Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը


Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը

  • 21-09-2016 15:42:07   |   |  Մամլո հաղորդագրություն

Հարգարժան պարոն նախագահ,
Տիկնայք և պարոնայք,
 
Նման բարձր մակարդակի հանդիպման անցկացումը ցույց է տալիս գլոբալ օրակարգում, ներառյալ՝ ՄԱԿ-ի շրջանակներում միգրանտների և փախստականների խնդրի աճող նշանակությունը և դրա լուծմանն ուղղված վճռականությունը:
 
Արդեն երեք տասնամյակ է, ինչ Հայաստանի առջև ծառացել են փախստականների ընդունման հետ կապված մարտահրավերները: 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին հայերը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների են ենթարկվել, արտաքսվել են իրենց բնակության վայրերից և ապաստան գտել Հայաստանում: Այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց կորուստների՝ քաղաքացիական բնակչության շրջանում, և տեղահանության հերթական ալիքի:
 
Այս համատեքսում պետք է ընդգծել հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման, հիմնախնդիրների խաղաղ հանգուցալուծման և տևական կարգավորման միջոցով տեղահանությունների հիմնական դրդապատճառներին լուծումներ գտնելու կարևորությունը: Բացի այդ, ցանկանում ենք շեշտել հավասար, արագ և անխափան միջազգային մարդասիրական աջակցության տրամադրման կարևորությունը փախստականներին և տեղահանված անձանց աշխարհի բոլոր տարածաշրջաններում՝ անկախ նրանց ներկա քաղաքական կարգավիճակից:
 
Պարոն նախագահ,
 
Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությունում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով: Բազմաթիվ անգամներ Հայաստանը դատապարտել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես տարածաշրջանի համար, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք գոյատևման պայքար են մղում՝ ահաբեկիչների և օտար վարձկանների կողմից իրականացվող ազգային հողի վրա հանցագործություններին դիմագրավելու համար:
 
Բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել սիրիահայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդունքում: Ավիրվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները ապաստան գտան արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայորդիներ ապաստան են գտել Հայաստանում։ Բնակչության թվի հարաբերակցությամբ այս ցուցանիշով Հայաստանը երրորդն է Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Այսպիսով, Հայաստանն իր սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ տեղահանվածներին:
 
Սիրիայից փախստականների ընդունումը, կեցության ապահովումը և ինտեգրումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Մենք փախստականների ընդունման տարաբնույթ հնարավորություններ ենք ապահովում՝ տրամադրելով ապաստանի հայցման, կեցության թույլտվության և քաղաքացիության շնորհման դյուրացված ընթացակարգեր: Պետությունը աջակցում է նրանց ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հարցում, դյուրացնում է նրանց կեցության հարցերը, տրամադրում է անվճար բժշկական օգնություն և կրթաթոշակներ:
 
Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների առջև ծառացած խնդիրների լուծմանը, այնուամենայնիվ, որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ դա անել՝ փախստականների նման խոշոր հոսքերի պարագայում: Համոզված ենք, որ առավել լայն միջազգային համագործակցություն է անհրաժեշտ՝ ընդունող պետություններին աջակցելու համար: Այս առումով, ողջունում ենք Փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի հռչակագրի ընդունումը և վստահ ենք, որ մեր հավաքական հանձնառությունների առավել արդյունավետ իրագործումը կարող է իրապես շահեկան լինել փախստականների համար:
 
Շնորհակալություն: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play