Նոր հայտարարություն ԼՂ հիմնախնդրի շուրջ ապրիլյան էսկալացիայի վերաբերյալ.FIDH


Նոր հայտարարություն ԼՂ հիմնախնդրի շուրջ ապրիլյան էսկալացիայի վերաբերյալ.FIDH

  • 18-07-2016 16:59:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Լեռնային Ղարաբաղ. հակամարտության մեջ գտնվող երկու կողմերի տուժած քաղաքացիական անձինք սպասում են խաղաղության և արդարադատության
 
Իրավիճակի գնահատում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) կողմից
 
Խորհրդային Միության փլուզումից հետո, վերջին երեսուն տարիների ընթացքում տարածաշրջանի առավել աղետալի հակամարտություններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությունը, շարունակում է մարդկային կյանքեր խլել: 2016 թվականի ապրիլին բռնության էսկալացիայից հետո, որը ամենաթեժն էր 1994 թվականի հրադադարից հետո, ինչպես նաև 2016 թվականի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև Վիեննայում տեղի ունեցած դռնփակ հանդիպումից հետո կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի խախտումների և խաղաղության հասնելու գործում առաջընթաց չարձանագրելու համար:
 
2016 թվականի ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում (Հարավային Կովկաս) և դրա շուրջ մարտական գործողությունների նոր ալիքը մի քանի տասնյակ մարդկային կորուստների պատճառ դարձավ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Զոհերի ճշգրիտ թիվը հնարավոր չեղավ հաստատել անկախ աղբյուրներից: Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պաշտպանության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 2-5-ը 92 անձ է սպանվել, ներառյալ` 4 քաղաքացիական անձինք: Ավելի ուշ հաստատվեց ևս մեկ անհայտ կորած սպայի մահվան փաստը, և զոհերի թիվը հասավ 93-ի: Ադրբեջանական կողմը հաղորդել է նույն ժամանակահատվածում 6 քաղաքացիական անձանց և 31 զինվորական ծառայողների սպանված լինելու  մասին:
 
2016 թվականի ապրիլին տեղի ունեցած բռնի գործողությունների այս լուրջ ակտիվացումն առաջինը չէր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կազմավորման և Ադրբեջանի միջև 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրից հետո: Քանի որ դրան չհաջորդեց հակամարտության խաղաղ կարգավորումը, և՛ Լեռնային Ղարաբաղի շփման գծի, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի թիվը տարիների ընթացքում աճեց: 2014-2015 թվականներին ամեն օր տեղի են ունեցել գնդակոծություններ և բռնի գործողություններ՝ իրավիճակի մի քանի լուրջ սրացումներով, որոնց արդյունքում սպանվեցին տասնյակ զինծառայողներ, վիրավորվեցին կամ սպանվեցին քաղաքացիական անձինք, վնասվեց քաղաքացիական  անձանց պատկանող գույքը: Ըստ հրապարակված տվյալների, անցած տարվա ընթացքում  քաղաքացիական զոհերը հիմնականում եղել են հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի գնդակոծության պատճառով, մինչդեռ մարտական կորուստները հիմնականում գրանցվում են Լեռնային Ղարաբաղի սահմանին:
 
Չնայած լայնամասշտաբ պատերազմի վերածվելու մշտական վտանգին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինման՝ մտահոգություններ առաջացնող մրցավազքին, հակամարտությունը շարունակում է միջազգային հանրության մոտ սահմանափակ հետաքրքրություն առաջացնել: Այս գործոնը, ինչպես նաև հրադադարի պահպանման մշտական մոնիթորինգի մեխանիզմի բացակայությունը և հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի վերաբերյալ քննության չիրականացումը հանգեցրեցին նրան, որ 2016 թվականի ապրիլի 2-5-ին տեղի ունեցավ ռազմական գործողությունների նոր բռնկում: Ապրիլի 5-ին ձեռքբերված և 2016 թվականի մայիսին Վիեննայում վերահաստատված հրադադարի պահպանման մասին բանավոր պայմանավորվածությունը, ինչպես հաղորդվում է, երկու կողմերն էլ ամեն օր խախտում են՝ իրավիճակը դարձնելով առավել անկայուն: Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Պաշտպանության նախարարության հաղորդած և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաստատված տվյալների համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով առնվազն 17 ԼՂ դե ֆակտո զինծառայող է սպանվել: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է ապրիլի 5-ից հետո ԼՂ շփման գծում առնվազն 5 զինծառայողի մահվան մասին: Եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի, ապա վտանգ կա, որ հակամարտությունը կդառնա լայնածավալ՝ հանգեցնելով նոր քաղաքացիական կորուստների և Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների՝ միևնույն ժամանակ սրելով տարածաշրջանում չափազանց անկայուն իրավիճակը: 
 
Միջազգային անկախ դիտարկման բացակայության պատճառով կա հավաստի աղբյուրների պակաս, ինչի հետևանքով ասեկոսեներ և քարոզչություն է տարածվում զոհերի թվի և կարգավիճակի մասին: FIDH-ը բազմակողմանիորեն ուսումնասիրել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական աղբյուրները և, հիմնվելով երկու կողմերի հաստատած թվերի և փաստերի վրա, ճշգրիտ է համարում ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերի կողմից քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորման դեպքերի մասին տեղեկատվությունը:       
 
 
Հարձակումներ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա 
 
Քաղաքացիական զոհերի և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դպրոցների թիրախավորման մասին հաղորդումներն փաստում են այնպիսի իրավիճակի մասին, որը միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է որակվել որպես անհամաչափ և անօրինական հարձակում: Այս մտահոգությունները հաստատվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի կողմից՝ 2016 թվականի հունիսի 13-ի ելույթում: 
 
Ադրբեջանական կողմը հաղորդել է, որ հարձակումների արդյունքում լուրջ վնաս է պատճառվել մասնավոր սեփականությանը և հանրային ենթակառուցվածքներին: Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, 232 մասնավոր տուն, 99 էլեկտրական սյուն, 3 էլեկտրաենթակայան, ջրատար և գազատար խողովակաշարերի նշանակալի հատվածներ ոչնչացվել են: Հաղորդվում է, որ հեռակառավարվող հրթիռներով թիրախավորվել են դպրոցներ, հիվանդանոցներ և սոցիալական հաստատություններ, այդ թվում`պաշտամունքի վայրեր: 
 
Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները, որոնք ստանում են ՀՀ կառավարության աջակցությունը, նույնպես հաղորդել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց հասցված էական վնասների մասին, որը հանգեցրել է քաղաքացիական անձանց զանգվածային տեղահանման Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Գլխավոր դատախազությունը հաղորդել է ռազմական էսկալացիայի արդյունքում որպես տուժող ճանաչված 550 քաղաքացիների մասին: Երկու կողմերն էլ հաղորդել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին, որոնց թվում կան երեխաներ,, ինչպես նաև՝ վիրավորների, այդ թվում՝ վիրավորված երեխաների մասին: Հաշվի առնելով շարունակական  հրետակոծությունների պատճառով ձգձգվող անկայուն իրավիճակը և սեփականությանը հասցվող վնասները՝ շատերը շարունակում են մնալ տեղահանված: 2016 թվականի. հունիսի 20-ին տարածած հաղորդագրության մեջ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը հայտարարել է, որ թեև գնալով ավելի մեծ թվով տեղահանված անձինք են վերադառնում իրենց բնակության վայրեր, սակայն ՄԱԿ-ը շարունակում է օգնություն տրամադրել առնվազն 1429 անձանց, ովքեր շարունակում են տեղահանված մնալ դե ֆակտո Լեռնային Ղարաբաղից: Տեղահանված համայնքներին անհրաժեշտ է մարդասիրական պաշտպանություն, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց բնակության վայրեր: 
 
FIDH-ը հիշեցնում է, որ ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է խուսափեն ռազմական էսկալացիայից: Ցանկացած դեպքում և անկախ այն հանգամանքից, որ այդ տարածքի կարգավիճակը ճանաչված չէ կամ որ առկա է շարունակվող զինված ընդհարում, բոլոր կողմերը պետք է մշտապես տարբերակում դնեն քաղաքացիական անձանց և կոմբատանտների, քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը և նրանց սեփականությունը պաշտպանեն հարձակումներից: Մարդկանց որպես կենդանի վահան օգտագործելը բացարձակապես և անվերապահորեն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի թե՛ պայմանագրային, թե՛ սովորութային նորմերով: 
 
 
Վերաբերմունքը քաղաքացիական անձանց, նրանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց (hors de combat) և մահացածների նկատմամբ
 
Հրապարակված որոշ մարդկային կորուստներ հնարավոր է, որ տեղի ունեցած լինեն կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու և զինված հարձակման հետևանքները քաղաքացիական բնակչության համար ճիշտ չգնահատելու պատճառով, այդուհանդերձ, ըստ հրապարակված տվյալների, Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի առնվազն երեք տարեց քաղաքացիական անձինք կանխամտածված սպանվել են և նրանց մարմինները խեղվել են, երբ ադրբեջանական զորքերը մտել են գյուղ և վերահսկողության տակ վերցրել այն: Վերը նշված երեք քաղաքացիական անձանց ականջները կտրվել են: Խաղաղ բնակիչների սպանությունն արգելված է ինչպես Ժնևի կոնվենցիաներով, այնպես էլ Միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերով: Քաղաքացիական անձանց սպանությունը և նրանց կամայականորեն կյանքից զրկելն արգելված է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերով, և այս արգելքը վերապահումներ թույլ չի տալիս, հետևաբար կիրառելի է բոլոր ժամանակներում:
 
