Մարդիկ կսկսեն ավելի ծայրահեղ միջոցների դիմել, ինչը շատ վատ հետևանքներ կունենա.Արմենակ Կյուրեղյան


Մարդիկ կսկսեն ավելի ծայրահեղ միջոցների դիմել, ինչը շատ վատ հետևանքներ կունենա.Արմենակ Կյուրեղյան

  • 23-08-2016 17:42:45   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը

 

Պարոն Կյուրեղյան, Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Արեգ Կյուրեղանի և մյուսների կալանքի որոշումները։ Անակնկա՞լ էր Ձեզ համար և ի՞նչ զարգացումներ եք ակնկալում։

 

Ես կարծում եմ` դատական բոլոր վճիռները իջեցված կլինեն իշխանությունների կողմից։ Հայաստանում բոլորը գիտեն, որ անկախ դատարան գոյություն չունի, և եթե հարցը հնչեղություն ունի, դատավորները կատարում են քաղաքական որոշումներ, իսկ մյուս դեպքերում գործի է դրվում կոռուպցիոն բաղադրիչը։ Ամբողջ դատական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ և նույնիսկ լեգիտիմացնում են կոռուպցիան նվերների տեսքով։ Դատավորները հայտարարագրում են մեծ գումարներ, որ նվեր են ստացել։ Ամբողջ  աշխարհում պաշտոնյան իրավունք չունի խոշոր չափի նվեր ստանալու, քանի որ դա կաշառք է համարվում, մեզ մոտ ուղղակի հայտարարագրում, լեգիտիմացնում են այն։ Այս դեպքում ի՞նչ կարելի է սպասել մեր դատարաններից... ոչ մի բան։

 

Շաբաթը մեկ հանրահավաքներ են տեղի ունենում Ազատության հրապարակում, բանտերից Սասնա ծռեր խմբի տղաներն են երիտասարդությանը համախմբվելու կոչեր հնչեցնում։ Դուք հետևելով և անմիջականորեն մասնակցելով այս հանրահավաքներին` տեսնո՞ւմ եք փոփոխության հասնելու հնարավորություն։

 

Հանրահավաքներով չի շարժումն արտահայտվում։ Իմ սերունդն անցել է 88-ի շարժման միջով, և արդյունքում Արցախի հողերն են ազատագրվել, Հայաստանն անկախացել է։ Եվ թեև այն ժամանակ համընդհանուր համախմբում կար, բայց շարժումը տեղի չէր ունենում միայն հանրահավաքներում, շարժումը տեղի էր ունենում ամենուրեք։ Հիմա «Սասնա ծռերի» գործողություններից հետո մի բան է նկատվում՝ բոլորը սկսում են մտածել մի բանի մասին՝ Հայաստանում պետք է ուղղել իրավիճակը, որը տանում է կործանման։ Սա շարժման հիմքն է։ Եվ երբ գաղափարն է դեր խաղում, գաղափարին հաղթելը շատ դժվար է։ Որքան ճնշում գործադրեն մարդկանց վրա, այնքան աճելու է շարժումը։ Այս դեպքերը ցույց տվեցին, որ որքան ջարդում էին մարդկանց, հաջորդ օրը մարդկանց թիվն ավելանում էր։

 

Իշխանության գործողությունները` պաշտոնանկ արված ոստիկաններ, պաշտոնից հրաժարված դատախազ  և այլն, արդյոք բավարա՞ր քայլեր էին։

 

Անկեղծ ասած ոստիկանության անձերի փոփոխությունն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, քանի որ ամբողջ համակարգում պետք է համակարգային փոփոխություններ տեղի ունենան, պետության սահմանադրությունն է անգամ կեղծիքով ընդունված, պետական համակարգը չի ապահովում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անկախությունը։ Քաղաքացին անընդհատ հանդիպում է պատի, ոչինչ չի կարողանում անել, դրանից էլ ծնվում են բողոքի դրսևորման այս ծանր դեպքերը, քանի որ ոչ մի բան փոխել հնարավոր չէ, և մարդը չի կարողանում իր իրավունքները պաշտպանել։

 

Այնուամենայնիվ, եթե այդ համախմբումը տեղի չունենա, Դուք Սասնա ծռերի կատարած քայլի համար հնարավո՞ր է ափսոսաք։

