Ֆեդերացիան ավելի շատ խնդիր ունի մարզիչների, քան մարզիկների հետ.Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ


Ֆեդերացիան ավելի շատ խնդիր ունի մարզիչների, քան մարզիկների հետ.Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

  • 15-08-2016 17:53:38   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Հայաստանը «Ռիո-2016»-ում ներկայացնում են բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ): Չորս բռնցքամարտիկներն ավարտել են մրցապայքարն ու մեդալներ չեն նվաճել. այսօր մրցագորգ դուրս կգա Նարեկ Աբգարյանը:
 
«Ռիո 2016»-ում ներկայացված բռնցքամարտիկների ելույթների, խնդիրների, սպասումների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ:
 
- Պարոն Գևորգյան, Հայաստանն առաջին անգամ օլիմպիական խաղերին մասնակցում էր հինգ բռնցքամարտիկով. նրանցից չորսն արդեն ավարտել են իրենց ելույթներն առանց մեդալների: Ինչպե՞ս կգնահատեք ելույթները, ինչի՞ պակաս կար:
 
- Մենք երբևէ հինգ մասնակից չենք ունեցել, դա ռեկորդային թիվ էր, բայց հարցի մյուս կողմն էլ կա՝ տղաներն իրենց լավ  դրսևորեցին: Արդյունքն ինձ համար ընդունելի չի լինի այն դեպքում, երբ իրենք պարտվեն իրենցից թույլ բռնցքամարտիկի: Այդ պարագայում կարելի է մարզիկին մեղադրել, բայց երբ բռնցքամարտիկն իր պոտենցիալ հնարավորությունների մաքսիմումը կատարում է`այլ է: Հովհաննես Բաչկովից սպասումներս մի փոքր ավելի շատ էին, նրա մրցակիցն այդքան էլ տպավորիչ չէր, տիտղոսակիր չէր, և մենամարտը  հավասար ստացվեց։ Այնպես որ, նույն հավանականությամբ, հաղթանակը կարող էին իրեն շնորհել, բայց նման անշուք մենամարտում հետագա պայքարն աշխարհի չեմպիոնի հետ էր լինելու: Արամ Ավագյանը պայքարեց մինչև վերջ, նա իր հնարավորությունների մաքսիմումը կատարեց, իրեն դրսևորեց իսկական տղամարդու պես, սակայն մրցակիցն իրեն գերազանցում էր տեխնիկական ունակություններով:
 
- Հինգ մասնակից ունենք, որից չորսն արդյունք չի գրանցել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւմ է  խնդիրը, և ի՞նչ է պատրաստվում անել ֆեդերացիան:
 
-Խնդիրներն ավելի խորքային են. մեր հավաքականը կվերադառնա Ռիոյից, այդ ժամանակ ֆեդերացիայի համաժողով կհրավիրենք, կքննարկենք, կքննադատենք, չենք փորձի արդարանալ, որովհետև դա ինձ համար սկզբունքային հարց է: Ընդունելի չէ, երբ մեր մարզիչները փորձում են արդարանալ, թե մենք հաղթել ենք, մեզ չեն տվել հաղթանակը և այլն:
 
Խնդիրներն ավելի խորքային են, որովհետև որքան շատ ես անում, որքան շատ պայմաններ են ստեղծվում, այդքան արդյունք չկա: Ժամանակին ավելի քիչ պայմաններով ու  հնարավորություններով թիմն ավելի ամուր էր, զգոն, արդյունքներն էլ ավելի բարձր էին: Ցավալի է, որ տարածաշրջանում մենք գնալով զիջում ենք մեր դիրքերը սպորտում:
 
-Պարոն Գևորգյան, ասում եք` հնարավորություններն ավելի լայն են, պայմաններն՝ ավելի բարվոք, սակայն արդյունք չկա: Ինչո՞վ է պայմանավորված անարդյունք մասնակցությունն ու տարածաշրջանում դիրքերի զիջումը սպորտի ոլորտում:
 
-Ես երկու օլիմպիական խաղերի եմ մասնակցել, մեզ ոչ ոք չի օգնել։ Ես ֆեդերացիայի նախագահ չեմ ճանաչել, ես երբևէ չեմ վարձատրվել, բայց մենք ունեինք լավ թիմ: 26-րդ օլիմպիական խաղերին մենք ունեցել ենք ամենամեծ թվով օլիմպիական մասնակից ունեցող հավաքական և օլիմպիական չեմպիոնով, արծաթով վերադարձել ենք:
 
Պայմանները պատճառ չեն։ Այն ուզբեկ ու կուբացի մարզիկները, որ հաղթում են, ավելի լավ պայմաններ չունեն, աղքատ թաղամասերից մասնակից երիտասարդներ են,  երեխաներ, որոնց մոտ առաջ գնալու մոտիվացիան ավելի ուժեղ է: Այդ մարզիկը գիտի ինչի համար է կռվում, նրա համար անհրաժեշտություն է հաղթելը: Կարծում եմ՝ ավելի շատ մոտիվացիան է բացակայում մեր հավաքականի մոտ:
 
-Ինչպե՞ս վերադարձնել մոտիվացիան ու հաղթողի հոգեբանությունը մարզիկի մոտ, եթե այն պայմանավորված չէ անգամ ստեղծված պայմաններով:
 
