղացիական տնտեսություններին մսի իրացման հարցում:
Նախարար Կարապետյանն  առաջարկել է ընկերություններին առավել ակտիվորեն համագործակցել սպանդանոցների հետ, ինչը նրանց հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանն ապահովել առավել անվտանգ, որակյալ մսամթերքով:
 
ՀՀ գյուղնախարարությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի զարգացման առնչվող մի շարք այլ հարցեր ևս:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play