Ռուսաստանն ունի առաջարկներ, որոնք փորձում է համանախագահների հետ համատեղ ավելի ակտիվորեն գործարկել․ Լավրով


Ռուսաստանն ունի առաջարկներ, որոնք փորձում է համանախագահների հետ համատեղ ավելի ակտիվորեն գործարկել․ Լավրով

  • 07-04-2016 14:07:22   | Ադրբեջան  |  Քաղաքական

Ռուսաստանն ակտիվորեն կզբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Արմինֆո լրատվական գործակալությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, որով մենք զբաղվում ենք՝  թե որպես Հայաստանին եւ Ադրբեջանին մոտ կանգնած երկիր, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լուրջ մարտահրավերի բախվեց այն հանգամանքների բերումով, որոնց մասին դուք հիշատակեցիք` մարտական գործողությունների վերսկսման, որոնք ամենալայնածավալն էին երկար տարիների ընթացքում: Մենք Ռուսաստանի նախագահի, վարչապետի, ԱԳՆ և Պաշտպանության նախարարության մակարդակով անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկեցինք, որպեսզի կողմերին օգնենք հրադադարի մասին համաձայնության հասնել: Պատրաստ ենք նպաստել, որպեսզի պայմանավորվածությունը չխախտվի: Կարեւոր է մեղմել իրավիճակը կոնկրետ այդ հարցում: Հուսով եմ, որ վերջին օրերի իրադարձությունները կդրդեն ավելի ակտիվորեն զբաղվել քաղաքական կարգավորմամբ», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

«Մենք լիովին սատարում ենք այն նախաձեռնությունները, որոնք ձեռնարկվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Նրանք այցելեցին Բաքու, վաղը կլինեն շփման գծում, մյուս օրը` Երևանում: Կարծում եմ, որ ԵԱՀԿ-ի, ԿԽՄԿ-ի և ԿԿ օգնությամբ կկարողանանք վստահության ինչ-որ միջոցներ ձեռնարկել ամենամոտ ժամանակներս և անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել քաղաքական գործընթացի վերսկսման համար: Այս այցի ընթացքում ակնկալում եմ արդյունավետ բանակցություններ», - ամփոփել է Լավրովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, խոստովանել է, որ հրադադարի շուրջ պայմանավորվածության հաջողվել է հասնել նաև Ռուսաստանի շնորհիվ: Ալիևն ընդգծել է, թե հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն չորեքշաբթի, իբր, հայկական կողմն այն խախտել է: Այդուհանդերձ, նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու բանակցությունները: 

Նոյյան տապան  -   Քաղաքական