Հողօգտագործողներին մատչելի գներով դիզվառելանյութ և պարարտանյութեր կտրամադրվեն


Հողօգտագործողներին մատչելի գներով դիզվառելանյութ և պարարտանյութեր կտրամադրվեն

  • 29-01-2016 17:11:14   | Հայաստան  |  Տնտեսություն

Նոր ԲՍՓՀ ՝Շիրակի մարզում
 
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  Շիրակի մարզում նոր՝ 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ստեղծելու (ԲՍՓՀ) նպատակով: ԲՍՓՀ-ն տարեկան կփորձաքննի շուրջ 2600 անձի, ինչի արդյունքում կբարձրանա փորձաքննությունների որակը և քաղաքացիների անտեղի հերթեր չեն գոյանա: Կբարձրանա նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակը, այդ թվում՝ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի մշակման և կազմման: 
Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողներին կատարողականների հիման վրա պարգևատրման գործընթացը, մասնավորապես սահմանելով աշխատողների կատարողականների կիսամյակային գնահատականների հիման վրա պարգևավճարի հաշվարկի հստակ մեխանիզմ: Կհստակեցվի նաև մեկ կիսամյակի ընթացքում  պետական իշխանության մարմնի աշխատակազմում և պետական իշխանության մի մարմնից պետական իշխանության մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու  դեպքերում այն աշխատողների պարգևատրման չափը, ովքեր ձեռք են բերել պարգևատրման իրավունք (կատարողականի կիսամյակային գնահատականը 75 տոկոս և ավելի է): 
 Կառավարության որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրվել է  աշխատակազմի անվամբ գանձապետարանում արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն՝ «Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրի» ֆինանսավորումն ապահովելու նպատակով:  Ծրագրի նպատակն է օժանդակություն ցուցաբերել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին, մասնավորապես,  երեխաների պաշտպանության բարեփոխումների  իրականացմանը, Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների հզորացմանը:  
 
 
 
 
Կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելանյութի նկատմամբ 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում 6000000 լիտր, որը հողօգտագործողներին կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով: 
Գործադիրը հաստատել է նաև հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 34594,3 տոննա ազոտական, 1079 տոննա ֆոսֆորական և 1574,55 տոննա կալիումական պարարտանյութեր:
Կառավարությունն ընդունել է «Գույք  նվիրաբերելու մասին» որոշում, որը   պայմանավորված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում ձեռք բերված  գույքի հետագա շահագործումն ապահովելու  անհրաժեշտությամբ: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, որոշմամբ կբավարարվի հանրապետության 6 մարզի 32 համայնքում ստեղծված  արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների պահանջարկը գյուղատնտեսական տեխնիկայի համար, կբարձրանա կոոպերատիվների կանոնադրական գործունեության արդյունավետությունը: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play