Ավարտական փուլում է Երեւանի կենդանաբանական այգու զարգացման գլխավոր պլանի մշակումը


Ավարտական փուլում է Երեւանի կենդանաբանական այգու զարգացման գլխավոր պլանի մշակումը

  • 02-05-2011 18:23:24   | Հայաստան  |  Հասարակություն
Երեւանի Կենդանաբանական այգու խնդիրների եւ զարգացման հեռանկարի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի Ամստերդամի «Արտիս» կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանի եւ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ մայիսի 2-ի հանդիպման ընթացքում։ Կարեւորելով կենդանաբանական այգու ոչ միայն բնապահպանական, այլեւ կրթադաստիարակչական, նաեւ զբոսաշրջային առումով նշանակությունը, Կարեն Կարապետյանն ընգդծել է այգու զարգացման, վերազինման, միջազգային չափանիշերին համապատասխանեցնելու հարցում քաղաքապետարանի շահագրգռվածությունը։ Ընդհանուր գծերով հյուրին ներկայացնելով այս ուղղությամբ քաղաքապետարանի մոտեցումները, քաղաքապետն առանձնացրել է կենդանաբանական այգու հենքի վրա տարածաշրջանային ուսումնական կենտրոն հիմնելու նպակը։ Քաղաքապետը միաժամանակ կարեւորել է համակարգված, ծրագրային մոտեցմամբ՝ ուսումնական հաստատութուններ - կենդանաբանական այգի մշտական կապի անհրաժեշտությունը։ «Հաշվի առնելով Հայաստանի հարուստ կենդանական աշխարհը, Երեւանն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում ամենաժամանակակից կենդանաբանական այգիներից մեկն ունենալու հնարավորությունը»,- նշել է Ամստերդամի «Արտիս>> կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը՝ Երեւանի քաղաքապետին ներկայացնելով այգուց ստացած իր տպավորություններն ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ իր մոտեցումները։ Ներկայացնելով Ամստերդամում այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը եւ փորձը, նա պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այգու զարգացման ծրագրերի իրականացման հարցում։ Հանդիպմանը ներկա Վայրի բնության մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի համակարգող Բարբարա Զիբերտը, գնահատելով այգու զարգացման ծրագրերում կրթական բաղադրիչի առկայությունը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել հիմնադրամի կողմից աջակցություն ցուցաբերել։ Ներկայում ավարտական փուլում է կենդանաբանական այգու զարգացման գլխավոր պլանի մշակումը, որն առաջիկայում կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։
Նոյյան տապան  -   Հասարակություն