«Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի՝ ինչքան ուզում է Վիտալի Բալասանյանը կրկնի».Թամար Հովհաննիսյան (Տեսագրություն)
11-08-2016 17:19:49 | Հայաստան | Հարցազրույցներ
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը շարունակում է հետևել այս օրերի անցուդարին, թեև Ազատության հրապարակի հարթակում այլևս չի լինում. «Ովքեր առաջնորդում էին այս ամենի քաղաքական շերտը, ձերբակալվեցին, և ստեղծվել է անհասկանալի մի վիճակ»:
Դերասանուհին զարմացած է, որ Արցախից չեկան՝ մասնակցելու հայաստանյան դեպքերին: «Եկավ ընդամենը մեկ հոգի, այն էլ խառնաշփոթ ստեղծեց: Ստեղծվել էր այնպիսի վիճակ, որի դեպքում ասում են՝ «ախպեր ջան, հիմա դու ո՞ւմ կողմից ես»»,- ասաց դերասանուհին՝ նկատի ունենալով Վիտալի Բալասանյանին:
Թամար Հովհաննիսյանը անընդունելի է համարում երեկվա հարցազրույցում Վիտալի Բալասանյանի կողմից մի քանի անգամ «Հայաստանի Հանրապետության նախագահ» արտահայտությունը շեշտելը. «Իր ասելով չի՛, ի՛նքը չի ապրում Հայաստանում, իսկ Հայաստանում ապրող յուրաքանչյուր ոք գիտի, որ Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի՝ ինչքան ուզում է Վիտալի Բալասանյանը կրկնի»:
Դերասանուհին իր զարմանքը արտահատեց՝ ասելով, թե հողի համար պայքար մղած մարդը ինչպե՞ս կարող է նման դիրքորոշում ունենալ. «Էդ ի՞նչ էր առաջարկվել իրեն, ի՞նչ գնով էին հասել այդ մարդու այդպիսի պահվածքին: Դա ծայրահեղ ամոթ բան է՝ այդպիսի մարդկանց են արդեն սկսել հեղինակազրկել»: