Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել է


Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել է

  • 02-08-2016 13:35:34   | Հայաստան  |  Քաղաքական

Դատարանը բավարարել է  Հովսեփ Խուրշուդյանին կալանավորելու միջնորդությունը, նա տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
«Ընտրվեց կալանքը՝ ինչպես մյուսների դեպքում: Կարծում եմ, այս դեպքերով բացառություններ չեն լինի: Սա քաղաքական հետապնդում է, և իրենից իրական որևէ դատական գործընթաց չի ներկայացնում: Ինչ էլ գրեին, դատարանը բավարարելու էր, որովհետև նման ցուցում տրված է»,-Panorama.am-ին հետ զրույցում նման կարծիք հայտնեց Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը:
 
Նրա խոսքով,  ոստիկանների կողմից ներկայացվում են արհեստածին ապացույցներ:
 
«Այս իրավիճակում ոստիկանների գործողությունների իրավաչափությունն ու օրինաչափությունը կասկածի տակ են: Նրանց կողմից իրականացրած գործողությունները փաստացի հանցանք են, որպեսզի նույն համակարգի կողմից չպատժվեն, ստիպված են ցուցմունքներ տալ հանրահավաքի՝ հանրության կողմից առավել ընդունելի մարդկանց դեմ»,-ասաց Ս. Սաֆարյանը:
 
Փաստաբանի խոսքով, Հովսեփը որևէ գործողություն չի կատարել, ավելին՝ դեմ է եղել գործողություններին: Նշենք, որ Խուրշուդյանին կասկածում են Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ կետով սահմանված գործողություններ կատարելու մեջ:
 
«Սկզբում՝ հուլիսի 29-ին նրան են վերագրել 225 հոդվածով սահմանված բոլոր գործողությունների կատարումը, այնուհետև մի քանի օր հետո զարգացրել են, երկու ոստիկանից ցուցմունք են  վերցրել, իբր Հովսեփ Էդմոնի Խուրշուդյանն է, որ քարերով խփել է ոստիկաններին»,-ասաց Սաֆարյանը:
 
Խուրշուդյանը ցանկացել է, որպեսզի ոստիկանների առերես հարցաքննություն իրականացվի, բայց չեն կատարել: Սաֆարյանը կարծում է, որ իրենց էլ ժամանակ է պետք «ոստիկաններին ինստրուկտաժ անելու համար»:
 
Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել թե ձերբակալման, թե կալանքի վերաբերյալ  որոշումները:
 
Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ կետը սահմանում է. « Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը` պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play