Խորհրդարանը դրական եզրակացություն չի տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծին


Խորհրդարանը դրական եզրակացություն չի տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծին

  • 16-05-2016 13:18:11   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մայիսի 16-ին քննարկվել է պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, որը դրական եզրակացության չի արժանացել: Հանձնաժողովի անդամները չեն մասնակցել քվերարկությանը. նախագծին միայն կողմ քվեարկել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, իսկ դեմ` ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:
 
Քննարկմանը ներկա ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ԱԳՆ-ն դրական եզրակացություն չի տվել այս նախագծին, քանի որ ներկա պահին նպատակահարմար չէ Արցախի անկախության ճանաչումը, ինչը կարող է խանգարել բանակցային գործընթացին: 
Շ. Քոչարյանի խոսքերով` ՀՀ Կառավարությունը դրական եզրակացություն տվել է ոչ թե ԱԺ պատգամավորների նախաձեռնությանը, այլ ԱԳՆ-ի բացասական եզրակացությանը:  
Նա նաև ընդգծել է, որ փխրուն հրադադարի ներկայիս պայմաններում անիմաստ է բանակցային գործընթացի մասին խոսելը: 
Փոխարտգործնախարարի վերջին հայտարարությունը զարմանք է առաջացրել Հրանտ Բագրատյանի մոտ, ով արձագանքելով նշել է. «Դուք նշում եք, թե բանակցային գործընթաց չկա, այդ դեպքում ինչու եք ասում, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին: Դուք առաջարկում եք, եթե այսպես շարունակվի, օրական երկու-երեք հոգի մահանա՞ն, հա՞, բա որտեղից գտնենք այդ երկու-երեք հոգուն, ո՛չ պատերազմ, ո՛չ խաղություն եք առաջարկում»:
Իսկ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հորդորել է բոլորին զինվել համբերությամբ և խոստացել, որ առաջիկայում փակ նիստ կլինի, որին կհրավիրեն Հ.Բագրատյանին: 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play