Բոլոր տեսակի ավտոմեքենաներին արգելված է տեղաշարժը Թբիլիսի-Լարս մայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածով


Բոլոր տեսակի ավտոմեքենաներին արգելված է տեղաշարժը Թբիլիսի-Լարս մայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածով

  • 30-03-2016 12:46:16   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության տարածած տեղեկության համաձայն` «եղանակային պայմանների կտրուկ վատթարացմանն ի տես` բոլոր տեսակի ավտոմեքենաներին արգելված է տեղաշարժը Թբիլիսի-Լարս մայրուղու Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածով: Տեղաշարժի սահմանափակումները կտևեն մինչ պարբերական ձնաբքի դադարելը և բարենպաստ եղանակային պայմանների հաստատվելը»:
 
«Թուրքական խոշորագույն ընկերություններից մեկը` «Չալիկ Հոլդինգը» (որն արդեն Սամցխե-Ջավախքում կառուցել է «Փարվանա ՀԷԿ-ը» -խմբ.) և «GE Power» ընկերությունները ծրագրում են Վրաստանում իրականացնել խոշոր ներդրումային նախագիծ: Մարտի 29-ին հանդիպում է կայացել Վրաստանի վարչապետի և թուրքական ընկերությունների ղեկավարների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրված և արդեն իրականացված նախագծերը: Թուրքական ընկերությունները շահագրգռված են Վրաստանի տարածքում այսպես կոչված «համակցված» ջերմաէլեկտրակայանի, ինչպես նաև քամու էլեկտրակայանի, մի քանի ՀԷԿ-երի և գազի պահեստի շինարարության մեջ», -ասված է Վրաստանի վարչապետի վարչության տարածած հայտարարությունում:
«Թուրքական ընկերությունները շահագրգռված են էներգետիկ համակարգում նախագծերի իրականացմամբ: Խոսքը վերաբերում է 80ՄգՎտ հզորությամբ քամու և հիդրոէլեկտրակայանների շինարարությանը: Մենք ողջունում ենք տվյալ ընկերությունների նման շահագրգռվածությունը», -հայտնել է Վրաստանի վարչապետը: Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանի Էներգետիկայի նախարարը, որը հանդիպման ավարտին հայտարարել է, որ «Չալիկ Գրուպը» հետաքրքրված է նաև տեքստիլ գործարանի շինարարությամբ, որը հավանաբար կկառուցվի Գուրիայի շրջանում:
Մարտի 29-ին Պետական Անվտանգության Ծառայությունը երկրի Խորհրդարանին է ներկայացրել 2015թ. ընթացքում իր կառույցի գործունեության հաշվետվությունը: Հաշվետվության տվյալների համաձայն` Սիրիայում և Իրաքում տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում կռվում են Վրաստանի շուրջ 50 քաղաքացի: «Պետական Անվտանգության Ծառայությունը ունի այն տեղեկությունը, թե Վրաստանի քաղաքացիներից ավելի հստակ ովքեր են մասնակցում ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը: Այն դեպքում, եթե այդ քաղաքացիները որոշեն վերադառնալ Վրաստան, նրանց հանդեպ կկիրառվեն օրենքով նախատեսված քայլեր: Ներքին Գործերի նախարարության հետ նեղ համագործակցության շրջանակներում Պետական Անվտանգության Ծառայությունը սահմանային վերահսկողության տակ է վերցրել 1 286 անձի: 1 014 անձի արգելվել է մուտքը Վրաստանի տարածք: Կանխվել է քաղաքացիների դեպի Սիրիա և Իրաք ռազմական գործողությունների գոտի ուղևորվելու 40 փաստ», -ասված է Պետական Անվտանգության Ծառայությունում:
«Մինչ 2015թ. Վրաստանի տարածաշրջանում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատել են հակահետախուզության հատուկ ներկայացուցիչները: Մինչդեռ, ցանկանում եմ լիովին պատասխանատվությամբ հայտարարել, որ 2015թ. օգոստոսից մեր բոլոր աշխատակիցները լքել են երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունները», -մարտի 29-ին պատասխանելով պատգամավորների հարցերին` ասել է Վրաստանի Պետական Անվտանգության Ծառայության ղեկավարը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play