- Տղաներին մեղադրելու բան չկա՝ կոնկրետ բռնցքամարտի մասով եմ ասում: Նրանք մինչև վերջ պայքարել են, բայց եթե տվյալ բռնցքամարտիկի տեխնիկական մակարդակը չի համապատասխանում հակառակորդի տեխնիկական մակարդակին, որը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է, օլիմպիական խաղերի մեդալակիր, դրա համար պետք է մեղադրել միայն մասնագետներին, ովքեր պատրաստում են այդ հավաքականը, անձնական մարզիչներին, ովքեր մարզում են: Այսօր մեր ֆեդերացիան ավելի շատ խնդիր ունի մարզիչների, քան մարզիկների հետ: Ոչ մեկ չի կրթվել, մասնագիտական հմտություններ ձեռք չեն բերել, մարզչական բազայի առաջխաղացում չկա, սպորտը փոխվում է ամբողջ աշխարհում։ Կարծում եմ՝ Հայաստանում ճիշտ սպորտային մենեջերների պակաս կա, ոչ մի բան ճիշտ չի դասավորվում, եթե նույնիսկ մենք ունենանք օլիմպիական չեմպիոն, դա հարցի լուծում չէ։ Ես հույսեր ունեմ, որ մենք դեռ կնվաճենք մեդալ, բայց խորքային ու համակարգային փոփոխություններ են պետք:
 
- Օլիմպիական հավաքականի չգրանցած արդյունքներից դժգոհության ալիք կա, ինչպե՞ս և ե՞րբ է տրվելու փոփոխությունների մեկնարկը, որպեսզի մյուս օլիմպիական խաղերին այլ արդյունք գրանցվի:
 
- Չգիտեմ. ամեն մարդ թող սկսի իրենից, ես առաջինը կսկսեմ ինձնից ու սկսել եմ այն բնագավառից, որը ղեկավարել եմ: Երկու տարի է այդ ամենն անում ենք՝ մարզիչների քննություններ, դասընթացներ։ Արդյունքի համար ժամանակ է պետք։ Ամեն պատահական մարդ մարզիչ չպետք է լինի, որովհետև դրանով նրանք գուցե ապրելու հարց են լուծում, բայց, միաժամանակ, բազմաթիվ երեխաների ապագա կործանում: Մինչդեռ մեր երկրում այսօր ցանկացած մարդ կարող է խմբակ բացել ու զբաղվել մարզչությամբ:
 
- Պարոն Գևորգյան, մինչ այս նպատակը Ռիոյում բարձր մակարդակով ներկայանալն էր, և ֆեդերացիաների աշխատանքներն ուղղված էին դրան։ Ի՞նչ է անելու Բռնցքամարտի ֆեդերացիան մարզիկների վերադարձից հետո:
 
-Առաջիկայի համար ես արտերկրից հրավիրել եմ մի քանի մասնագետների, որոնց պետք է բարձր վճարել. նրանք մեկ ամիս անցկացնելու են մեր մարզիկների հետ, մարզիչների հետ են դասընթացներ անցկացնելու։ Ես ուզում եմ, որ իրենք սովորեն, մնում է, որ իրենք ցանկանան սովորել:
 
Մեծամտություն կա. բոլորը կարծում են, որ իրենք ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ չգիտեն: Մենք մասնագիտական առումով շատ ենք հետ մնացել, պետք է զրոյից սկսել, իրենք էլ պետք է հասկանան, որ միշտ սովորել է պետք: Պետք է հասկանալ, որ խորհրդային ժամանակաշրջանն անցել է, որ այն ժամանակ 30 տարեկան մարզիչ չկար, իսկ հիմա 40 տարեկան աշխարհի չեմպիոններ կան:
 
Եթե հայ բռնցքամարտիկին մեր մեկնաբանն ասում է՝ 26 -ամյա երիտասարդ, ապա  թող կողքերը նայեն ու տեսնեն, որ ԱՄՆ-ի բռնցքամարտիկները 17, 18 տարեկան են և դառնում են օլիմպիական խաղերի չեմպիոն: Նրանք նպատակ ունեն, գիտեն, որ հաղթում են, գումար են վաստակում. այդ մարզիկը չի ակնկալում պետությունից փող ստանալ, չկա նման բան: ԱՄՆ-ում օլիմպիական չեմպիոնը ստանում է 20 000- 30 000  դոլար, իսկ հիմա ամերիկացի ժողովուրդը բողոքում է, որ իրենց վճարած հարկերից չեմպիոններին չվճարեն:
 
Մենք սովորեցնում ենք, որ հաղթողին պարգևատրում կտանք։  Բռնցքամարտիկները պետք է հասկանան, որ օլիմպիական չեմպիոնն արդեն հարուստ տղա է, ինքն է փող վաստակում և կարիք չունի, որ պետությունն իրեն 50-100 հազար դրամ փող տա:
 
Դրանից ուժեղ մոտիվացիա չկա, ցանկացած հեռավոր գյուղի փոքրիկ տղա կարող է վաղը դառնալ օլիմպիական չեմպիոն, իսկ այսօր սպասենք Նարեկ Աբգարյանի հաղթանակին և սպասենք, որ մեր օլիմպիական հավաքականը մեդալ նվաճի:
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