ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության ներկայացուցչին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության ներկայացուցչին

  • 02-02-2016 18:08:42   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կարտոֆիլի վերամշակման հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Յոս դեն Բոերին:
 
Հանդիպման սկզբում ներկայացնելով ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը` պարոն Յոս դեն Բոերը նախարարին տեղեկացրել է, որ «Ֆրանկ մյուլլեր» ընկերության հիմնադիր, շվեյցարահայ խոշոր գործարար Վարդան Սրմաքեշի կողմից իրականացվող Շիրակի զարգացման ծրագրի շրջանակում քննարկվել է մարզում կարտոֆիլի վերամշակման արտադրության կազմակերպման հնարավորությունը: Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել կարտոֆիլի ալյուրի (ֆլեյքի) արտադրություն, որի նպատակով կսպառվի տարեկան շուրջ 70 հազար տոննա կարտոֆիլ: Այս ծրագրով հետաքրքրված է կարտոֆիլի վերամշակման աշխարհի հինգ խոշորագույն ընկերությունների թվում դասվող հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերությունը, որը պատրաստակամություն է հայտնել համաֆինանսավորմամբ մասնակցել Հայաստանում վերամշակման գործարանի կառուցմանը:
 
«Կարտոֆիլի վերամշակմանն ուղղված ծրագրի իրականացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Մեր երկրում տարեկան արտադրվում է շուրջ 750 հազար տոննա կարտոֆիլ, այս առումով մենք ինքնաբավ ենք. կարողանում ենք ոչ միայն ներքին պահանջարկն ամբողջությամբ բավարարել, այլև արտահանել: Կարտոֆիլի վերամշակման կազմակերպումը հնարավորություն կընձեռի հաջողությամբ լուծել դրա պահպանման և հետագա օգտագործման խնդիրը», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
 
Ընդգծելով, որ Հայաստանի մարզերի` հատկապես Շիրակի և Գեղարքունիքի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են կարտոֆիլի արտադրության համար` նախարարը համոզմունք է հայտնել, որ մեր երկրում կարտոֆիլի ալյուրի արտադրության կազմակերպումը կլինի ոչ միայն արդյունավետ, այլև կնպաստի կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացմանը:
 
Հանդիպման ընթացքում հյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Շիրակի մարզ` տեղում արտադրության կազմակերպման համար պայմաններին ծանոթանալու նպատակով:
 
ՀՀ գյուղնախարարության տեեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ նախարարն իր կողմից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ծրագրի իրականացման ընթացքում, այդ թվում` նաև խորհրդատվական  ծառայությունների մատուցման, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցության հարցում:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play