Թուրքիան կոչ է արել Քադաֆիին հեռանալ իշխանությունից
03-05-2011 18:58:46 | Թուրքիա | Միջազգային
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը մայիսի 3-ին հայտարարել է, որ Լիբիայի առաջնորդ Մուհամադ Քադաֆին պետք է անմիջապես հեռանա իշխանությունից:
Նրա խոսքերով, Քադաֆին անտեսել է Լիբիայում բոլոր բարեփոխումների կոչերը` նախընտրելով «արյան, արցունքի եւ դաժանություն սեփական ժողորդի նկատմամբ»:
Էրդողանը գտնում է, որ Լիբիայի առաջնորդը պետք է պատմական քայլ կատարի հանուն Լիբիայի ապագայի, նրա խաղաղության եւ բարգավաճման:
Նախկինում պաշտոնական Անկարան շատ ավելի հավատարիմ է եղել Քադաֆիին` առաջարկելով նրան երկրում գնալ աստիճանական վերափոխման եւ ընդդիմության հետ բանակցության:
Բացի այդ Թուրքիան մինչեւ վերջին պահը ընդդիմանում էր լիբիական ռեժիմի դեմ ռազմական գործողություններին եւ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր դեմ էր կոնֆլիկտի մեջ իր ներքաշմանը:
Մինչդեռ Թուրքիայի կողմից մշակված խաղաղ ծրագիրը Տրիպոլիում ուշադրության չարժանացավ: Դրանից հետո Թուրքիան հայտարարեց, որ փակում է իր դեսպանատունը Լիբիայում եւ սկսում է համագործակցել միջազգային կառույցների հետ` ընդունելով Բենգաիզում ընդդիմադիր Ազգային խորհուրդը որպես օրինական իշխանություն: Թուրքիան արդեն ներկայացված է Բենգազիում. այնտեղ աշխատում է նրա դիվանագետների խումբը, իսկ քաղաքի օդանավակայանը ղեկավարվում է թուրք մասնագետների կողմից: