«ԱրՕր» մշակութային կենտրոնում անցկացված բաց դասի ընթացքում ցուցադրվեցին սաների` ամռանը ստեղծած աշխատանքները (տեսանյութ և ֆոտոշարք)


«ԱրՕր» մշակութային կենտրոնում անցկացված բաց դասի ընթացքում ցուցադրվեցին սաների` ամռանը ստեղծած աշխատանքները (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 13-09-2016 19:12:36   | Հայաստան  |  Մշակույթ



Այս փոքրիկներն Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գործող «ԱրՕր» մշակութային կենտրոնի սաներն են, ովքեր իրենց դպրոց այցելած հյուրերին մեծ խանդավառությամբ ներկայացնում են ամռան ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքների հիման վրա ստեղծած աշխատանքները:   
 
Աշնանային դպրոցի մեկնարկն ազդարարող բաց դասի շրջանակներում ստեղծագործ փոքրիկները չեն զլանում և այցելուներին ցույց են տալիս, թե ինչպես են բացահայտում քանդակագործության և հատկապես խաչքարի հմտությունները: 
Պարզվում է, կենտրոնում բացի քանդակագործության խմբակից, անվճար գործում են նաև խեցեգործության, մաքրամեի, նկարչության, մարմնամարզության բաժինները, ինչպես նաև խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի անվան Խաչքարվեստի դպրոցը: 
«ԱրՕր» մշակութային կենտրոնի հիմնադիր Գարիկ Հովհաննիսյանի խոսքերով՝ շենքային ոչ բավարար պայմանների պատճառով կենտրոնն առայժմ գործում է միայն ամռանը և աշնանը, իսկ հաջորդ տարի չնայած որոշ դժվարությունների՝ նախատեսվում  է գործող խմբակներին ավելացնել նաև կինոյի և լուսանկարչության, փայտի փորագրության բաժինները:
Նպատակ ունենալով աշխարհին ավելի ճանաչելի դարձնել հայ ժողովրդի՝ արհեստի տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումները՝  Գարիկ Հովհաննիսյանն ակնկալում է միայն շահագրգիռ մարդկանց հետ համագործակցություն, որը հնարավորություն կտա երեխաների աշխատանքները ներկայացնել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ արտերկրում: 
Ի դեպ՝  ԱրՕր-ի սաների ստեղծած աշխատանքների վաճառքից ստացված գումարներն ուղղվելու են կենտրոնի շենքային պայմանների բարելավմանը: 
2015 թվականին ստեղծված մշակութային կենտրոնի մյուս առաքելությունն ըստ հիմնադրի՝  Ուրցաձոր համայնքում զբոսաշրջության խթանումն ու զարգացումն է: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութը և լուսանկարները` «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Մշակույթ