 

Անկախ նրանից, թե ինչ արդյունք այս ամենը կունենա, թե իմ տղաների, և թե Սասնա ծռերի արածն ապարդյուն և իզուր չէ, քանի որ սա արդեն պատմություն է դարձել, արդեն երգեր են գրվում, սա բարոյական փոփոխություն է առաջացրել, և սա փաստ է։

 

Ձեր տղաների հետ որևէ կապ հաստատե՞լ եք։

 

Հանդիպել հնարավոր չէ, կապը փաստաբանների միջոցով է, նրանց ոգին բարձր է, նրանք գիտակցաբար են գնացել այս քայլին՝ իմանալով, թե ինչ է սպասվում իրենց։ Իրենք ավելի վատթարագույնին էին անգամ պատրաստ, բայց փառք Աստծո, դա տեղի չունեցավ։ Շատ կուզեմ, որ բոլոր տղաներն ազատության մեջ լինեն, և հույս ունեմ, որ դա շուտ տեղի կունենա, քանի որ Հայաստանը այսպես երկար չի կարող ձգել։ Ես սա ոչ թե իմ ցանկությունն է, այլ պարզապես անհնար է, և եթե այս անգամ էլ ճնշվեց, կոտրվեց, էլ ավելի վատ դրսևորումներ կլինեն։ Այս անգամ կգան մարդիկ ու այնպիսի բաներ կանեն, որ շատ վատ հետևանքներ կլինեն, քանի որ արդեն չեն հավատա այսպիսի լուծումների, որ մարդիկ կարող են զենք վերցնել և զենք չկիրառել, այլ ուղղակի իրենց ձայնը հասցնել ժողովրդին։ Իսկ հիմա մարդիկ կսկսեն ավելի ծայրահեղ միջոցների դիմել, ինչը շատ վատ հետևանքներ կունենա։ Եվ ոչ մի բանակ, ոչ մի անվտանգություն չի կարող պաշտպանել ոչ մեկին, քանի որ սա մասսայական բնույթ կկրի։ Եվ եթե իշխանությունը կոնկրետ համակարգային փոփոխություններ չանի, ապա այդպես կլինի։

 

Իշխանություններից կոնկրետ գործողություն է սպասվում՝ ազատություն քաղբանտարկյալներին, ամոթ է, որ մեր երկիրը քաղբանտարկյալներ ունի։ Իսկ մեկ պաշտոնյայի հանել, մյուսին դնել, սա ի՞նչ կփոխի, սա անգամ կոսմետիկ փոփոխություն չէ։ Այն պաշտոնյաները, ովքեր անմիջականորեն պատասխանատու էին այս ամենի համար, նորից պաշտոն են վարում։ Այս իշխանությունը հենված է ոստիկանության վրա, և ոստիկանությունը այս իշխանության պահապանն է, նա գոյություն ունի ոստիկանության հաշվին, ինչպե՞ս կարող է նեղացնել ոստիկանությանը։ Եթե նեղացնի ոստիկանությանը, կկորցնի իր վերջին հենարանը։ Երևանի ոստիկանապետին էլ երևի խնդրել են, ասել են՝ արի քեզ հանենք, ինչ կլինի, որ դժգոհություն չառաջանա ոստիկանության շարքերում, բայց արդեն առաջացել է։ Ոստիկաններից շատերը հասկանում են, որ այդ ատելությունը, որ սերմանվել է իրենց և ժողովրդի միջև, արհեստական է, քանի որ իրենք էլ ժողովրդի մի մասնիկն են։ Ժողովուրդն իրենց հետ խնդիր չունի։ Սարի թաղի կադրերը նայելիս տպավորություն է, որ այլ պետության զորքեր ասպատակում են Հայաստանը, ինչպիսի ատելություն և ինչպիսի գործողություններ կային։ Դրանից հետո ժողովուրդը ինչ ռեակցիա պետք է տա, թե՞ կարծում են՝ միայն Հայլուրի հաղորդագրությունը բավարար է, բայց դա այդպես չէ։ Խորքային շատ հարցեր կան, հրաբուխներ կարող են ժայթքել։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