Վիրահայությունը չի շտապում աջակցել այս կամ այն կուսակցությանը և մյուսներին էլ խորհուրդ չի տալիս


Վիրահայությունը չի շտապում աջակցել այս կամ այն կուսակցությանը և մյուսներին էլ խորհուրդ չի տալիս

  • 06-07-2016 18:00:14   | Վիետնամ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեք ամսից Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները: Մինչ ընտրություններն ընկած ժամանակահատվածը յուրաքանչյուր կուսակցություն կաշխատի այն ուղղությամբ, որպեսզի համոզի ընտրողին, որ նա իր ձայնը պետք է տա հենց կոնկրետ տվյալ կուսակցությանը: Բնական է, որ մասնակցելով ընտրություններին՝ ընտրողը հույս ունի, որ քվեարկության ճանապարհով նա կկարողանա որևէ կերպ բարելավել իր կյանքը: Բայց այստեղ կարևոր է գիտակցված ընտրություն կատարելը: Ընտրություն՝ հիմնված ոչ միայն երկրի իրավիճակի բարելավման մասին կուսակցության խոստումների վրա: Յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունը պետք է հիմնված լինի կոնկրետ քաղաքական ուժի ծրագրային տեսության վրա, որը ոչ միայն «լավ կյանք» է խոստանում, այլև իր խոստումների կատարման երաշխիքներ է ներկայացնում:
Հուլիսի 4-ին հայկական Արմենպրես տեղեկատվական կենտրոնը հարցազրույց է հրապարակել վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ: «Վրաստանի հայ համայնքն ավելի քան 50 տոկոսով սատարելու է «Վրացական երազանք» կուսակցությանը, քանի որ, ի տարբերություն նախկին իշխանությունների, այս իշխանությունները չեն օգտագործում ռեպրեսիվ գործողություններ հայ համայնքի նկատմամբ: Իհարկե, որոշակի խնդիրներ գործող իշխանությունները ունեն, բայց դա հիմնականում կապված է արտաքին գործոնի հետ՝ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների, ռուսական ռուբլու արժեզրկման, որոնք բացասական ազդեցություն թողեցին Վրաստանի տնտեսության վրա», -հայտնում է վրացագետ Մելիքյանը:
Պարզ չէ, թե ինչպիսի վիճակագրական տվյալների վրա է հենվում հարգելի վրացագետը՝ պնդելով, որ 50%-ից ավելին սատարում է իշխող կուսակցությանը: Բոլոր անցկացված սոցիալական հարցումները լիովին այլ պատկեր են գծագրում: Մինչդեռ, ասել, որ Համայնքը սատարում է իշխող կուսակցությանը, և, որպես լրացում, փաստարկում հավելել (երկրի հայության հանդեպ ռեպրեսիվ քայլերի չիրկանացումը), արմատապես ճիշտ չէ:
Միանշանակ, երկրի յուրաքանչյուր քաղաքացի ունի իր անձնական քաղաքական նախընտրությունները: Բայց երբ խոսքը վերաբերում է հավաքական ընտրությանը, տվյալ դեպքում երկրի Հայ Համայնքի նախընտրության մասին, այդժամ պետք է դատել օբյեկտիվ, հստակ չափորոշիչներով:
2016թ. Խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից Վրաստանի Հայ Համայնքի հիմնական սպասումներից մեկն այն է, որ երկրի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում արժանապատվորեն կարտացոլեն հայ համայնքի իրական դրությունը և կառաջարկեն հստակ գործողությունների ծրագիր 25 տարվա ընթացքում կուտակված խնդիրների լուծման համար՝ կապված Վրաստանի ազգային և կրոնական փոքրամասնությունների ազատության և Սահմանադրական իրավունքների իրագործման ապահովման հետ: Հայ Համայնքի աջակցությունը ստանալ ձգտող քաղաքական կուսակցությունները պետք է պատրաստ լինեն երաշխավորել Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիների հավաքական և անհատական իրավունքների և ազատության ապահովումը:
Եվ արդեն նրանից հետո, երբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կներկայացնեն կուտակված խնդիրների լուծման իրենց տեսությունը, Վրաստանի Հայ Համայնքը կկարողանա կողմնոորշվել՝ արժե՞ արդյոք ընդհանրապես աջակցություն ցուցաբերել որևէ քաղաքական կուսակցությանը, թե՞, ինչպես նախորդ տարիներին, հայ ընտրողին տրամադրել ընտրության ազատություն՝ մատնանշելով հայ բնակչության խնդիրները լուծելու քաղաքական դերակատարների չկամությունը:
Տվյալ պահի դրությամբ վիրահայության աջակցությունը ստանալ ցանկացող ոչ մի քաղաքական ուժ դեռևս չի մշակել առաջարկությունների ծրագիր: Թե ո՞վ և ինչպե՞ս է տեսնում կուտակված խնդիրների լուծումները, դեռևս պարզ չէ: Համապատասխանաբար, Համայնքը դեռևս չի շտապում աջակցելու այս կամ այն կուսակցությանը: Եվ մյուսներին էլ խորհուրդ չի տալիս:
Պարզ է մեկ բան՝ խնդիրները շատ են, և դրանք վաղ թե ուշ պետք է լուծվեն:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը