Սանկտ Պետերբուրգի դպրոցների շրջանավարտների «Ալ առագաստներ» տոնահանդեսին մասնակցել են նաև երևանցի դպրոցականներ


Սանկտ Պետերբուրգի դպրոցների շրջանավարտների «Ալ առագաստներ» տոնահանդեսին մասնակցել են նաև երևանցի դպրոցականներ

  • 29-06-2016 19:10:07   | Ռուսաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության շրջանակներում, երկրորդ տարին անընդմեջ, երևանցի դպրոցականները մասնակցել են Սանկտ Պետերբուրգի դպրոցների շրջանավարտների «Ալ առագաստներ» տոնահանդեսին:
 
Հունիսի 21-ից 26-ը ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 8, 128 և 130 հիմնական դպրոցների 23 աշակերտներն ու պատվիրակության ղեկավար, հ. 128 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռիտա Ավետիսյանը Երևան են վերադարձել երեկ ուշ երեկոյան`Սանկտ Պետերբուրգ–Երևան ուղիղ չվերթով: 
Ի դեպ, հ. 128 դպրոցից մեկնած աշակերտների և մանկավարժի ուղևորության ծախսերը հոգացել է  դպրոցի նախկին շրջանավարտ, ռուսաստանաբնակ հայ գործարար Արմեն Սիմոնյանը: Սանկտպետերբուրգյան օրերի մասին երեխաներն իրենց հարուստ տպավորություններն են ներկայացրել օդանավակայան նրանց դիմավորելու եկած ծնողներին և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին: Շրջանավարտների տոնահանդեսին մասնակցելուց բացի, երևանցի աշակերտների համար կազմակերպվել է զբոսաշրջային ճանաչողական ծրագիր, որի ընթացքում նրանք այցելել են Սանկտ-Պետերբուրգի մի շարք տեսարժան վայրեր ու մշակութային օջախներ, ինչպես նաև կապեր հաստատել տեղի դպրոցների իրենց հասակակիցների հետ: 
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին էլ  երկու քաղաքների կրթության ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով Երևան էր ժամանել Սանկտ Պետերբուրգի կառավարության կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Իրինա Ասլանյանի գլխավորած պատվիրակությունը, որի անդամներն այցելել  էին մայրաքաղաքի դպրոցներ և տեղում ծանոթացել կրթական գործընթացի կազմակերպմանը: Հյուրերը եղել էին նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, ներկա գտնվել որպես պարտադիր առարկա ուսուցանվող շախմատի դասերի անցկացմանը, մասնակցել դպրոցականների և ուսուցիչների հետ հանդիպում-քննարկումներին: Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության ծրագրով նմանատիպ փոխայցերը կլինեն շարունակական:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play