Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը կարևոր անկյունադարձ էր թե Հայաստանի, թե Իրանի համար. Լևոն Ահարոնյան (տեսանյութ)


Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը կարևոր անկյունադարձ էր թե Հայաստանի, թե Իրանի համար. Լևոն Ահարոնյան (տեսանյութ)

  • 23-04-2016 14:38:46   | Իրան  |  Հասարակություն



Հայաստանի և Իրանի միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 400 մլն դոլար, սակայն այս ցուցանիշը կարող է աճել, եթե երկու երկրների միջև փոխգործակցությունն ավելի սերտանա ոսկերչության, դեղագործության, շինարարության, ճարտարապետության, տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը` անդրադառնալով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներին:
 
Ըստ նրա` Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շուկայի միջև, քանի որ որպես ԵՏՄ անդամ պետություն Հայաստանն ունի արտոնություններ, որոնցից կարող է օգտվել Իրանը: 
Լ. Ահարոնյանի փոխանցմամբ` ինքը դեռ նախորդ տարի հանդես եկել մի առաջարկությամբ, ըստ որի` Իրանում մշակված ապրանքները կիսավարտ տեսքով պետք է ուղարկվեն Հայաստան, այստեղ վերամշակվեն ու փաթեթավորվեն և «Made in Armenia» անվան տակ արտահանվեն ռուսաստանյան և եվրոպական շուկա: 
«Այս առաջարկն ընդունվեց Հայաստանի պատկան մարմինների կողմից, սակայն այստեղ մի բաց կա. խնդիրն այն է, որ նման համագործակցության պարագայում պարզ չէ, թե իրանական և հայկական կողմերին այդ ապրանքների վաճառքից որքան գումար է բաժին ընկնում»,- ասաց Լ. Ահարոնյանը` ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու միակ խնդիրը դեռևս շարունակում է մնալ բանկային համակարգի չաշխատելը:
Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի կարծիքով` ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը կարևոր անկյունադարձ էր թե Հայաստանի, թե Իրանի համար այն առումով, որ Ռուսաստանը դադարեցրեց Թուրքիայից մրգի և բանջարեղենի ներմուծումը, ինչը նպաստեց, որպեսզի ՌԴ-ն շրջվի դեպի Իրան և այնտեղից ներմուծի միրգն ու բանջարեղենը: 
Լ. Ահարոնյանի համոզմամբ` Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները կարելի է ավելի ամրապնդել զբոսաշրջության և մշակույթի ոլորտում, քանի որ Իրանը հոգևոր երկիր է և մեծ սեր ու հարգանք է տածում քրիստոնյա Հայաստանի հանդեպ: 
Բանախոսի խոսքերով` հատկապես Նոր Տարվա նախաշեմին ակտիվանում է պարսիկների հոսքը Հայաստանը. «Ես անձամբ շատերի հետ եմ խոսել, բոլորն էլ նշում են, որ Հայաստանում իրենց օտարացած չեն զգում, մինչդեռ այլ երկրներում, մասնավորապես, Վրաստանում պարսիկներն իրենց խորթ են զգում»:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում Իրանի հայկական համայնքի կողմից ձեռնարկվող միջոցառումներին` Լ. Ահարոնյանը նշեց, որ ամեն տարի ապրիլի 24-ից երկու ամիս առաջ ստեղծվում է համապատասխան հանձնախումբ, որը կանոնակարգում և կազմակերպում է ցեղասպանության նահատակների հիշտակման միջոցառումները: 
Նրա փոխանցմամբ` այսօր երեկոյան Իրանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ լինելու է ծաղկեդրման արարողություն, իսկ ապրիլի 24-ին հայկական ամբողջ համայնքն իրականցնելու է քայլերթ: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն