Իրավիճակի ավելի բարդացման մասին պնդումները կարող են լինել կամա թե ակամա ծուղակ. Մեկնաբան


Իրավիճակի ավելի բարդացման մասին պնդումները կարող են լինել կամա թե ակամա ծուղակ. Մեկնաբան

  • 20-07-2016 17:49:36   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանին հուշեցին երկու ճանապարհ. Իշխանությունը կընտրի՞, թե կպարտադրվի

 

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է նաեւ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը, դատապարտելով բռնության միջոցով քաղաքական փոփոխության տարբերակը, միաժամանակ իշխանությանը հորդորելով ապահովել բացառապես խաղաղ հանգուցալուծում:

 

Փաստացի, Նահանգները երկրորդ համաշխարհային ուժային կենտրոնն է, որ անդրադարձել է Հայաստանի իրավիճակին: Մինչ այդ դա արել էր Ռուսաստանը:

 

Մոսկվայի ու Վաշինգտոնի արձագանքների տարբերությունն ուշագրավ է: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հուլիսի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցողը «քրեական» իրադարձություն է:

 

Վաշինգտոնի արձագանքը փաստացի տրամագծորեն հակառակն է, այն իմաստով, որ դատապարտելով բռնությունը, Նահանգներն այդուհանդերձ իրավիճակը դիտարկում է քաղաքական խնդրի համատեքստում եւ խոսում «քաղաքական փոփոխության» փորձի մասին, իհարկե կիրառված տարբերակը կամ մեթոդը համարելով անընդունելի: Ու նաեւ իշխանությանն են անում քաղաքական հանգուցալուծման կոչ:

 

Հատկանշական է, որ Նահանգներն իրավիճակին արձագանքել է այն բանից հետո, երբ երկու-երեք օր շարունակվող զարգացումներում նկատվեցին նոր երանգներ: Մասնավորապես, տեղի ունեցավ Սարի թաղի միջադեպը, որն ինքնին լինելով լոկալ բախում, այդուհանդերձ հատկանշական էր իր էությամբ: Միեւնույն ժամանակ, դրան զուգահեռ տարածվեց տեղեկություն, որի աղբյուրը կարծես թե ՊՊԾ գունդը գրաված խումբն էր, թե Հայաստան է ժամանում ռուսական Ալֆա հատուկ ջոկատը՝ խմբի դեմ հատուկ օպերացիայի համար:

 

Չի բացառվում, որ խմբի տարածած այդ տեղեկությունն ուներ կանխարգելիչ նշանակություն: Առավել եւս, որ դրանից ժամեր առաջ տեղի էր ունեցել մեկ այլ հատկանշական իրողություն: Հայաստանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը հայտնում էր, որ հուլիսի 19-22-ը Հայաստան է ժամանում ՌԴ զինված ուժերի զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը, որպեսզի վերջնական քննարկեն հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրն ու այն պատրաստեն ստորագրության:

 

Այդ հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծված է վաղուց, տարիներ առաջ, հայկական ստորաբաժանումների եւ ռուսական ռազմակայանի միավորումների մասնակցությամբ: Այն իրականացնում է պարբերական զորավարժություններ, զորախումբը ղեկավարում է գեներալ Միքայել Գրիգորյանը: Ուրեմն, ի՞նչ համաձայնագրի մասին է խոսքը, ի՞նչ վերջնական քննարկման: Արդյոք Ռուսաստանը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված առիթից եւ լուծել ինչ-ինչ քաղաքական հարցեր, օգտվելով Հայաստանում առկա իրավիճակից եւ իշխանության համար ստեղծված որոշակի ցայտնոտից կամ ցուգցվանգից:

 

Առավել եւս, երբ իրավիճակն էլ ավելի հատկանշական է դառնում հիշելով ընդամենը մի քանի օր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հայտարարությունը, թե Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներում մոտակա ժամանակահատվածում առկա է ապակայունացումների մեծ ռիսկ:

 

Իսկ հաշվի առնելով այն, թե ինչ մեծ ազդեցություն եւ ներկայացվածություն ունի Ռուսաստանը Հայաստանում, միանգամայն տրամաբանական է հարցը, թե արդյոք Ռուսաստանի համար Հայաստանում կարող է տեղի ունենալ անսպասելի ապակայունացում, ինչպես Մոսկվայի ազդեցության գոտում մնացած որեւէ հետխորհրդային երկրում ընդհանրապես:

 

Վերջապես, դրան սկսեց հաջորդել այդ իրադրության քարոզչական սպասարկումը, որտեղ ռուսական քարոզչությունը սկսեց նախ նրբորեն, ու ժամերի ընթացքում գրեթե բացեիբաց կիրառել ավանդական քարոզչական «թիկունքի» կառուցմանն ուղղված հնարքները, «մեղավոր» ներկայացնելով Արեւմուտքին:

 

Ահա այդ իրավիճակում, վերը բերված թե ներքին, թե արտաքին գործոնների համատեքստում հնչում է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը, որն ինչ որ իմաստով հնարավոր է համարել նաեւ հենց պատասխան Ռուսաստանի գործողություններին ու մտադրություններին:

 

Փաստորեն, ԱՄՆ աջակցություն է հայտնում Հայաստանի իշխանությանը, այդպիսով ամրացնելով այդ իշխանության արտաքին քաղաքական դիրքը, միաժամանակ սահմանում այդ աջակցության գինը կամ արժեքը՝ խուսափել ուժային լուծումից եւ գնալ քաղաքական, խաղաղ հանգուցալուծման:

 

Այսինքն, այս իմաստով տեսնում ենք այն, ինչ արտահայտում է Հայաստանի պետական շահը՝ թե ներքին, թե արտաքին քաղաքականության, պետական անվտանգության իմաստով: Առավել եւս, որ տեղի ունեցածով փաստացի բացահայտվել է հենց պետական անվտանգության լրջագույն խնդիրը, անկախ զինված խմբի գործողությունների հանդեպ հասարակական տարբեր շերտերի վերաբերմունքից:

 

Ինչ խոսք, դեռ լիովին անորոշ է, թե ինչը ինչպես է ստացվել, առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանն իրավապահ համակարգի, հատուկ ծառայությունների տիրույթում է: Բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել պետական անվտանգության համակարգի ճեղքում՝ անկախ այդ պետության ղեկը պահող իշխանության հանդեպ վերաբերմունքից:

 

Ճեղքը անհրաժեշտ է վերականգնել, ընդ որում անհապաղ: ԱՄՆ պետքարտուղարության արձագանքն էլ փաստացի այդ մասին է: Ընդ որում, տվյալ պարագայում առկա է բավական նուրբ եւ հակասական իրավիճակ: Շատերը համարում են, որ ինչքան շարունակվում է ներկայիս վիճակը, այնքան բարդանում է, ծանրանում, դժվարանում խաղաղ ելքը:

 

Իրականում այստեղ մեծ հավանականությամբ կարող է լինել ծուղակ: Վերջին հաշվով, խոսքը վերաբերում է ներպետական խնդրի, որտեղ դիմակայության երկու կողմում էլ Հայաստանի Հանրապետության սուբյեկտներ են, անկախ նրանց տրվող գնահատականներից: Ընդ որում, պարզ չէ նույնիսկ, թե արդյոք այդ սուբյեկտները հենց երկուսն են, թե իրավիճակն ավելի բազմաշերտ է:

 

Համենայն դեպս, այդ պարագայում ժամանակը բոլոր դեպքերում աշխատում է Հայաստանի օգտին, եթե անգամ տեւական ժամանակ չի գտնվում խաղաղ հանգուցալուծման տարբերակը: Աշխատում է Հայաստանի օգտին, քանի դեռ կողմերը եւ առաջին հերթին իշխանությունը չի դադարում անարյուն հանգուցալուծման տարբերակի որոնումն ու չի դիմում ուժային գործողության: Որքան Հայաստանում շարունակվում է գերլարված, բայց ուժային պայթյունից զերծ մնացող վիճակը, այդքան Հայաստանը շահում է, եւ իրավիճակի ավելի բարդացման, փակուղու խորացման մասին պնդումները կարող են լինել կամա թե ակամա ծուղակ:

 

Թող իրավիճակը շարունակվի շաբաթներ, եթե դա է ուժային նոր եւ անկասկած առավել արյունալի բռնկման վտանգը զսպելու գինը: Միաժամանակ, անկասկած է, որ պետք է զսպել նաեւ ոստիկանության բիրտ գործողությունները:

 

Կասկած չկա, որ ինչքան էլ գործ ունենք ներքին խնդրի հետ, չափազանց կարեւոր եւ վճռորոշ կարող են լինել արտաքին արձագանքները, հաշվի առելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ: Հայաստանն արդեն իսկ արժանացել է երկու ուժային առանցքային կենտրոնների առնվազն նախնական գնահատականի, վերաբերմունքի, որոնք ինչ որ իմաստով նաեւ «ուղենշային» են:

 

Եվ այդ իմաստով ակնհայտ է, որ Հայաստանը կանգնած է երկու հակադիր հեռանկարների առջեւ՝ քրեական բնորոշումը ենթադրում է «նպատակն արդարացնում է միջոցները» սահմանազանց զարգացում, որը Հայաստանում եղել է իշխող համակարգի քառորդ դարի նշանաբանը եւ ուղենիշը ու փաստացի ստեղծել ներկայիս ծայրահեղ վտանգավոր իրավիճակը, իսկ քաղաքական հարթության վրա խնդրի դիտարկումը ենթադրում է իրավիճակի առավել խորքային ու համակարգային հանգուցալուծում, որից Հայաստանը իրադրության որեւէ զարգացման դեպքում կարող է դուրս գալ շատ ավելի ուժեղ եւ հաջողած, ինչքան էլ որ դա տարօրինակ հնչի:

 

Վերջին հաշվով, այն, ինչ արել է զինված խումբը, Հայաստանի համար իր արդյունավետությամբ չպետք է չափվի լոկ իշխանափոխությամբ՝ եթե հասել է իշխանափոխության կամ ինչ որ աղմկոտ հրաժարականների, ուրեմն հաջողված է, իսկ եթե ոչ՝ ուրեմն տապալված կամ անհաջող էր: Մարդկանց գոնե այդ անձնազոհ քայլը չպետք է թույլ տալ, որ հայտնվի իշխանափոխություն «ավանդական» ու պարզունակ չափորոշիչի ծուղակում:

lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play