Արևային գործարանների նոր ծրագիրը կարող է ընդմիշտ փակել ռուսական շուկան թուրքական գյուղմթերքի համար. գյուտարար (տեսանյութ)


Արևային գործարանների նոր ծրագիրը կարող է ընդմիշտ փակել ռուսական շուկան թուրքական գյուղմթերքի համար. գյուտարար (տեսանյութ)

  • 30-01-2016 15:09:17   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Ռուս-թուրքական վատ հարաբերությունների պատճառով Թուրքիան Ռուսաստանում կորցրել է չրեղենի շուկան, ուստի հայ գյուտարարները փորձում են օգտվել ստեղծված պատմական պահից, ակտիվորեն համագործակցել Իրանի հետ`   համատեղ ստեղծելով արևային գործարաններ: Ինչպես հունվարի 30-ին Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի  կազմակերպած  «Գյուտարարների ակումբի» հերթական  քննարկման ժամանակ նշեց Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Համազասպյանը, արևային գործարաններում  վերամշակված  չրերն ու քաղցրավենիքը մեկ-երկու տարում կարող են գրավել ոչ միայն ռուսական, այլև եվրոպական շուկան:  
 
Ըստ նրա` արևային գործարանները կարելի է ստեղծել Հայաստանի և Արցախի գյուղերում, ինչպես նաև Իրանում, իսկ դրանցում վերամշակված գյուղմթերքն ունենալու է բարձր որակ և ցածր ինքնարժեք: 
«Ռուսական շուկան հնարավոր է մեկ-երկու տարով փակ մնա Թուրքիայի համար, այս ընթացքում մենք պետք է հասցնենք ոչ միայն արևային տեխնոլոգիաներով վերամշակված գյուղմթերք արտահանել, այլև գյուղմթերքներ արտադրող գործարաններ»,- ասաց Վ. Համազասպյանը` հավելելով, որ բոլոր հնարավորությունները կան ռուսական շուկան թուրքական մթերքների համար ընդմիշտ փակելու համար: 
Վերջինիս խեսքերով` հայ-իրանական սպասվելիք համագործակցության շրջանակներում նախատեսված  արևային գործարանների կառուցումը հնարավորություն կտա գյուղերի բնակիչներին տեղում իրացնել սեփական գյուղմթերքը: 
Ներկայացնելով արևային գործարանների նախագիծը` մասնագետը նշեց, որ կախված գյուղերի մեծությունից յուրաքանչյուր արևային գործարանի արժեքը կարող է տատանվել 500 հազարից մինչև 1մլն դոլարի սահամաններում, փոխարենը դրանցում արտադրված մթերքներն  ամբողջ աշխարհում համարվում են էկոլոգիապես մաքուր և  ունեն մեծ պահանջարկ, ինչն ինքնաբերաբար բարձրացնում է դրանց ստատուսը միջազգային շուկայում: 
Վ. Համազասպյանի փոխանցմամբ` արևային պանելներով և էլեմենտներով հագեցած գործարաններում կարելի է արտադրել չրերի տարբեր տեսակներ, արևային քաղցրավենիքներ, տոմատի մածուկ, սմբուկի խորոված, ծիրանի ջեմ և այլն: 
Անդրադառնալով Հայաստանի պետական կառույցների հետ ներկայացված ծրագրերի շուրջ համագործակցությանը` Վ. Համազասպյանը ցավով փաստեց. «Կառավարության գործողությունները  մեզ` գյուտարարներիս համար հասկանալի չեն. Մարդիկ խոսում են հայ-իրանական համագործակցության եւ ներդրումների մասին, սակայն այդ շրջանակներում բազմիցս իմ կողմից ներկայացված ծրագրերը մնացել են անարձագանք»: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play