Փոխզիջումային տարբերակ լինել չի կարող.Հայկ Խանումյան


Փոխզիջումային տարբերակ լինել չի կարող.Հայկ Խանումյան

  • 15-08-2016 18:46:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Հարցազրույցներ
Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը, անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը, ընդգծեց, որ հակամարտության  կարգավորման համար անհրաժեշտ են փոխզիջումներ: Այս հայտարարությունից հետո շատ է շահարկվում տարածքների հանձնման հարցը:
 
Պարզելու համար ԼՂ դիրքորոշումն այս հայտարարության մասին՝ Aysor.am–ը զրուցել է ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ  Հայկ Խանումյանի հետ:
 
-Պարոն Խանումյան, Պուտինն իր խոսքում նշեց, որ անհրաժեշտ են այնպիսի փոխզիջումներ, որ հաղթողներ ու պարտվողներ չլինեն, առհասարակ հանդիպման ընթացքում շատ խոսվեց փոխզիջումերի մասին, բայց վերացական շեշտադրումներով, ի՞նչ պետք է հասկանալ այս փոխզիջումներ բառի տակ:
 
-Փոխզիջումներ ասելով՝ սովորաբար նկատի ունեն այն կետերը, որոնք նկարագրված են, օրինակ, կարգավորման մադրիդյան առաջարկներում: Դա իր մեջ պարունակում է տարածքային զիջում Արցախի կողմից ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց և հարակից այլ հարցեր: Այս դեպքում, կարծում եմ, արտաքին դերակատարները փոխզիջում ասելով հենց սա նկատի ունեն:
 
- Եթե փոխզիջումներ ամեն դեպքում լինեն, ապա  ի՞նչ փոխզիջումների է պատրաստ ԼՂ-ն: 
 
- Ինձ համար արցախյան հակամարտության մեջ փոխզիջումային տարբերակ լինել  չի կարող, քանզի կողմերն ունեն առավելապաշտական մոտեցումներ և չունեն հակամարտության կարգավորման մոտիկ պատկերացումներ: Այս պարագայում մեզ համար փոխզիջումը կամ զիջումը կբերի ֆիզիկական ոչնչացման, ամբողջ Արցախի կորստի: Հետևաբար զիջումներից խոսողները պետք է հասկանան, որ դրանով հարվածում են Արցախի անվտանգությանը: Սա հատկապես պետք է լրջորեն բացատրվի հայաստանյան քաղաքական դաշտի դերակատարներին:
 
-Անդրադառնալով քառօրյա պատերազմին՝ Բորդյուժան նշել է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու շնորհիվ տարածաշրջանում ռազմական բալանսը չի խախտվում, ուստի  ԼՂ հակամարտությունը ռազմական ուժով լուծելու ոչ մի տարբերակ չկա: Կցանկանայի Ձեր կարծիքն իմանալ այս հայտարարության մասին:
 
-Պետք է փաստել, որ վերջին տարիներին, հատկապես 2011-ից այս կողմ, ռազմական բալանսը էականորեն խախտվել է Ադրբեջանի օգտին, քանզի վերջինս մեծածավալ հարձակվողական սպառազինություն է ձեռք բերել: Նման պարագայում մեծանում է ռազմական ճանապարհով հարցը լուծելու գայթակղությունը, ինչի ականատեսը եղանք ապրիլին: Հետևաբար, դեմն առնելու միակ ձևը պաշտպանական և ավելի էժան սպառազինություն ձեռք բերելով ռազմական հավասարակշռության վերականգնումն է:
 
- Տարիների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի նստում բանակցային սեղանի շուրջ, ուստի ինչպիսի՞ն եք  տեսնում հակամարտության լուծման տարբերակը:   
 
- Հակամարտության լուծման իմ պատկերացումներն այսպիսինն են` Արցախին հարկավոր է մարտունակ բանակ` զինված արդիական սպառազինությամբ, ագրեսիվ վերաբնակեցման քաղաքականություն, արդյունավետ կառավարում, ժողովրդավարություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