2016 թվականի ապրիլի 4-ին հաղորդվեց, որ ադրբեջանական զինված ուժերը գլխատել են ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի ազգությամբ եզդի զինվոր Քյարամ Սլոյանին, ով սպանվել է մարտի ժամանակ: Ավելի ուշ, նրա կտրված գլխի նկարները և տեսանյութը հայտնվեցին սոցիալական ցանցերում: Երևում էր, որ զինվորները և քաղաքացիական անձինք նրա գլուխը վեր էին պարզել՝ որպես ռազմական ավար և հաղթական գործողության ապացույց: Հետագայում հաղորդվեց ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի երկու այլ գլխատված զինվորների մասին: Բոլոր երեք դեպքերում ընտանիքները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 
 
Ըստ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո Մարդու իրավունքների պաշտպանի,  Քյարամ Սլոյանի գլուխը վերադարձվել է և հուղարկավորվել նրա մարմնի կողքին, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել մյուս երկու զինվորների գլուխները վերադարձնելու ուղղությամբ: Բացի ազգային և միջազգային իրավունքով բացարձակապես արգելված լինելուց, նման անմարդկային վերաբերմունքը միայն ամրապնդում է ազգամիջյան ատելությունը և նպաստում է ընդհարման հետագա էսկալացիային: 
 
2016 թվականի ապրիլի 8-ին, 9-ին, 10-ին  և 20-ին  Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ կողմերը միմյանց հանձնեցին շփման գծի երկայնքով տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինները: ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի առնվազն 18 զինծառայողի մարմին է վերադարձվել հայկական կողմին: Հաղորդվել է, որ հանձման պահին մարմինները եղել են խեղված։ Այս պահի դրությամբ հնարավոր չի եղել անկախ աղբյուրի միջոցով հաստատելու խեղման մասին հաղորդումները, ինչպես նաև՝ արդյո՞ք նրանք խոշտանգման են ենթարկվել կենդանության օրոք: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են հայկական ուժերի կողմից իրականացված նմանատիպ հանցագործությունների մասին՝ նշելով, որ հայկական կողմը հրաժարվել է վերադարձնել ադրբեջանցի սպանված զինվորի մարմինը: Հնարավոր չի եղել անկախ աղբյուրի միջոցով հաստատելու այս հաղորդումները, և ոչ էլ ԿԽՄԿ է հրապարակավ հաստատել այս տեղեկությունները:
 
Զինված ընդհարման ժամանակ ակտիվորեն տարածվող չստուգված և ոչ հավաստի տեղեկատվությունն էլ ավելի է սրում իրավիճակը և ևս մեկ անգամ ապացուցում է, որ անկախ միջազգային մոնիթորինգ և հետաքննություն է անհրաժեշտ: 
 
Եթե այս հաղորդումները ճշգրիտ են և կհաստատվեն, ապա դրանք վկայում են պատերազմական հանցագործությունների մասին։ Խոշտանգումը, վատ վերաբերմունքը և մահացածների մարմինների խեղումը խստիվ արգելված է և՛ միջազգային մարդասիրական իրավունքի պայմանագրային, և՛ սովորութային նորմերով: FIDH-ը հորդորում է երկու կողմերին նշված ենթադրյալ խախտումների վերաբերյալ իրականացնել անկողմնակալ քննություն, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և համագործակցել միջազգային միջնորդների հետ՝ զինծառայողների մարմիններն ընտանիքներին վերադարձնելու նպատակով:
 
FIDH-ն ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերին կոչ է անում.
 
Հարգել և կիրառել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը,
լիարժեք ապահովել ընդհարումից տուժած մարդկանց կյանքի և անվտանգության իրավունքը,
Պատասխանատվության ենթարկել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների համար բոլոր պատասխանատուներին և պայքարել անպատժելիության դեմ,
Հարգել 1994 թվականի հրադադարը, զերծ մնալ ուժի կիրառումից,  չխրախուսել այն, վերջ դնել տարածաշրջանում սպառազինության մրցավազքին,
Զերծ մնալ ատելություն և պատերազմ քարոզելուց, 
Հակամարտության գոտում թույլատրել անկախ փաստահավաք առաքելության իրականացումը և առաքելության խմբի անդամների համար ապահովել ընդհարումից տուժած վայրերի և մարդկանց լիարժեք հասանելիություն։
 
FIDH-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:
 
FIDH-ը կոչ է անում Ադրբեջանին վավերացնել 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից երկու Լրացուցիչ արձանագրությունները (1977թ.):
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play